«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հետ կապված անհանգստության պատճառ չկա, քանի որ բաշխման գործառույթը նրանը կմնա: Այսօր այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա մասնակցում էր «Շուկայի եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ազատականացումը» ծրագրի շնորհանդեսին: Պարոն Բաղրամյանն ասաց, որ իրացման ոլորտում՝ միջին եւ խոշոր սպառողների համար մրցակցային միջավայր է ստեղծվում. «Գործելու է էլեկտրոնային հարթակ՝ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առեւտուրը՝ արտադրությունը, վաճառքը, դեպի մատակարարներ, ինչպես նաեւ արտահանումն ու ներկրումը իրականացնելու համար»։
Նոր մոդելն, ըստ ՀԾԿՀ նախագահի, նախատեսում է մրցակցային բաղադրիչների ներդրում, առեւտրի կանոնների սահմանում ազատական շուկայի պայմաններում, մեծածախ շուկայում առեւտրի սկզբունքների ամրագրում:
Այսինքն՝ ՀԷՑ-ից բացի, այլ ընկերություններ նույնպես կկարողանան ստանալ մատակարարման լիցենզիա եւ էլեկտրոնային հարթակում էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորություն ունենալով` այն կարող են սպառողներին վաճառել ազատ շուկայական գներով։ Իսկ այն բաժանորդները, որոնք չեն կարող մասնակցել այդ հարթակում էլէներգիա ձեռք բերելու հնարավորությանը, էլեկտրաէներգիան կշարունակեն ստանալ ՀԷՑ-ից:
Գարեգին Բաղրամյանը նաեւ ասաց, որ նախնական փուլում իրավիճակի ապակայունացումից խուսափելու համար էժան էլեկտրաէներգիա արտադրող կայանների մուտքը շուկա նախատեսված չէ։
Կարդացեք նաև
Երկու սպառողներ արդեն դուրս են եկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կանոնակարգի շրջանակներից:
«Մի սպառող մատակարար է ընտրել եւ նրանից էլեկտրաէներգիա է գնում՝ չկարգավորվող գնով։ Մեկ այլ որակավորված սպառող ինքնուրույն է մասնակցում էլեկտրաէներգիայի գնմանը հատուկ ստեղծված էլեկտրոնային հարթակում»,-ասաց ՀԾԿՀ նախագահը:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը նախատեսում են 2022 թ. փետրվարի 1-ից։
Նա նաեւ հայտնեց, որ տրամադրել են էլեկտրաէներգիայի մատակարարման 6 եւ մեծածախ առեւտրի 4 լիցենզիա։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ