Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ անդամակցությունը դռներ է բացում Հայաստանի առջև. Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «UN Today» ամսագրին

Ապրիլ 05,2022 17:17

ՄԱԿ ժնևյան կառույցներում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «UN Today»ՄԱԿն այսօր») ամսագրին

-Ձերդ գերազանցություն, կարո՞ղ եք փոքրինչ պատմել Ձեր մասին։ Ինչո՞ւ որոշեցիք դիվանագետ դառնալ։

-Դիվանագետ դառնալու իմ որոշումը սոսկ ընտրություն չէր․ այն նվիրման և ոգեշնչման արգասիք էր։ 1990-ական թվականների կեսերին, երբ արաբերեն էի սովորում Կահիրեի համալսարանում, Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունն ինձ առաջարկեց ուսմանը զուգահեռ փորձնակ աշխատել այնտեղ։ Հենց այդ փորձառության ընթացքում էլ սիրահարվեցի դիվանագիտությանը, որը դարձավ կյանքիս գործն ու առաքելությունը:

Ոմանք դիվանագիտությունը համեմատում են ջազի հետ՝ որպես եղանակների անսպառ նոր տարբերակների ստեղծագործման հնարավորություն։ Դիվանագետները շարունակաբար հանդիպում են նոր մարդկանց, մտքեր փոխանակում միմյանց հետ հարցերի լայն շրջանակի շուրջ և, ամենակարևորը, իրենց ներդրումն ունենում խաղաղության մեջ, քանի որ երբ դիվանագետները խոսում են, զենքերը լռում են։ Ինձ համար մեծ պատիվ է ծառայել հայրենիքիս և ներկայացնել այն արտաքին աշխարհում։ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում աշխատանքի անցնելուց ի վեր պաշտոնավարել եմ Դամասկոսում, Վիեննայում, Վաշինգտոնում և Ժնևում։ Սա հիրավի ուշագրավ փորձառություն է։

Պատմությունն իմ մյուս մեծ հետաքրքրությունն է։ Սերում եմ պատմաբանների ընտանիքից։ Կարծում եմ, որ պատմության իմացությունը դիվանագիտական աշխատանքում հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմաններից է: Պատմությունն օգնում է մեզ հասկանալ ներկա իրողությունները և նպաստում է որոշումների կայացմանը: Այն, իհարկե, միակ չափանիշը չէ, այնուամենայնիվ, այս գործընթացի շատ կարևոր բաղադրիչ է։ Ինչպես ասում են. «ամեն մի նոր լուր հին լուր է, որ տեղի է ունենում նոր մարդկանց հետ»:

-Դուք Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցիչն եք 2019 թվականից։ Ինչպե՞ս կգնահատեք Ձեր առաքելությունը Ժնևում։

-Ժնևում աշխատանքս կբաժանեի պայմանական երեք շրջանի՝ մինչև COVID-19 համավարակը, համավարակի ընթացքում և ներկա իրավիճակը, որը ցավոք, դեռևս ամբողջապես հետհամավարակային չէ։ Դիվանագիտությունը նախևառաջ մարդկային և անձնական շփումների վրա է կառուցվում: Դա հենց այն է, ինչ ամենաշատն էի կարոտում 2020թ․-ի մարտի սահմանափակումներից ի վեր։ Շատ ուրախ եմ, որ դրանք աստիճանաբար վերականգնվում են։ Սահմանափակումների ժամանակ, թեև ստիպված էինք աշխատել հեռավար, սակայն երբեք գործունեությունը չենք դադարեցրել։

Ժնևի միջազգային կառույցներում Հայաստանը ներկայացնելը մեծ պատիվ և մասնագիտական բացառիկ հնարավորություն է։ Ժնևը բազմակողմ դիվանագիտության ու փոխկապակցվածության կարևորագույն կենտրոններից մեկն է՝ աշխույժ միջազգային հանրությամբ և ավելի քան 40 միջազգային կազմակերպություններով, որոնք զբաղվում են հարցերի ամենալայն շրջանակով։ Նախահամավարակային միջավայրում Ժնևը տարեկան ավելի քան 3000 համաժողովներ էր հյուրընկալում։ Այստեղ երբե՛ք չես ձանձրանա։

-Որո՞նք են Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում Հայաստանի առաջնահերթությունները։

-ՄԱԿ-ի երեք հիմնասյուները՝ զարգացումը, մարդու իրավունքները և անվտանգությունը, հավասարապես կարևոր են մեզ համար։ Այնուամենայնիվ, վերջին երկու տարիների ընթացքում՝ Հայաստանի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ դառնալուց ի վեր, Ժնևում առավելապես կենտրոնացել ենք մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման խնդիրների վրա։ Այս տարի ընտրվել եմ ՄԻԽ բյուրոյի անդամ։ Միաժամանակ, նաև ՄԻԽ փոխնախագահներից մեկն եմ, ինչը մեծ պատիվ է։

ՄԻԽ շրջանակներում մեր երկրի մի շարք նախաձեռնություններից կցանկանայի առանձնացնել Ցեղասպանության կանխարգելման մասին Հայաստանի հեղինակած և նախաձեռնած բանաձևը, որը ներկայացվում է Խորհրդի ընդունմանը երկամյա պարբերականությամբ։ Ինչպես ցեղասպանությունների զոհերի հիշատակման օրվա կապակցությամբ նշել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պատմությունը կրկնվելու միտում ունի։ Նա բոլորին կոչ է արել զգոն լինել և ճիշտ ժամանակին ճանաչել ցեղասպանության դրսևորումների վաղ նախազգուշացման ազդակները։

Ժնևում տեղակայված միջազգային կազմակերպություններում մեր առաջնահերթությունների շարքը երկար է և դրանց բոլորի թվարկությունը շատ ժամանակ կխլի։ Այնուամենայնիվ, կցանկանայի առանձնացնել Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) հետ՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զարգացման ոլորտում, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) հետ՝ նորարարության օրակարգում, և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) հետ՝ մտավոր սեփականության ազգային ռազմավարության մշակման գործընթացներում:

Առաջնահերթությունների մեկ այլ խումբ կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Այս առումով սերտորեն համագործակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հետ՝ հայ ռազմագերիների խնդիրներով, Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի (UNHCR) գրասենյակի հետ՝ տեղահանված հայերին իրենց պապենական օջախներ վերադարձնելու հարցերով և Մարդու իրավունքների ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի (OHCHR) հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանության, մշակութային և կրոնական ժառանգության պահպանության հարցերով։

-Հայաստանն այս տարի նշում է ՄԱԿ անդամակցության 30-ամյակը։ Ինչպե՞ս կգնահատեք անցած 30 տարիները՝ որպես ՄԱԿ անդամ։

-Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ դառնալը, ազգային պետությունների ընտանիքում տեղ զբաղեցնելը, եզակի զգացողություններ են ցանկացած պետության համար։ Սա առավել ևս կարևոր է մի երկրի համար, որը կորցրել էր իր անկախությունը 600 տարի առաջ, որից հետո, բացառությամբ 20-րդ դարի սկզբի անկախության կարճ ժամանակահատվածի (1918-1920), անդադար պայքարել էր ինքնիշխան պետականություն կերտելու համար:

Միավորված ազգերի կազմակերպության անդամակցումը ենթադրում է պետությունների ինքնիշխան իրավահավասարության ճանաչում։ Հանուն այս նպատակի Հայաստանը շատ երկար ճանապարհ է անցել։ Այն նաև հարթակ է, որտեղ պետությունները կարող են համագործակցել խնդիրների ընդարձակ շրջանակի շուրջ՝ հիմնվելով ինքնիշխան իրավահավասարության վրա: Դարձյալ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին, մենք չունենք բավականին միջազգային հարթակներ, որտեղ կարող ենք արտահայտվել, լսելի դարձնել մեր ձայնը, բարձրացնել իրազեկվածությունը և միջազգային աջակցություն հայցել: Ուստի ՄԱԿ անդամակցությունը դռներ է բացում Հայաստանի առջև, ներառյալ՝ կարողությունների զարգացման ու տեխնիկական աջակցության ասպարեզներում, որն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողի գրասենյակի հետ համատեղ։

Մյուս կողմից, Հայաստանը ևս ձգտում է իր ներդրումն ունենալ՝ ակտիվորեն ներգրավված լինելով ՄԱԿ տարբեր մարմինների և կոմիտեների աշխատանքներում, նախագահելով և աշխատելով տարբեր բյուրոներում և խորհուրդներում, մասնակցելով խաղաղապահ առաքելություններին։

-Հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում է ներկայացված։ Մշակութային ո՞ր գործոնն է ձեզ առավել շատ կապում աշխարհում։

-Հայ ժողովուրդը իսկապես եզակի է․ 3 միլիոն հայեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, իսկ 7 միլիոնը՝ սփռված են աշխարհով մեկ։ Գոյություն ունեն տարբեր հայկական համայնքներ․ ավանդական-պատմական համայնքները ստեղծվել են դարեր առաջ, ինչպես, օրինակ, Երուսաղեմի հայ գաղթօջախը։ Համայնքների մեկ այլ մասը ձևավորվել է Հայոց ցեղասպանության արդյունքում։ Կան նաև այսպես կոչված նոր համայնքները, որոնք ձևավորվել են Խորհրդային Միության կազմալուծման հետևանքով։ Չնայած այս հանգամանքին՝ մենք բոլորս կիսում ենք նույն արժեքները, ավանդույթները, սերն առ հայրենիք և հայոց այբուբենը։ Վերջերս հայ տառարվեստը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Հայկական դպրոցներ կան ամենուր՝ Լոս Անջելեսից Բեյրութ, Բուենոս Այրեսից Նովոսիբիրսկ, որտեղ հայ երեխաները սովորում են հայոց այբուբենը, ինչը նպաստում է մեր պատմամշակութային հիշողության շարունակականությանն ու ինքնության պահպանմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930