Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ միջազգային իրավունքի՝ մենք ճիշտ ենք, բայց ի՞նչ արձագանք կա, ո՞վ է ճնշում Ալիեւին»․ փորձագետ

Ապրիլ 05,2022 16:09

«Ի՞նչ այլընտրանք ունեն կողմերը․ եթե գալիս են բանակցելու, ուրեմն գտնում են, որ բանակցային սեղանին հնարավոր է ստանալ ակնկալածը։ Նաեւ հասկանում են՝ եթե չի հաջողվում պայմանավորվել, ի՞նչ անել, որ շահերդ ստանաս։ Ակնհայտ է, որ կողմերը տարբեր կերպ են մոտենում հարցերին»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Բոստոնում գործող «CM&Partners» ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահի հովանավորությամբ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ  հանդիպումը։

«Ըստ Ադրբեջանի՝ եթե չեն պայմանավորվում, ուրեմն ելքն ուժային է, այսինքն, եթե չենք ընդունում իրենց պահանջածը, կլինի ուժի կիրառում։ Հայկական կողմն էլ ԵԽ-ի հետ բանակցություններում ընտրել է միջազգային իրավունքը, միջազգային հանրությանը եւ ցանկանում է իրավունքի տեսանկյունից խոսել։ Դա է փաստում Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը Արցախի հարցն իրավունքի խնդիր է, ոչ թե տարածքային։ Թվում է, թե իրավունքի տեսակետից ճիշտ ենք խնդրին մոտենում, բայց կա նաեւ թյուրիմացություն։ Աշխարհում համակարգը փոխվել է․ ըստ միջազգային իրավունքի՝ մենք ճիշտ ենք, բայց ի՞նչ արձագանք կա, ո՞վ է ճնշում Ալիեւին։ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ընտրել այդ մոտեցումը․Մինսկի խումբն այլեւս չի գործում եւ չի էլ կարող գործել, քանի դեռ ռուս-ուկրաինական եւ Արեւմուտք-ՌԴ հակամարտությունը չի ավարտվել։ Այս անորոշ վիճակում Փաշինյանը փորձում է տեղ թողնել այն սցենարի համար, որ գուցե ՌԴ-ն չլինի հաղթող»,-կարծիք հայտնեց Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ նշյալ մոտեցումը խնդրահարույց է, որովհետեւ Եվրամիությունն իրավունքի դիսկուրսը պետք է լավ գիտակցի․ «Չմոռանանք, որ ամենակարեւորը շահերն են։ Երբ հայկական կողմը պնդում է խաղաղ զարգացման դարաշրջանը, հակառակ կողմը հասկանում է, որ որքան ձգի՝ այնքան մենք կթուլանանք, կկախվենք իր քմահաճույքից, եւ միշտ էլ կարելի է ուժով սպառնալ ու քաղել առավելագույնը։ Եթե թույլ կողմ ես, պետք է զիջումների գնաս, որ համաձայնության գաս։ Շատ անգամ զիջումները բերում են նրան, որ մյուս կողմն ավելի է սկսում ճնշել ու պահանջել։ Հուսալ, թե ԵՄ-ն ինչ-որ կերպ կարող է երաշխավորել ինչ-որ բան, իրական չէ։ Կարող են զսպել որոշ չափով, բայց հույսը մեր վրա պետք է դնենք, այլապես համաձայնելու ենք Ադրբեջանի պահանջածին։ Վերջինիս պահանջածը չի ավարտվում Արցախով․ առաջին փուլն է միայն Արցախը։ Իրենց նպատակները հայտնի են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930