Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի հետ աղ ու հաց ենք կտրել… ջահելություն է, կարող են սխալվել. Սյունիքի նախկին մարզպետ

Ապրիլ 05,2022 15:55

Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահ է, որ որդու խափանման միջոց կալանքի փոփոխությունը որեւէ կերպ չի խոչընդոտի նախաքննությանը:

«Ինչու պետք է տղաս խոչընդոտի քննությանը, ոչ մի անգամ էլ չի խանգարել ու չի կարող խանգարել»,- Aravot.am-ին ասաց նախկին մարզպետը՝ չմտաբերելով, որ որդին երկար ժամանակ կատարածի համար հետախուզման մեջ էր եւ դեպքից ամիսներ անց է հայտնաբերվել:

Մելիքսեթ Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչքան է կազմել գրավի չափը, որի դիմաց խափանման միջոց է փոխվել, ի պատասխան ասաց, որ գրավի դիմաց չի ազատվել. «Գրավ չեն դրել, երկու ամիս նստել է, իրեն ազատել են»:

Մեր հարցին, թե իր կապե՞րն է օգտագործել որդուն ազատ արձակելու հարցում, պատասխանեց. «Միգուցե ես այդ պաշտոնին չլինեի, ոչ մի բան չլիներ, կարծում եմ՝ դա է խանգարել, որ որդուս վրա էդ հոդվածն են դրել»:

Սյունիքի նախկին մարզպետի որդին՝ Կարեն Պողոսյանը

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանի որդին մեղադրվում է սպանության փորձի համար: ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով։

Նախկին մարզպետի որդու արձակած կրակոցներից տուժել է ընկերը, Սյունիքի մեկ այլ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին: Մամուլի տեղեկություններով՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին կրակոցներ է արձակել Սուրիկ Խաչատրյանի որդու ապտակը ստանալուց հետո, կրկին ըստ մամուլի՝ նրանք հին հաշիվներ են ունեցել:

«Ես գիտեմ որ բողոքող չկա, ոչ մի խնդիր չկա, էդ հոդվածն իր հոդվածը չէ, որ իր վրա դրել են»,- նկատեց Մելիքսեթ Պողոսյանը:
Մեր հարցին՝ առաջադրված մեղադրանքը չի՞ ընդունում ձեր որդին, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Չէ, դե ինքը ոնց է ընդունում, նման բան չի եղել, ոնց կարող է ընդունել… ասում է՝ մութ է եղել, ես կարա՞մ իմանամ՝ ով է կրակել, ինչ է արել»:

Մեր այլ հարցին՝ այսինքն` չի ՞ կրակել ձեր որդին, իր մոտ եղած զենքն օրինակա՞ն է եղել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թող քննությունը պարզի, իրավական դաշտը որոշի»:

Մեր մյուս հարցին՝ բողոք չկա ասելով նկատի ունեք, որ հաշտվել եք տուժած կողմի հետ, նախկին մարզպետը պատասխանեց. «Երկկողմանի խնդիր չունենք, ճիշտն ասած, Խաչատրյան Սուրիկի հետ էլ, իրենց ընտանիքի հետ էլ խնդիր չկա, նման բաներ չեն եղել: Սուրիկ Խաչատրյանի հետ աղ ու հաց ենք կտրել, ոնց կարող ենք, ջահելություն է, կարող են սխալվել։ Ախր իրար հետ լավ են եղել։ Այս պահին, ինչքան գիտեմ՝ խռովություն չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930