Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության գործի կեսը ես ինքս անում եմ»․ Էդգար Ղազարյանը 4 դիմում է ներկայացրել՝ ՖԲ–ում իր հասցեին վիրավորանքների կապակցությամբ

Ապրիլ 05,2022 15:24

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը ՀՀ ոստիկանապետին հասցեագրված հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Սարո Ասատրյանի կողմից գրառվել են իր անձի հանդեպ անձնական բնույթի հայհոյանքներ եւ ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ:

Ա. Ասատրյանը հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ բաց թողնվել: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Aravot.am-ը Էդգար Ղազարյանին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: «Ես մի քանի հաղորդագրություններ եմ տվել ոստիկանություն: Երբ մարդիկ իմ հասցեին ֆեյսբուքով, մեսինջերով կամ քոմենթներում վիրավորանք պարունակող արտահայտություններ են անում, ես ինքս պարբերաբար դիմում եմ ոստիկանություն, որովհետեւ եթե ոստիկանությունը իմ դեմ քրեական գործ է հարուցում խոսքի համար, ուզում եմ տեսնել ուրիշների պարագայում, երբ ինձ են վիրավորում, քրեական գործ կհարուցե՞ն, թե՞ ոչ:

Եթե չեմ սխալվում այդպիսի չորս տարբեր դիմումներ ունեմ ոստիկանությունում: Ընդ որում, ոստիկանության գործի կեսը ես ինքս անում եմ: Այսինքն, մինչեւ դիմելը համոզվում եմ, որ այդ մարդը ֆեյք չի: Նրա ֆեյսբուքի պրոֆիլն եմ նայում: Եվ եթե ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը գրած է լինում՝ մտնում եմ ընտրողների ռեգիստր, նայում՝ որտե՞ղ է հաշվառված: Եվ երբ համոզվում եմ, որ այդպիսի մարդ իրականում կա, այսինքն, ֆեյք չի եւ իմ համար միանգամայն որոշակի է դառնում, միայն այդ ժամանակ եմ դիմում ոստիկանություն, ասում, որ ես այդ մարդուն արդեն գտել եմ. տեղն էլ, հասցեն էլ գիտեմ եւ հիմա տեսնենք՝ քրեական պատասխանատվություն հասնո՞ւմ է, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է այդ Սարո Ասատրյանին, ստուգել, պարզել եմ, որ նա բնակվում է Վարդենիս համայնքում: Ոստիկանությանը դիմել, տեղեկացրել եմ, որ այնտեղ է հաշվառված եւ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել»,- ասաց նա:

Մեր հարցին, թե ոստիկանություն ներկայացրած չորս հաղորդագրություններից որեւէ մեկով արդյունքի հասե՞լ է, Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Մեկի մասով ոստիկանության Շենգավիթ բաժնից վերջերս գրություն եմ ստացել, որ քրեական գործ արդեն հարուցվել է եւ ուղարկվել քննչական կոմիտե: Իսկ թե ինչ հանգուցալուծում կլինի՝ չգիտեմ»:

Էդգար Ղազարյանը նշեց, որ նման գործերով անգամ եթե անգամ որեւէ մեկին քրեական պատասխանատվության են ենթարկելու, դրա համար տուգանք է նախատեսվում եւ չի նշանակում, որ այդ մարդը այդ պահին պետք է ձերբակալվի: Սակայն նաեւ հիշեցրեց ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող խտրական մոտեցումները: Օրինակ, Նարեկ Սամսոնյանի պարագայում շոու կազմակերպեցին, պառկեցրին գետնին, տարան ոստիկանության բաժին ու մի քանի ժամ պահեցին: Նաեւ արձանագրեց, որ այդ կարգի ուսումնասիրությունների համար օրենքով շատ որոշակի ժամկետներ են սահմանված, որոնք խախտվում են:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930