Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ մի տեղեկանք էլ բերեմ, թե առանձին-առանձին յուրաքանչյուրիդ ինչքան շատ եմ սիրում, դարձյալ չեք ընդունելու». Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին

Ապրիլ 05,2022 14:59

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Աղվան Վարդանյանը, որը հիմնական զեկուցողն էր, ասաց, որ առաջարկում են 2023-ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68 հազարի փոխարեն սահմանել 80 հազար դրամ: Հիշեցնենք, որ 2019-ին է բարձրացել նվազագույն աշխատավարձը՝ 55 հազարից դառնալով 68 հազար: Աղվան Վարդանյանը կարդաց այն ժամանակ ներկայացրած կառավարության եզրակացությունը, թե ինչու է պետք բարձրացնել նվազագույն աշխատավարձը:

Ուշագրավ է, որ երկու ամիս առաջ նույն հանձնաժողովում քննարկվում էր Աղվան Վարդանյանի նույնաբովանդակ նախագիծը՝ նույն հիմնավորումներով: Այն ժամանակ էլ Աղվան Վարդանյանը ՔՊ-ին հիշեցրեց, թե կառավարությունը 2019-ին ինչպես էր ներկայացնում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտությունը. «Ակնկալվում է, որ նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարեւորագույն խնդիր: Նվազագույն աշխատավարձի աճով կբարձրանա նաեւ միջին աշխատավարձը: Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կբերի պահանջարկի աճին, ինչն էլ իր հերթին կնպաստի առաջարկի աճին: Կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր եւ պետական հատվածների տարբերությունը: Ավելին վճարելու պատրաստակամության պարագայում գործատուն հնարավորություն կունենա աշխատանքի ընդունել ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետին: Կլինի մրցակցություն, կաճեն աշխատավարձերը…Կարծում ենք, որ նվազագույն աշխատավարձը աստիճանաբար պետք է բարձրանա՝ մինչեւ ամսական 150 հազար դրամ՝ մի քանի տարվա ընթացքում: Սա կխթանի աշխատելու շարժառիթը եւ պատրաստակամությունը: Ստվերից դուրս կբերվի ավելի քան 30 հազար մարդու իրական աշխատավարձ»:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ կառավարությունը շատ հիմնավոր է ներկայացնում նվազագույն աշխատավարձը բարձրացնելու կարեւորությունը, առկա ռիսկերն էլ հակակշռում, իսկ հիմա հատկապես, երբ ունենք գնաճի բարձր ցուցանիշներ, հիմնական ապրանքների գծով գները բարձրացել են, ջուրը, գազը թանկացել են, պարտավոր են մտածել տասնյակ հազարավոր քաղաքացիների մասին, որոնց գնողունակությունը անկում է ապրել: Նա առաջարկեց ՔՊ-ին առաջնորդվել իրենց կառավարության հիմնավորումներով ու անել «լավ բան»:

Հերիքնազ Տիգրանյան

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ այս նախագծով բազային աշխատավարձի փոփոխություն չի ենթադրվում, ինչը նշանակում է, որ այն պետական աշխատողների վրա չի անդրադառնալու, միայն մասնավոր հատվածի վրա է ազդելու: Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ բնականաբար, սա ենթադրում է նաեւ հանրային ծառայության ոլորտում աշխատավարձերի փոփոխություն, որովհետեւ այսօր ունենք աշխատող աղքատների բարձր մակարդակ, բայց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը միշտ առանձին է քննարկվել եւ առաջադրվել:

Կառավարությունը ընդդիմության նախագծին բացասական եզրակացություն է տվել՝ պատճառաբանելով, թե չկան տնտեսական հիմնավորումներ, ռիսկ կա, որ դա կբերի գնաճի եւ քննարկում չի եղել գործատուների հետ:

Աղվան Վարդանյանը դժգոհեց՝ այդ ո՞ր օրենքների նախագծեր բերելիս են գործատուների կարծիքներով եկել. «Նախորդ անգամ, երբ կառավարությունը բարձրացնում էր աշխատավարձը, գործատուների կարծիքը կա՞ր, մի՛ արեք արհեստական բաներ»:

Նա հարցրեց՝ 3 տարվա մեջ լրիվ իրար հակասող եզրակացություններ է տվել կառավարությունը, 2026 թվին էլ կարո՞ղ է բոլորովին այլ բան ասի: Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ իրենք փորձում են քննարկել բոլոր խնդիրները, որոնք կարող են բացասական ազդել տնտեսվարողների վրա:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ նախագիծն ընդունելիս պետք է առաջնորդվեն ոչ թե բարի ցանկություններով, այլ՝ հնարավորություններով:

Եզրափակիչ ելույթում Աղվան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ եթե հիմա նախագիծը տանի ու բերի ՔՊ-ի համար գործատուների կարծիքը, տնտեսական հաշվարկներով գա, այսինքն, այն բոլոր «թերությունները», որոնք մատնանշել են, շտկի, ավելին, եթե նույնիսկ մի տեղեկանք էլ բերի, թե առանձին-առանձին յուրաքանչյուրին ինչքան շատ է սիրում, դարձյալ չեն ընդունելու. «Ես անգիր գիտեմ, քվեարկության արդյունքները 99 տոկոսով պարզ են, բայց սա հարյուր հազարավոր քաղաքացիների մասին մտածելու եւ քայլ անելու մոտեցում չի»: Կանխատեսելով հանձնաժողովում «դեմ» քվեարկելը՝ Աղվան Վարդանյանը հանձնաժողովականներին հրավիրեց ժամը 18-ին ցույցի:

Նախագիծը բացասական եզրակացություն ստացավ՝ դրական մթնոլորտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930