ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Հայելի» ակումբ մամուլի ասուլիսի էր եկել հայց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկով: Դա երկու պատճառ ուներ, ինչպես ինքը բացատրեց. նախ՝ իրավիճակն այսօր այնքան օրհասական է, որ կարող է հավասարազոր լինել այդ խորհրդանիշը բնութագրող իրադարձության հետ, քանի որ իրավիճակն այնպիսինն է, որ Արցախի հայերն արդեն կանգնած են ցեղասպանվելու շեմին, իսկ գործընթացներն այնքան փոխկապակցված են, որ վաղը նաեւ Հայաստանի հայերն են այդ վտանգի առջեւ կանգնելու:
Այսօր երեկոյան, 18.30-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքն, ըստ բանախոսի, երկու նպատակ ունի՝ ուղերձ հղել միջազգային հանրությանը եւ ամրացնել ներքին դիմադրողականությունը: Միջազգային հանրությանն ուղղվելիք ուղերձը հետեւյալն է՝ հայ ժողովուրդը «տնվորի» կարգավիճակում չի ապրում իր հայրենիքում, հայ ժողովուրդը իր հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի տերն է եւ թույլ չի տալու Նիկոլ Փաշինյանին եւ այլոց՝ սակարկման առարկա դարձնել հայրենիքը: Մեկ հանրահավաքով առկա մարտահրավերները կասեցնել կամ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, ըստ բանախոսի, հնարավոր չի լինելու, բայց հուժկու հանրահավաքը կարող է սկիզբ դնել Հայաստանում քաղաքական առումով, գարնան մեկնարկին եւ եթե մարդիկ հետեւեն չինական ասացվածքին՝ անվերջ դժգոհելու փոխարեն մեկ մոմ վառեն, այսինքն, շարունակաբար մասնակցեն նաեւ առաջիկա օրերին ենթադրվող ցույցերին եւ բողոքի երթերին, ապա, Արմեն Աշոտյանը վստահ է, դրական արդյունքներ հնարավոր կլինի գրանցել: Այդ առումով, այսօրվա հանրահավաքը նա համարում է «գործընթացների դրդիչ»: Նա այսօրվա հանրահավաքը համեմատեց նաեւ Ծաղկազարդ տաղավար տոնի հետ՝ հորդորելով մարդկանց՝ մասնակցել հանրահավաքին եւ հանրահավաքից մեկ լույս, մեկ մոմ տանել տուն՝ լուսավորել տունն ու շրջապատը:
Իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն Արմեն Աշոտյանը շարունակում է համարել Նիկոլ Փաշինյանին եւ յուր թիմին՝ պնդելով, որ նրանց առաջարկած խաղաղությունն իրականում աղախինություն է հայ ժողովրդի համար: Նա պնդեց, որ ընդդիմության օրակարգում է եղել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, որից ընդդիմադիր որեւէ ուժ չի շեղվել: Իսկ Արցախի կորուստը հնարավոր է կանխել միայն ազգային օրակարգ ձեւավորելով եւ դա իբրեւ համազգային պահանջ ձեւակերպելով. «Մենք պետք է այս իշխանությանը գահաթափենք, որպեսզի չհայաթափվենք»:
Համազգային օրակարգի ձեւավորումը Արմեն Աշոտյանը դեռ հնարավոր է համարում եւ օրհասական: «Հիմա Նիկոլին քննադատելու ժամանակ է, ոչ թե ընդդիմության ինքնախարազանման»,- կարծում է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը ոչ թե հայի բախտի արդյունքի է, ինչպես իշխանությունն է ներկայացնում, այլ հայի խելքի եւ համախմբելու ու իրավիճակը շտկելու հնարավորություններ դեռ կան:
Կարդացեք նաև
Անդրադառնալով էլ վաղը՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանավորությամբ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը եւ դրա արդյունքում ստորագրվելիք հնարավոր փաստաթղթին էլ, Արմեն Աշոտյանն ասաց. «Վտանգավոր է ոչ միայն այն, ինչ-որ ինքը պատրաստ է ստորագրել: Վտանգավոր է նաեւ այն, ինչը որ ինքը բանակցում է եւ խոստում է տալիս»: Փակագծերը բացելու առաջարկին բանախոսը հակադարձեց, որ ամեն ինչ ակնհայտ բացված է՝ նկատելով, որ երբ ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը չի խոսում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ակնհայտ է, որ ոչ ԵԱՀԿ ՄԽ-ի, ոչ էլ Ալիեւի հետ ձեւաչափերով այդ օրակարգը նա վաղուց առաջ չի տանում: Այս համատեքստում, անդրադառնալով ՌԴ-Արեւմուտք հակասությունների խորացմանը եւ ԵԱՀԿ ՄԽ-ում այդ հակասությունների հնարավոր արտահայտությանը, ինչը էլ ավելի կբարդացնի Արցախի հարցի կարգավորման գործընթացը, Արմեն Աշոտյանը նկատեց, որ մեկ դրական ազդակ կա՝ եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից տարբեր ճակատներով իրար հետ կռվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հնարավոր է «լեզու գտնել»: Իբրեւ իր ասածի հաստատում նա բերում է այն, որ Քարագլխի լեռնաշղթայում Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին գործողությունները ՄԽ անդամ երեք համանախագահների կողմից էլ քննադատվեցին, ինչն ուղիղ վկայությունն է նրա, որ անկախ այն բանից, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի շահերը Ուկրաինայում բախվում են, Հարավային Կովկասում դրանք դեռ հատման կետեր ունեն: Հաջորդ հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրար բզկտում են աշխարհում, բայց Իրանի միջուկային գործարքի շուրջ կարողանում են գալ որոշակի հայտարարի:
Արմեն Աշոտյանը հստակեցնում է՝ ընդդիմությունը պատերազմ չի ուզում, այլ պայքար է ուզում՝ հանուն խաղաղության:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ