Ի՞նչ հիմնական մարտահրավերներ է տեսնում Եվրոպայի համար` պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, եւ որն է այս հարցում Լեհաստանի դիրքորոշումը: Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում պատասխանելով այդ հարցերին` Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը նշեց, որ որեւէ հատուկ բան չի ասելու, քանի որ եվրոպական գրեթե բոլոր երկրների կարծիքները այս հարցում նույնական են կամ բավականին մոտ:
Ի թիվս այլնի՝ նա ասաց, որ ԵՄ-ն խստորեն դատապարտում է Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները եւ ագրեսիան Ուկրաինայի դեմ, Լեհաստանը որպես ԵՄ անդամ երկիր` դատապարտում է Բելառուսի ներգրավումը Ուկրաինայի դեմ ագրեսիայում, կոչ անում հավատարիմ մնալ ստանձնած միջազգային պարտավորություններին, իսկ նախագահ Պուտինին կոչ է անում հետ քաշել զինված ուժերը եւ ռազմատեխնիկան Ուկրաինայի ինքնիշխան տարածքից:
Պավել Չեպլակը նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմը քաղաքական, մարդասիրական, տնտեսական եւ մի շարք այլ հետեւանքներ կունենա, ապա հավելեց, որ շուրջ 2,4 միլիոն փախստական Ուկրաինայից հատել է Լեհաստանի հետ սահմանը: Նրա խոսքով, մեծ թիվ են կազմում ազգությամբ ուկրաինացի փախստականները, երկրորդ տեղում լեհերն են: «Հետաքրքրական է նաեւ, որ երրորդ էթնիկ խումբը ուզբեկներն են` մոտ 7800 անձ: Ուզբեկստանի կառավարությունը Լեհաստանի հետ համատեղ ստեղծել է օդային կամուրջ, որպեսզի Ուզբեկստանի քաղաքացիներին տարհանի Լեհաստանի տարածքից: Էթնիկ խմբերից 7-րդ տեղում ադրբեջանցիներն են` մոտ 4000 անձ, իսկ հայերը 11-րդ տեղում են, շուրջ` 3000 անձ»,-ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:
«Ծանր է գնահատել հետեւանքները, որոնք կառաջանան Ուկրաինայում պատերազմից հետո, սակայն մի բան հստակ է` Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ապրանքաշրջանառությունը կնվազի, տնտեսական հարաբերությունները կպասիվանան: Նաեւ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Լեհական ավիաուղիները վերականգնել է Հայաստան-Լեհաստան, Լեհաստան-Հայաստան չվերթները»,-շեշտեց Պավել Չեպլակը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ