«Յուրաքանչյուր մամուլի ասուլիսից հետո իմ նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվում՝ վիրավորանք հասցնելու մեղադրանքով։ Նշեմ, որ երբևէ որևէ մեկին չեմ վիրավորել, պարզապես Հայաստանում իրավիճակն այնպիսինն է, որ սանրված բառերով խոսելու և կեղծ ինտելիգենտ խաղալու ժամանակ չկա, ես էլ պուպուշ երևալու ցանկություն չունեմ։ 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, մինչ այժմ ռազմագերու կարգավիճակում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ բարոյական պարտք ունեմ»,- այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը հայտնեց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր կայանալիք հանրահավաքին։ Նրա խոսքով, Սերժ Սարգսյանը կմասնակցի ոչ միայն որպես հանրահավաքի կազմակերպիչ ուժի ղեկավար, Արցախի հարցում մեծ ներդրում ունեցած մարդ, այլ որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, որը չի կարող նստել տանը, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական պետությունների հետ։ Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը ելույթ չի ունենա։
«Պատկերացրեք, թե ինչ օրհասական է պահը, որ ՀՀ երրորդ նախագահը ոչ միայն կազմակերպում է, այլև անձամբ մասնակցում է հանրահավաքին։ Նման օրհասական պահ երևի եղել է երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ»,– ասաց Արմեն Աշոտյանը։
«Ես գիտեմ, որ հասարակության մի մասի մոտ կա ընդդիմության նկատմամբ թերահավատ վերաբերմունք, բայց այսօր տներում նստելով ոչինչ չենք փոխի։ Մենք պետք է լուծենք Նիկոլին իշխանությունից հեռացնելու խնդիրը և այսօրվա հանրահավաքը այդ խնդրի լուծման շարժիչ ուժն է»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Կարդացեք նաև
Բանախոսը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանի բանաձևը խաղաղության հասնելն է՝ շարունակաբար պարտվելու միջոցով, մինչդեռ խաղաղության հասնելու համար պետք է պատրաստվել պատերազմի։
Արմեն Աշոտյանը կոչ արեց․ «Անկախ նրանից՝ հավանում եք ընդդիմությանը թե ոչ, եթե հավանում եք Հայաստանը և Արցախը՝ եկեք հանրահավաքի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ