«Գիտուժ». Առանց պետական նպատակների հստակեցման և հավակնոտ ԳՀևՓՄ (R&D) ռազմավարական ծրագրերի անհնար կլինի Հայաստանի անվտանգության ապահովումը ու թռիչքաձեւ զարգացումը. ի՞նչ պետք է անել
Հայաստանում 2021թ. գիտական հետազոտությունների հանդեպ ուշադրության դրական փոփոխություններն իրենց ողջ աննախադեպությամբ հանդերձ անիմաստ կդառնան, եթե չհստակեցնենք մեր երկրի նպատակները, չսահմանենք դրանցից բխող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀևՓՄ) իրատեսական ու հավակնոտ ռազմավարական ծրագրերը՝ հիմնված խնդիրներին համակարգային և ամբողջական լուծումներ տալու և միջազգայնորեն մրցունակ մակարդակի հատկացումների հանձնառություն վերցնելու վրա։
Մեկ տարի առաջ՝ փետրվարի 14-ին, մեկնարկվեց «Գիտուժ» նախաձեռնությունը՝ որի նպատակն էր առաջնահերթություն դարձնել Հայաստանի թռիչքային զարգացմանը նպաստող և անվտանգությանը ծառայող հզոր գիտական ներուժի զարգացումն ու արդիականացումը։ Պահանջի շուրջ համախմբվեցին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հարյուրավոր գործարարներ, խոշորագույն ասոցիացիաներ և հիմնադրամներ։
Վերջին տարվա ընթացքում բոլորս ականատես եղանք գիտության նկատմամբ ուշադրության շեշտակի բարձրացմանը, արձանագրեցինք գիտական էկոհամակարգի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր փոփոխություններ։ Մասնավորապես, դրական զարգացումներից են. 2021-2022թթ. ԿԳՄՍ նախարարության Գիտության Կոմիտեի (ԿԳՄՍՆ ԳԿ) կողմից մի քանի նոր և կարևոր գիտական ծրագրերի մեկնարկը [1], գիտնականների որակավորման իրականացումը [1] ու բազային աշխատավարձերի բարձրացումը [2], ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների համակարգի պահպանման հարցում դիրքորոշման դրական փոփոխությունը [3]։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ, այս դրական փոփոխություններին զուգահեռ շարունակում են ընթանալ պետական կարիքներից բխող ԳՀևՓՄ-ի իրականացմանը և գիտական էկոհամակարգի զարգացմանը խոչընդոտող խիստ բացասական գործընթացներ։ Մասնավորապես,
1.2021թ. «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի բյուջեն լիարժեքորեն չի կատարվել։ Ծրագրի համար նախատեսված բյուջեի մեծ մասը ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխվել է այլ ծախսերի համար [4,5]։ Ավելին, այդ ծրագրի իրագործման համար պատասխանատու ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԱԿ) վերջին երկու տարվա գրեթե ողջ ընթացքում չի ունեցել ու այսօր էլ չունի նախագահ։
2.ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. հուլիսի 12-ին ընդունվեց 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը [6], որը ենթադրում էր 2022թ. ԿԳՄՍՆ ԳԿ բյուջեի նվազեցում։ Այս որոշման գոյության պատճառով մոտ հինգ ամիս (մինչև 2022թ. պետական բյուջեի հաստատում) հետաձգվեց ԿԳՄՍՆ ԳԿ-ի՝ վերևում արդեն հիշատակած նոր ծրագրերի մեկնարկը։
3.«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում [3] դեռևս բացակայում են ԳՀևՓՄ կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների պաշտպանվածության դրույթները [3]։
4.Պետական պատվերով ասպիրանտական տեղերը վերջին տարիների ընթացքում շարունակում են մնալ սակավաթիվ (մոտ 200 ամեն տարի) [7,8], և ըստ նախապատրաստվող որոշման, նույնն են մնալու 2022-2023թթ. ուստարվա համար [9]։
5.Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ջրավազանի տարածքում շարունակվում է բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը՝ առանց կենտրոնի գոյությունը վտանգող ռիսկերին պատշաճ գնահատական տալու։ Նմանատիպ գործընթացներ են նկատվում այլ գիտական ինստիտուտներին կից կամ անմիջապես տարածքում։
6.Արդեն մոտ մեկ տարի է չի հաստատվում տեխնոլոգիայի փոխանցման կամ առևտրայնացման գրասենյակի հայեցակարգը և բյուջեն։
Վերոնշյալ բացասական գործընթացներն առաջացել և ծավալվում են պետական նպատակների անհստակության, հավակնոտ ռազմավարական ծրագրերի բացակայության և, ամենացավալին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու նպատակային ԳՀևՓՄ-ի զարգացման միջև եղած ուղղակի կապին համապատասխան կարևորություն չտալու պատճառով։
Հաշվի առնելով այս ամենը՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը.
1.Մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման նպատակների ցուցակից [10] և ՀՀ կառավարության ծրագրում [11] նշված թիրախներից բխող բնագավառային ռազմավարությունների ընդունման ժամանակացույց հայտարարել ու համապատասխան պատկան մարմիններին հստակ վերջնաժամկետով հանձնարարել դրանց մշակումը։
Մասնավորապես, անհապաղելի են պաշտպանական, հայագիտական, արհեստական բանականության, տիեզերական, կենսատեխնոլոգիաների և ագրոտեխնոլոգիաների բնագավառների համար պետական կարիքներից բխող, չափելի թիրախներով, միջոցառումների ցուցակով և հստակ բյուջեով ԳՀևՓՄ հավակնոտ ռազմավարությունների մշակումն ու իրականացումը։
2.ԿԳՄՍ նախարարությանը հանձնարարել վերոհիշյալ ռազմավարությունների հիման վրա հստակ ժամկետներում մշակել գիտական գերակա ուղղությունների ցուցակը ու գիտական հետազոտությունների զարգացման ռազմավարությունը։
3.Առաջիկա երեք ամսվա ընթացքում լրացնել պաշտպանական ԳՀևՓՄ-ի համար պատասխանատու պետական կառույցի ղեկավարի թափուր տեղը՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետով։
4.Մոտակա երեք ամսվա ընթացքում հաստատել տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակի հայեցակարգը, բյուջեն ու մեկնարկել կառույցի գործունեությունը։
5.Ավելացնել 2022-2023թթ. ուստարվա համար ասպիրանտական տեղերի պետական պատվերի քանակը և հանձնառություն վերցնել այդ քանակն առնվազն եռապատկել՝ մինչև 2025թ.։
6.Հանձնառություն վերցնել մինչև 2025թ. առնվազն 50%-ով ավելացնել մեկ շնչի հաշվով գիտնականների քանակը Հայաստանում։
7.Օրենքով ամրագրել, որ ԳՀևՓՄ-ի համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեն՝ 2025թ. սկսած կազմելով պետական բյուջեի առնվազն 4%:
8.Հանձնարարել 2022թ. ընթացքում մշակել ԳՀևՓՄ-ն կարգավորող օրենքներում բարեփոխումների նախագիծը, անցկացնել հանրային քննարկում և մինչև 2022թ. ավարտը մտցնել Ազգային ժողովի օրակարգ։ Նախագիծը, մասնավորապես, պետք է ներառի գիտական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու հարցում գիտական հանրության կողմից բազմիցս բարձրաձայնած խնդիրների լուծումները։
9.2050թ. Հայաստանի Հանրապետության նպատակների մեջ ներառել.
- 1. Մեկ շնչին ընկնող գիտնականների քանակով և ՀՆԱ-ի նկատմամբ ԳՀևՓՄ-ի համար հատկացվող համախառն ներքին ծախսերի չափաբաժնով լինել աշխարհի առաջատար տասնյակի մեջ։
- 2. WIPO Global Innovation Index կամ համարժեք վարկանիշային զեկույցում լինել աշխարհի առաջատար 15 նորարարական երկրների ցուցակի մեջ։
«Գիտուժ» համայնքն իր առաջիկա գործունեության կարևորագույն կետերից է համարում վերոնշյալ խնդիրների լուծմանը հետամուտ լինելը և պատրաստակամ է աջակցել այս գործընթացի բարեհաջող իրականացմանը։
Հղումներ.
- «Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, 2022 թվականի ծրագրերը», https://youtu.be/ZtuCIrVic9k
- ՀՀ կառավարության 13 մայիսի 2021 թվականի N 747-Լ որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=152586
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր, https://www.e-draft.am/projects/3663
- ՀՀ կառավարության 16 դեկտեմբերի 2021 թվականի N 2070-Ն որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158566
- ՀՀ կառավարության 23 դեկտեմբերի 2021 թվականի N 2156-Ն որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=158851
- ՀՀ կառավարության 12 հուլիսի 2021 թվականի N 1171-Ն որոշում, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154570
- ՀՀ կառավարության որոշումը 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142700
- ՀՀ կառավարության որոշումը 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152843
- 2022-2023 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, https://www.e-draft.am/projects/4004/about
- Մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման նպատակներ, https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf
- ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, https://www.gov.am/files/docs/4586.pdf