Լրահոս
Օրվա լրահոսը

 2021թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում կրկին ԵԱՏՄ անդամ երկրներն են․ Արտակ Մարկոսյան

Ապրիլ 05,2022 12:15

2020թ․ բարդ ու ծանր տարի էր ողջ աշխարհի համար: COVID-19 համավարակի տարածմանը կանխելուն ուղղված տնտեսական և հաղորդակցման սահմանափակումներն էական ազդեցություն էին ունեցել աշխարհի տարբեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացումների վրա․ կրճատվել էին փոխադարձ ուղևորափոխադրումները, համաշխարհային առևտրային հարաբերություններին մեծ հարված էր հասցվել, իսկ համաշխարհային տնտեսության մինչև 10 տոկոս մասնաբաժին ունեցող զբոսաշրջային ոլորտը հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ:

2020թ․ մարտ ամսից Հայաստանի Հանրապետությունում ևս COVID-19 համավարակի տարածումը, 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախյան 2-րդ պատերազմը լրջորեն սկսեցին ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, և 2019թ․ համեմատ այն նվազեց 13.2 տոկոսով։

2021թ․ COVID-19 համավարակի տարածման դանդաղեցման և պատվաստումների աճին զուգահեռ նկատվեց համաշխարհային առևտրատնտեսական կապերի որոշակի աշխուժացում և սպառման ծավալների աճ, որն իր դրական ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ավելացման վրա, ընդ որում, 2021թ․ արտահանման ցուցանիշն առաջին անգամ հատեց 3 մլրդ դոլարի շեմը․ աճը 2020թ․ համեմատ կազմեց 19.1 տոկոս և 3 մլրդ 22 մլն դոլար։

2021թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում կրկին ԵԱՏՄ անդամ երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 20.6 տոկոսով՝ 2 մլրդ 629 մլն դոլար: Ինչպես և նախորդ տարիներին, 2021թ․ ևս Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի 31.4 տոկոսը: 2021թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 629 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.9 տոկոս: Բելառուսի Հանրապետության հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7.8 տոկոսով և կազմել 86.1 մլն դոլար: Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 48.6 տոկոսով և հասել 18,3 մլն դոլարի:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2021թ․, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելացել է 12,4 տոկոսով և կազմել 177,1 մլն դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետության առաջնային առևտրային գործընկերն Ուկրաինայի Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունը կազմել է 168,8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.4 տոկոս: ԱՊՀ երկրներից ապրանքաշրջանառության աճ է գրանցվել նաև Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ՝ 63.2 տոկոս և 14.8 մլն դոլար և 2.8 անգամ և 14.2 մլն դոլար։

COVID-19 կորոնավիրուսի համավարակի ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2021թ․ Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 23,9 տոկոսով և կազմել 1 մլրդ 587 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 289․8 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2.5 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներից են նաև Բուլղարիան, որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունն ավելացել է 32.3 տոկոսով՝ կազմելով 227.5 մլն դոլար, Իտալիայի և Նիդերլանդների հետ աճը կազմել է համապատասխանաբար՝ 24.0 և 79.6 տոկոս և 287․7 ու 228.5 մլն դոլար:

Այլ երկրների շարքում Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերը Չինաստանի Հանրապետությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2021թ․ կազմել է 1 մլրդ 260 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 30.7 տոկոս: Ապա հաջորդում են Իրանի Իսլամական Հանրապետությունը` 502.8, Շվեյցարիան՝ 385.3, ԱՄՆ-ը՝ 207.4, Իրաքը՝ 182.0 և Վրաստանը՝ 190.2 մլն դոլար: 2021թ․ Վրաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է համապատասխանաբար՝ 45.9, 35.9 և 25.2 տոկոսով։ Շվեյցարիայի դեպքում գրանցվել է լուրջ անկում, որը կազմել է 18.4 տոկոս։

Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը, ապա Հայաստանի Հանրապետության համար սեփական պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան մնում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ 2021թ․ իրացվել է 847.3 մլն դոլարի արտադրանք՝ 24.5 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը ևս ավելացել է 20.5 տոկոսով և կազմել է 1 մլրդ 993 մլն դոլար: ԵԱՏՄ երկրներից Բելառուսի Հանրապետություն Հայաստանից արտահանվող ապրանքների հանրագումարը կազմել է 28,3 մլն դոլար, և աճը կազմել է 18,7 տոկոս, իսկ ներմուծումը՝ 59,5 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Դեպի Ղազախստան արտահանումը 2021թ․ բավականին տպավորիչ աճ է արձանագրել՝ 59.5 տոկոս և հասել է 10.5 մլն դոլարի։

2021թ․ Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 37.4 տոկոսով և կազմել է 47.3 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալն ավելացել է 11.9 տոկոսով և հասել է 163.2 մլն դոլարի։ ԱՊՀ երկրներից ամենամեծ արտահանում իրականացվում է դեպի Ուկրաինա, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 25.2 մլն, իսկ ներմուծումը՝ 147.5 մլն։ Մոտ 4.3 անգամ արտահանման ծավալների աճ է գրանցվել դեպի Թուրքմենստան՝ 8.1 մլն դոլար։

Չնայած 2021թ․ Եվրոպական Միության երկրներ արտահանման ցուցանիշների էական բարելավմանը, որը 2020թ․ համեմատ ավելացել է 52.9 տոկոսով, սակայն դոլարային արտահայտությամբ այն էականորեն զիջում է ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանման ցուցանիշին։ 2021թ․ Եվրոպական Միության երկրներ է արտահանվել 656.0 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծումը տվյալ ժամանակահատվածում ավելացել է 10.1 տոկոսով և հասել է 1 մլրդ 29 մլն դրամի։

Եվրոպական Միության երկրների շարքում 2021թ․ Հայաստանի Հանրապետությունն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Բուլղարիայի Հանրապետություն՝ 198.4 մլն, որին հաջորդում են Նիդերլանդները՝ 191.2, Գերմանիան՝ 77.5 և Իտալիան՝          63.5 մլն դոլար։ Հայաստան ապրանքների ներմուծման առումով Եվրոպական Միության երկրներից առաջատարը Գերմանիան է՝ 222.8 մլն, որին հաջորդում են Իտալիան՝ 195.7, Նիդեռլանդները՝ 85.0 և Ֆրանսիան՝ 68.3 մլն դոլար ցուցանիշով։

Բավականին բարելավվել է արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ աճը կազմել է 20,6 տոկոս և 67,8 մլն դոլար: Ի տարբերություն արտահանման՝ ներմուծման աճն ավելի էական է՝ 76 տոկոս և 137.2 մլն դոլար։

Հայաստանի Հանրապետությունը 2021թ․ ավելի մեծ ծավալի ներկրումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 438․9 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա համեմատ՝ 38.1 տոկոս։ Միևնույն ժամանակ դեպի Իրան արտահանումը նվազել է 22.5 տոկոսով և կազմել է 65.5 մլն դոլար:

Նույն իրավիճակն է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում․ դեպի Հայաստան ներմուծումը 2020թ․ համեմատ աճել է 26.9 տոկոսով և հասել է 121.0 մլն դոլարի, իսկ արտահանումը նվազել է, աճը կազմել է 67 տոկոս կամ 95,6 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 22.4 տոկոսով և կազմել է 74.4 մլն դոլար:

2021թ․ ընթացքում նախորդ տարվա համեմատ Հայաստանը գրեթե 36 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստանի Հանրապետություն՝ հասցնելով 393 մլն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28.6 տոկոսով և կազմել 876.0 մլն դոլար:

Վերջին տարիներին հայկական արտադրանքի համար լավ շուկա հանդիսացող Իրաքի Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 տոկոսով և հասել 177,3 մլն դոլարի, իսկ հարևան Վրաստան արտահանումն աճել է 18.9 տոկոսով և կազմել 68.3 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների շարքում ամենամեծ չափաբաժինը ձևավորել է հանքահումքային արտադրանքը, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 982.2 մլն, իսկ Հայաստանից արտահանման կառուցվածքում նրա կշիռը կազմել է 32,4 տոկոս: 2021թ․ հանքահումքային արտադրանքի դոլարային արտահայտությամբ ծավալն աճել է 20,6 տոկոսով, որն էլ իր հերթին կապված է համաշխարհային շուկաներում պղնձի պահանջարկի մեծացման արդյունքում տեղի ունեցած կտրուկ թանկացմամբ։ 2021թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պղնձի գինը գրեթե կրկնապատկվել է, և 2022թ․ էլ այդ աճը շարունակվում է։

Երկրորդն այս խմբում պատրաստի սննդի արտահանումն է, որը 2020թ․ COVID-19 համավարակով պայմանավորված լուրջ անկում էր գրանցել։ 2021թ․ պատրաստի սննդի արտահանման ծավալն ավելացել է 10.8 տոկոսով և կազմել է 623,9 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից ավելացել է կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը, որի աճը կազմել է 36.8 տոկոս՝ 107.0 մլն դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է 37 տոկոսով և կազմել 186,5 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից մանածագործական իրերի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 37.4 տոկոսով և հասել է 183,4 մլն դոլարի: Հայաստանից արտահանման կառուցվածքում բավականին մեծ տեղ ունեցող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ կրճատվել է 9.8 տոկոսով և կազմել 333.0 մլն դոլար, իսկ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն աճել է 59 տոկոսով և հասել 365.4 մլն դոլարի։

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930