Լրահոս
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» թեզը պետք է շրջանառության մեջ ներառել»․ «Իրավունք»

Ապրիլ 05,2022 10:33

«Ի՞նչ իրավիճակ է Արցախում այսօր, ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած արցախցիները, ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած հայտարարությունները: Վերջապես, ինչո՞ւ է այս ճակատագրական պահին Արցախի նախագահը այցելել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանից.

-Տիկին Հակոբյան, կարծես թե, Արցախի հետ կապված այս «մանրամեծածախ առեւտուրը» մոտենում է տրամաբանական ավարտին: Արդյունքում, ի՞նչ վտանգներ են կախված այսօր Արցախի գլխին, եւ ինչպե՞ս են արցախցիները տեսնում վերջնական հանգուցալուծումը:

– Արցախում ներկա իրավիճակը ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, որի կործանարար հետեւանքը Արցախի հայաթափումն է: Բազմիցս հայտարարել ենք, որ մենք ժամանակ չունենք դանդաղելու եւ պետք է օր առաջ պատրաստ լինենք այս ամենին: Պետք է անվտանգային համակարգի վերափոխում եւ վերապատրաստում: Ռուս խաղաղապահների զորախմբի թվաքանակի ավելացման պահանջ կամ խնդրանք: Նաեւ՝ ջրի, հոսանքի, գազի, կապի այլընտրանքային տարբերակների ներդրման կարիք:
Պետք է դիվանագիտական դաշտի ակտիվացում, Հայաստանի իշխանություններին կա պահանջ, որ նրանք դառնան Արցախի խոսափողը. մենք այլ տարբերակ չունենք Արցախին լսում են Հայաստանի միջոցով, եւ այդ ֆունկցիան Հայաստանը երբեք չպետք է անտեսի: Անհրաժեշտ է, որ դիվանագիտական անձնագրեր եւ ճանապարհորդելու հնարավորություն ունեցող մեր բոլոր պետական պաշտոնյաները միջազգային հանրության եւ կազմակերպությունների ուշադրությունը հրավիրեն Արցախի խնդրի վրա, օգտագործվի մեր ազդեցիկ քաղաքական ու հանրային գործիչների ողջ ներուժը՝ նրանց գոնե չխանգարելով՝ ներգրավել Արցախի համար կարեւորագույն հարցերի լուծման մեջ:

Սակայն ի՞նչ են անում Հայաստանի իշխանությունները: Հայաստանի իշխանությունները միայն գազատարի պայթեցման 16-րդ օրն են տալիս հումանիտար իրավիճակի քաղաքական գնահատականը, եւ, զուգահեռ տարբեր եղանակներով, քաջալերում են հակառուսական տրամադրություններ: Քննադատում են ռուսական զինված ուժերին, եւ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ներկայացնում որպես անգործունյա մեխանիզմ: Այն դեպքում, երբ հակառուսական տրամադրություններ տարածող ուժերի դեմ պետք է պայքար մղել, քանզի Ռուսաստանի ալտերնատիվը Թուրքիան է:

Այս դեպքում պետք է բոլոր միջոցներով հասնել նրան, որ Արցախի իշխանություններն ուղիղ կապի մեջ լինեն ՌԴ-ի իշխանությունների հետ, քանզի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Արցախում ունի իր հստակ առաջադրանքները, եւ նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում:

«Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» թեզը պետք է շրջանառության մեջ ներառել, համապատասխան խողովակների միջոցով ՌԴ-ի հետ համաձայնեցնել, քանզի մենք այստեղ այլ վտանգ ենք տեսնում, որ անկախությունը արագ կարող են ճանաչել այն երկրները կամ երկիրը, որոնք ցանկանում են Արցախից դուրս մղել ռուս խաղաղապահներին, հասնել Ղարաբաղից ռուսական զինվորականների հեռացմանը եւ, ըստ էության, ավարտել Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930