Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններում ողջույնի մի քանի բառերից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Ուզբեկստան: Էրդողանն ու Միրզիյոեւը հայտարարեցին երկու երկրների հարաբերություններում նոր փուլի՝ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Ինչպես գրում է «Գազետան», Անկարան ու Տաշքենդն այս կերպ արձանագրել են այն առաջընթացը, որին հասել են 2016-ից՝ Ուզբեկստանում իշխանափոխությունից հետո: Այդ երկրի առաջին նախագահ Իսլամ Քերիմովի դարաշրջանում Անկարայի ու Տաշքենդի փոխհարաբերությունները բավական սառն էին. Թուրքիան ընդունել էր այլախոհ Մուհամմադ Սալիհին: Ինչպես «Գազետայի» հետ զրույցում ասել է ՌԴ ԳԱԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին, թուրքական մի շարք կազմակերպություններ մասնակցել են Քերիմովի դեմ մահափորձին, ինչը հանգեցրել է տասնյակ զոհերի:
Իսկ հիմա Թուրքիան ու Ուզբեկստանն ընդհանուր լեզու են գտել, եւ Թուրքիան շարունակում է ուժեղանալ տարածաշրջանում:
Բանակցություններից հետո Միրզիյոեւն ու Էրդողանը համատեղ հայտարարություն են ստորագրել եւ միջկառավարական ու միջգերատեսչական 9 համաձայնագիր։
Դրանց թվում է ընդլայնված ռազմական շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրել են պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Բահադիր Կուրբանովը եւ Հուլուսի Աքարը։
Կարդացեք նաև
Վիկտոր Նադեին-Ռաեւսկին կարծում է, որ Միրզիյոեւի օրոք Թուրքիան ակտիվորեն «ձգտում է Ուզբեկստանին կապել իրեն»:
«Մենք տեսնում ենք Անկարայի շատ վստահ փորձը՝ ամրապնդելու իր ավագությունը թյուրքական միությունում եւ արտաքին քաղաքականության մեջ թյուրք ժողովուրդների միասնական խառնակույտի առաջմղումը «փափուկ ուժի» միջոցով: Սա, իհարկե, հակասում է Ռուսաստանի շահերին, որը 1990-ականներին կորցրեց իր նախկին ազդեցությունը Կենտրոնական Ասիայում»,- շեշտել է թուրքագետը։
Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության ընթացքում դիվանագիտական անսպասելի ակտիվություն ցուցաբերեց Թուրքիան: Անդրադառնալով այդ թեմային՝ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին «Ռոսբալթի» մեկնաբանին ասել է, որ Անկարայի համար ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ուղղակի աղետ են, քանի որ այդ երկիրը հույս ուներ այս տարի մի քանի միլիոն ռուս զբոսաշրջիկների ընդունել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: