Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է աշխատում քարոզչությունը

Ապրիլ 05,2022 10:00

Ուկրաինացի քաղաքագետ, հրապարակախոս եւ տեղեկատվական պատերազմների մասնագետ Ալեքսեյ Արեստովիչը (որն, ի դեպ, հիմա էլ ակտիվորեն աշխատում է իր երկրի քարոզչության համար) ժամանակին իր դասախոսություններից մեկում մի պատմություն է ներկայացրել, որը տեղի է ունեցել 2015 թվականին Քյոլնում: Գերմանական այդ քաղաք էին եկել մի խումբ «արաբ փախստականներ», որոնք իրենց անպարկեշտ էին պահում գերմանուհիների հետ՝ չէին ծեծում, չէին բռնաբարում, պարզապես, եթե այլ բառ չփնտրենք՝ «ձեռք էին գցում»: Մի քանի օր իրենց այդպես դրսեւորելով՝ միգրանտները լքեցին քաղաքը: Հետո պարզվեց, որ դա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ, ФСБ) բազմաքայլ կոմբինացիայի մի մասն էր: Նպատակները բազմազան էին, բայց առանցքայինը հենց Գերմանիային, նրա կառավարությանը վարկաբեկելն էր: Քարոզչությունը գնում էր հետեւյալ ուղղությամբ. Եվրոպան ծերացել է, անդամալույծ է դարձել, եվրոպացիներն իրենց ազատական արժեքներով խելքները թռցրել են, նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց կանանց եւ աղջիկներին, ոչ ոստիկանությունն է դա ի վիճակի անել, ոչ էլ՝ գերմանացի տղամարդիկ, որոնց աչքի առաջ կանանց բռնաբարում են, իսկ նրանք ոչ մի ձայն չեն հանում, եւ այլն:

Այդ տիպի մեկնաբանությունները սկզբնական շրջանում սոցցանցերում տարածում էին ԱԴԾ-ի թրոլները, իսկ այնուհետեւ նաեւ սովորական օգտատերերը՝ Ռուսաստանում, Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում: Իսկ հեռահար նպատակը կապված էր ԵՄ-ում քննարկումների հետ, որոնց ընթացքում պետք է որոշվեր՝ թուլացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, թե՞ թողնել նույնը: Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ, օրինակ՝ Սլովակիան կամ Հունգարիան, դժգոհ լինելով միգրացիոն ճգնաժամից եւ ԵՄ-ում առաջին ջութակ նվագող Գերմանիայից, կարող էին կողմ արտահայտվել պատժամիջոցների մեղմացմանը:

Այս օրինակն այդքան մանրամասնորեն ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, թե ինչպես է աշխատում քարոզչությունը. վերցվում է կամ հորինվում է ճշմարիտ կամ կիսաճշմարիտ փաստ եւ սկսվում է դրա սոցցանցային, իբր բնական քննարկումը: Դրան հաճախ արձագանքում են նաեւ նորմալ լրատվամիջոցները, եւ առանձնապես կարեւոր չէ՝ վերջիններս համաձայնո՞ւմ են սոցցանցերում պտտվող պնդումների հետ, թե՞ հակադրվում են դրանց: Կարեւորը այդ պնդումների շրջանառությունն է: Աշխարհի բոլոր հատուկ ծառայություններն այսօր անցկացնում են նման օպերացիաներ, իսկ թե ինչպես են անցկացնում՝ դա արդեն կախված է այդ ծառայությունների բյուջեից եւ պրոֆեսիոնալիզմից:

Նման դեպքերում ճշմարտությունն իմանալը գրեթե անհնար է: Հատկապես՝ մարտական գործողությունների առկայության պարագայում: Օրինակ՝ Արեւմուտքը մեղադրում էր Սիրիայի կառավարությանը քիմիական զենք կիրառելու մեջ: Բաշար ալ Ասադը եւ Ռուսաստանը այդ մեղադրանքները հերքում էին: Ցանկացած երեւույթ, որը կողմերից մեկը ներկայացնում է որպես «անվիճելի ապացույց», հակառակ կողմը համարում է սուտ, շինծու եւ բեմադրված:

Ռուս-ուկրաինական այս պատերազմում Կիեւի մարզում տեղի է ունեցել ողբերգություն: Դրա մասին ճիշտ այդպիսի բեւեռացված մեկնաբանություններ են հնչում: Ես նայում եմ մեր՝ հայկական ֆեյսբուքյան ժապավենը եւ տեսնում եմ, թե ինչպիսի կրքով են վիճում իմ հայրենակիցները եւ ինչպես են ռուսական կամ ուկրաինական (արեւմտյան) քարոզչության ազդեցության տակ ընկածները իրար ամոթանք տալիս՝ մեկը մյուսին «ուղեղը լվացած» եւ «զոմբի» անվանելով:

Մի բան, այնուամենայնիվ, ակնհայտ է եւ անվիճելի. պատերազմը սկսել է Ռուսաստանը: Այդ երկրի բանակն է ներխուժել հարեւան պետության տարածք, եւ, հետեւաբար, Ռուսաստանի ղեկավարությունն է վերջին հաշվով պատասխանատու զոհերի եւ ավերածությունների համար:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Ձեր նշած անձը՝ ուկրաինացի քաղաքագետ, հրապարակախոս եւ տեղեկատվական պատերազմների մասնագետ Ալեքսեյ Արեստովիչը սովորական ստախոս է: Չեմ կարծում սա վիրրավորանք է ու իմ մեկնաբանությունը կջնջեք: Համացանցում (օրինակ youtube-ում) գտեք թե ինչ է ասում այս մարդը 44-օրյա պատերազմի մասին եւ կհասկանաք: Օրինակ ասում է, որ Շուշիում փողոցայի մարտեր են եղել, անգամ ձեռնամարտ ու կան դանակով վիրավորված հազարավոր զինվորներ: Սա պարզ սուտ է:
    Այս մարդու բերած օրինակը Գերմանիայի մասին՝ իրական փաստ է, ես կարդացել եմ դրա մասին, բայց ասեմ, որ անհաջող մարդու անուն եք հիշատակում: Դուք եք որոշում ձեր նյութի կառուցվածքը, բայց կարող էիք տեղի ունեցածի մասին գրել, առանց անուններ տալու: Դեպքը աղմկոտ էր ու շատերն են դրա մասին խոսել:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Արեստովիչը քարոզիչ է՝ Սոլովյովի, Կիսելյովի, Սիմոնյանի նման, բայց՝ Ուկրաինայի կողմից: Իր երկրի շահերը, ինչպես հայտնի է, շատ հարցերում համընկնում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի հետ: Օրինակը չի վկայում իմ համակրանքների կամ հակակրանքների մասին:

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Եկեք բուռն ծափահարություններով դիմավորենք Արեստովիչին՝ ուկրաինական Արծրունին: Հանճարեղ քաղաքագետ, փայլուն հրապարակախոս եւ ամեն ինչի մասնագետ: Իհարկե՝ հաղթելու են, արդեն հաղթել են բարբարոս մոսկալներին: Բայդենի աղոթքով ու ֆեյք լուրերով՝ անպայման հաղթելու են…

    Որքան շատ է ավելանում ավերված ուկրաինական քաղաքների թիվը, որքան շատ է Եվրոպան հեղեղվում ուկրաինական փախստականներով, այնքան մեծանում է Արեստովիչի հաղթելու հավանականությունը: Մի փոքր տակտիկան նահանջ, մարիուպոլյան գյոռբագյոռ, եւ պայքար, պայքար մինչեւ վերջին ուկրաինացին չզոհվի հանուն Բայդենի մարազմի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930