Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինչ ցուցանէ առակս»

Ապրիլ 05,2022 17:26
movsisyan

Այս հողի համար կարելի էր նաեւ մատաղ լինել…

«Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինձ հնարավորություն է տվել այդքա՜ն թանկագին հայոց հողի վրա ոչ միայն աշխատել, այլ նաեւ դժվարին պայքար մղել՝ Հայաստանին վերադարձնելու հարեւան հանրապետության կողմից անաղմուկ նվաճած մի քանի հազար հեկտար հողատարածություն։

Մեր ժողովուրդը զոհ է մատուցել, մատաղ է արել ամենավեհ նպատակների համար։ Ասելիքս այն է, որ այս հողի համար կարելի էր նաեւ մատաղ դառնալ»։

Վլադիմիր Մովսիսյանի այս խոսքը, որ ցիտել եմ նրա «Հողի ճակատագրով» կամ՝ «Մտորումներ տքնության» գրքից, վերաբերում է 1984-ին սկսած եւ 1988-ին ավարտին հասցրած, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանների ճշգրտման, այն է` դելիմիտացիայի եւ դեմարկացիայի (քարտեզագրման) արդյունքում ետ ստացած հայկական հողերին։ Ու հիմա չես կարող չհարցնել. ո՞ւր են Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանների քարտեզները եւ երկու երկրների ղեկավարների կողմից հաստատված համապատասխան արձանագրությունը, եւ ինչո՞ւ չի օգտագործվում այդ փաստաթուղթը, որի 8-րդ կետը շատ հստակ ու հիմնավոր կերպով հնարավորութուն է տալիս պնդելու, որ թե՛ Գորիսի միջպետական ճանապարհը, թե՛ Նոյեմբերյան-Իջեւան հատվածի՝ այսպես կոչված, «անկլավները», թե մնացած այլ «վիճելի տարածքներ» հաստատապես Հայաստանինն են։

1984թ.-ին Եգոր Լիխաչովի հանձնարարությամբ գյուղնախարարության հողաշինարարների եւ «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի ղեկավարների նախաձեռնությամբ սկսվում են սահմանազատման աշխատանքները։ Հայկական կողմի խնդրանքով աշխատանքներին մասնակցում են նաեւ ԽՍՀՄ կառավարությանն առընթեր գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտի մասնագետները եւ փորձագետները։

Այնուհետեւ գրաֆիկական նյութը տեղափոխում են բնության մեջ, ճշգրտում սահմանները, վերականգնում բոլոր սահմանային նիշերը եւ սահմանաբլուրները, դրանք տեղադրում են նոր քարտեզների վրա. «…հները չեղյալ համարվեցին, նորերը հաստատվեցին երկու հանրապետությունների ներկայացուցիչների ստորագրությամբ եւ գեոդեզիայի ու քարտեզագրության ինստիտուտի ղեկավարների կողմից։ Այդպիսով, վերահաստատվեցին իրական սահմանները։ 1988թ.-ի հունվարի 12-ին ստորագրեցինք համատեղ արձանագրություն, որը հաստատվեց Ադրբեջանի կառավարության նախագահի առաջին տեղակալ Մ. Մամեդովի եւ իմ կողմից` որպես Հայաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ։ Ուշադրության է արժանի այդ փաստաթղթի 8-րդ կետը, որ ազդարարում էր. «Հանձնարարել երկու հանրապետությունների հողաշինարարական ծառայություններին. այսուհետ հողօգտագործողների միջեւ հողային վեճերի ժամանակ որպես ստույգ իրավական հիմք ընդունել երկու հանրապետությունների հավասարահիմունքային հանձնաժողովների սխեմաները եւ արձանագրությունները»։ Այսինքն, ստեղծվեց մի փաստաթուղթ, որն առհավետ, անժամկետ ամրագրում էր մեր հողային սահմանների անձեռնմխելիությունը եւ պատկանելությունը։

«Արդյունքում վերականգնվեցին հայ-ադրբեջանական սահմանները՝ Նոյեմբերյան-Իջեւանից մինչեւ Կապան եւ Մեղրի»։

Հետ են վերցվել նաեւ բազում վեճերի եւ ընդհարումների պատճառ դարձած Սիսիանի անտառային արոտավայրերից մինչ այդ հակառակ կողմին վերագրված տարածքները։ Այսպիսով, Հայաստանը հետ է ստացել 14,450 հեկտար տարածություն, որից 2050-ը Նոյեմբերյանի շրջանում՝ Դովեղի 1850 հեկտար հազվագյուտ ծառատեսակներով անտառի հետ միասին։

Ի՞նչ էր նախորդել այս ամենին. գանք մի քիչ հեռվից։ Ես փորձեմ ներկայացնել Վլադիմիր Մովսիսյանի վկայություններով. «20-ական թվականներից սկսած, ամեն տարի, մինչեւ 80-ականները, քայլ առ քայլ, մետր առ մետր, հողակտոր առ հողակտոր, Հայաստանի սահմանամերձ տարածքներից ադրբեջանցիները հողեր էին զավթել, նույնիսկ այդ տարածքներում գերեզմանոցներ հիմնել` հետապնդելով հեռահար նպատակներ»։

Շատ չերկարացնելու համար ուղղակի ասեմ, որ այդ տարիներին բազմաթիվ սահմանային վեճեր են գրանցվել, որոնցից հիշարժան են Իջեւանի Կիրանց եւ Ղազախի Ասկիփար գյուղերի միջեւ ծագած վեճերը, Շամշադինի 700 հեկտար հողատարածքից ադրբեջանցի սահմանախախտներին վռնդելու փաստը, Ջողազի ջրամբարի կառուցապատման նպատակով ադրբեջանցիների՝ խաբեությամբ Իջեւանի Վազաշեն գյուղի (Լալիգյուղ) 88 հեկտար վարելահողերը բռնազավթելու փաստը (իբր թե այդ տարածքը փոխանակվելու էր Ղազախի Չախմախլու եւ Թափաբաշ գյուղերի հետ, որը այդպես էլ տեղի չունեցավ), Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու Իջեւան-Նոյեմբերյան հատվածի բռնազավթումը, եւ վերջապես՝ 1984 թվականի հոկտեմբերի 24-ին Նոյեմբերյանի Դովեղ գյուղի հայտնի պատմությունը, ադրբեջանցիների սահմռկեցնող բռնաճնշումները Վլադիմիր Մովսիսյանի նկատմամբ։ Մինչ այդ հայկական կողմը մի քանի անգամ դիմել էր Մոսկվային՝ միջպետական սահմանները ճշգրտելու առաջարկ-խնդրանքով, որին կտրականապես դեմ էր կանգնել Ադրբեջանը, Մոսկվան էլ ականջի հետեւ էր գցել։

1984թ. Նոյեմբերյանի Դովեղ եւ Ղազախի Քյամառլու գյուղերի միջեւ սահմանային աղմկոտ վեճ էր գրանցվել։ Վլադիմիր Մովսիսյանին, ով գնացել էր հարթելու այդ միջադեպը, ադրբեջանցիները առեւանգել էին եւ Քյամառլու գյուղում դաժան բռնաճնշումների ենթարկել։ Տեղը-տեղին ծեծի ենթարկելուց հետո նրան, Նոյեմբերյանի Կուսշրջկոմի երկրորդ քարտուղարին եւ նրանց հետ գնացած հողաշինարարին նստեցրել են Քյամառլուի ակումբի բեմում, սեղանին դրել թուղթ, գրիչ եւ կացին ու սպառնացել, որ եթե չգրի, որ այդ հողերը Ադրբեջանին են պատկանում եւ չստորագրի, «կացինով կմորթեն»։ Դահլիճ լցված գազազած ամբոխը պատրաստ է եղել բզիկ-բզիկ անել հայ պաշտոնյաներին։ Վլադիմիր Մովսիսյանը, ով շատ կարգին հայ էր, տղամարդ հայ եւ հայրենասեր պաշտոնյա, գերադասում է, իր բառերով ասած. «Մատաղ լինել իր հողին, քան թե ստորագրել վերոհիշյալ խայտառակ պահանջը»։

Ադրբեջանցի ղեկավարները, որ Վլադիմիր Մովսիսյանի վկայությամբ հենց իրենք էին կազմակերպել այդ ամենը, իբր թե գազազած ամբոխից փրկում են նրանց եւ հասցնում Նոյեմբերյան։

Վլադիմիր Միրանիչի հետ կապված դեպքերը խթանել են, որպեսզի Եգոր Լիխաչովը հանձնարարեր անվերապահորեն ճշգրտել միջպետական սահմանները, ինչին Հայաստանի խնդրանքով մասնակցել են Մոսկվայի համապատասխան մասնագետները եւ կազմել վերը հիշատակված փաստաթուղթը։ Այդ փաստաթուղթը գոյություն ունի, գոյություն ունեն նաեւ քարտեզները։
Կարծում եմ պարզ է «Զինչ ցուցանէ առակս»։

Նելլի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Գուցե այդ գործընթացի մասնակիցներից մեկն ու մեկը կարձագանքի՞…

«Առավոտ» օրաթերթ
05.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930