Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրված է լինելու ապաշրջափակման գործընթացի վրա». Տիգրան Գրիգորյանը՝ Ալիև-Փաշինյան հանդիպման մասին

Ապրիլ 04,2022 17:48

«Այս հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրված է լինելու ապաշրջափակման գործընթացի վրա»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում. ի՞նչ է դրվելու բանակցությունների սեղանին» թեմայով քննարկման ընթացքում կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլի 6-ին սպասվող Ալիև-Փաշինյան հանդիպմանը:

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ սահմանին վերջին սրացումը չի կարող դուրս մնալ կողմերի ուշադրությունից: Սակայն ըստ նրա՝ ՀՀ դիրքորոշումն այս պահին անհասկանալի է. «Մեկ այլ հիմնարար հարց կա. Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ քննարկելու Արցախի որևէ կարգավիճակի հարց հենց Ադրբեջանի սահմանների ներսում: Նրանց առավելագույնն այս պահին նոր մշակութային ինքնավարության մասին խոսակցություններն են, ինչն անլուրջ է: Մշակութային ինքնավարության հարցի քննարկման դեպքում դուրս է մնում Արցախի բնակչության անվտանգության հարցը և այլ քաղաքական խնդիրներ»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց. «Վարչապետի ելույթում կարմիր թելով գնում է էթնիկ զտման թեման: Իմ կարծիքով՝ որպեսզի որևէ առաջընթաց լինի, կողմերից մեկը պիտի հետընթաց կատարի իր ունեցած դիրքորոշումից. ՀՀ-ի դեպքում՝ ընդհանրապես փակել ԼՂ հակամարտության թեման: ՀՀ- չի կարող այդ թեման դուրս մղել, իսկ Ադրբեջանի պարագայում ևս, եթե հանկարծ սկսեցին բանակցություններն ավելի բովանդակային՝ թեկուզ Ադրբեջանի կազմում ԼՂ-ի ինչ-որ կարգավիճակի շուրջ, սա ևս քիչ հավանական եմ համարում, քանի որ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքերից և փորձելու է պարտադրել, որ ՀՀ-ն ընդունի իր դիրքորոշումները»:

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝Ադրբեջանը ևս որոշակիորեն սխալ է գնահատում ՀՀ-ից եկող ազդակները: Այս առիթով նա պարզաբանեց. «Արդյունքում կարող ենք նոր էսկալացիա ունենալ, քանի որ Ադրբեջանը հասկանում է՝ այն առավելագույն դիրքորոշումը, որ կա՝ Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակ, այդ մոտեցումը ՀՀ-ի համար ընդունելի չէ, կարող է նոր էսկալացիայի գնալ ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին»: Խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ նա մանրամասնեց. «Ռուս-արևմտյան այս դիմակայության պայմաններում Մինսկի խմբի գործունեությունն այժմ դժվար է պատկերացնել, թե գործնականում այդ խումբը ինչպես կարող է աշխատել, ոնց են հավաքվելու, այն դեպքում, երբ ՌԴ նկատմամբ տոտալ մեկուսացման քաղաքականություն է վարվում»:

Ըստ քաղաքագետի՝ միջնորդական ձևաչափերից այս պահին ակտիվ են ԵՄ ձևաչափերը. «ԵՄ-ն շարունակում է ակտիվություն ցուցաբերել ոչ քաղաքական, այլ ենթակառուցվածքների հարցերում՝ սահմանազատում, սահմանագծում: Բոլոր մյուս հարցերում մենաշնորհը շարունակելու է ունենալ ՌԴ-ն: Այս պահին նաև կարևոր է, թե ինչպիսի Ռուսաստան ենք ունենալու ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Ուժեղ կարող են լինել նաև ռուս-թուրքական ձևաչափերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930