Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության միջամտությամբ՝ հնարավոր է ՄԻԵԴ-ի ցուցակից հանվի զինծառայողի մահվան դեպքով գործի քննությունը

Ապրիլ 04,2022 15:11

ՀՀ կառավարությունը միակողմանի հայտարարությամբ ընդունել է 2007 թվականին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի ներկայացուցիչների կողմից ՄԻԵԴ ներկայացված գործով իրավունքների խախտման փաստը: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ավելի վաղ Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը 168.am-ին ասել էր. «Եվրոպայից ստանում եմ գրություն, որ՝ ձեր կառավարությունը միակողմանի որոշում է կայացրել, որ որպես փոխհատուցում՝ ձեզ գումար է տալիս, համաձա՞յն եք՝ քրեական գործը հանենք ցուցակներից։ ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, ես իմ երեխուն չե՛մ ծախում։ Ես սպասում եմ ՄԻԵԴ-ի վճռին, որ այդ վճռով դուք կատարեք ձեր պարտականությունները։ Մինչև ՄԻԵԴ-ից նման գրություն ստանալը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ինձ առաջարկել է 19500 եվրո, որ ես հաշտության գնամ ու դիմումս Եվրոպական դատարանից վերցնեմ, բայց մենք համաձայն չենք․․․»։

Եղիշե Կիրակոսյանն «Առավոտին» ասաց. «Դե գումարներ առաջարկելը նկատի ունենք հաշտության, համաձայնության, բարեկամական կարգավորման բանակցությունների շրջանակներում: Սովորաբար բանակցությունների բաղկացուցիչ մասն է նաեւ փոխհատուցման գումարի չափը, որը որ պետք է առաջարկվի զոհին՝ իրավունքի խախտման, որը ներառում է ծախսերն ու իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցումը: Այդ գումարների վերաբերյալ առաջարկները հիմնվում են Եվրոպական դատարանի նմանատիպ գործերով կայացած վճիռների վրա, որոնցով դատարանն ունի որոշակի չափանիշներ: Բնականաբար, այդ խոսակցությունը չի կարող չլինել, անխուսափելի է ցանկացած բարեկամական կարգավորման բանակցությունների ժամանակ: Մինչեւ առարկությունների փուլին անցնելը՝ դատարանն առաջարկում է կողմերին հաշտվել… պետությունն այդ գործով ընդունել է խախտումը, ուղարկել ենք մեր միակողմանի հայտարարությունը դատարանին, նշել փոխհատուցման այն չափը, որ կառավարությունն առաջարկում է: Դրանից հետո դատարանը հիմնվել է մեր ներկայացրած միակողմանի հայտարարության ու պատճառաբանության վրա, կայացրել որոշում՝ գործը քննվող գործերի ցուցակից հանելու մասին, քանի որ համարել է, որ կառավարությունն արդեն խախտումները ճանաչել է»:

Խախտումները ճանաչելուց հետո կառավարությունը պարտավորվում է վերացնել դրանք, իսկ թե ինչպես, ըստ Եղիշե Կիրակոսյանի. «Իրականացվում է նորից քննություն: Կոնկրետ այս դեպքում խախտման ամենաանմիջական հատուցման ձեւը կրկին քննություն իրականացնելն է, որը պետք է նպատակ ունենա պատասխանատվության ենթարկել մեղավորներին, քանի որ քննությունն արդեն ընթանում էր, արդեն իմաստ էլ չկար սպասել դատարանի վճռին»:

Ի՞նչ երաշխիքներ կան, որ գործի վերաբացումը կբերի օբյեկտիվ քննության ու մեղավորներն իսկապես կպատժվեն՝ այս հարցին պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Եթե չկատարվեն այդ պարտավորությունները՝ դիմումատուն կրկին կարող է դիմել ու նորից սկսվի գործի քննությունն ու նորից ընթացք կտրվի: Բայց չեմ կարծում, որ դրան կհասնի, որովհետեւ կոնկրետ քայլեր են արվում»:

Պարոն Կիրակոսյանը բանակցությունների գաղտնիությունից ելնելով՝ չասաց, թե էլ ում գործերով է կառավարությունը կատարել խախտում ընդունող միակողմանի հայտարարություն՝ խնդրելով ՄԻԵԴ-ին հանել այդ գործերը քննվող գործերի ցուցակից:

Գոհար Սարգսյանի պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930