Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձի մեջ մեղադրվող որդին ազատության մեջ է. «Փաստինֆո»

Ապրիլ 04,2022 14:51

«Փաստինֆո». Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, կարճ ժամանակ ՔԿՀ-ում մնալուց հետո ազատ է արձակվել և այժմ շարունակում է մնալ ազատության մեջ։ Նախաքննական մարմինը գտել է, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվողի նկատմամբ բավարար է որպես խափանման միջոց կիրառել միայն չհեռանալու մասին ստորագրությունը ու սա այն դեպքում, երբ նա ամիսներ շարունակ հետախուզման մեջ էր գտնվում ու իրավապահները նրան գտնել չէին կարողանում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կարեն Պողոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով։

2021թ նոյեմբեր ամսին դատարանը մերժել էր Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, ինչը ևս մերժվել էր։ Արդյունքում՝ Պողոսյանն ազատության մեջ է։

ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաքննությունը դեռ շարունակվում է ու 2022թ հունվարի 7-ին մեղադրյալ Կարեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ ՔԿ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, քրեական գործով վկայի կարգավիճակ ունի, երկու անձ՝ Մելիք Բարսեղյանը և Հարութ Վարդանյանը տուժող են ճանաչվել։ Ի դեպ, դեռևս ամիսներ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնել էր, որ տուժողներից մեկը, ով ստացել էր հրազենային վիրավորում, գտնվում է կոմայի մեջ։

«Տուժողներ Մելիք Բարսեղյանի և Հարութ Վարդանյանի առողջական վիճակը նրանց թույլ է տալիս մասնակցել քննչական և դատավարական գործողություններին։ Կոմայի մեջ գտնվող անձինք չկան»,- հայտնել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ 2021թ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Կարեն Պողոսյանը մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930