Լուսաբացին երաժշտասերների ուշադրության կենտրոնում Լաս Վեգասի MGM Grand Garden Արենայում տեղի ունեցող Գրեմմի 64-րդ մրցանակաբաշխությունն էր։ Նախորդ տարվա նման Գրեմմին վարում էր հաղորդավար Թրևոր Նոան։ Վերջինս իր բացման խոսքում կատակով ասաց. «Մենք մեր բերանից հեռու ենք պահելու մարդկանց անունները»՝ ակնարկելով «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ Ուիլլ Սմիթի և Քրիս Ռոքի միջև տեղի ունեցած միջադեպը։
Առաջինը ելույթ ունեցավ «Silk Sonic» խումբը, այնուհետև 19-ամյա երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն՝ կատարելով իր «Driver’s License» երգը։
Նախքան ելույթ կունենար կորեական BTS-ը՝ հայտարարվեց «Տարվա երգ» անվանակարգում հաղթողի անունը. հաղթեց «Silk Sonic»-ը «Leave the door open» երգով։
Եվ դե, իհարկե, դրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ կորեական BTS խումբը, որի երկրպագուներն անգամ լսելի էին Լաս Վեգասում։ Նրանք կատարեցին իրենց տարվա հիթը՝ «Butter» երգը՝ ներկայանալով սև կոստյումներով և հիանալի բեմական կատարմամբ։
Կարդացեք նաև
Բիլլի Այլիշն առանձնացավ իր «Happier than ever» երգի յուրօրինակ կատարմամբ։ Բեմի վրա այնպիսի պատկեր էր ստեղծել կարծես դիտում էիր «Happier than ever» երգի տեսահոլովակը։ Ելույթի վերջում անձրև տեղաց բեմի վրա՝ այս ելույթը դարձնելով ավելի տարբերվող և առանձնահատուկ։
Նախորդ տարիներին տարվա նոր արտիստ անվանակարգում հաղթած Դուա Լիպան և Մեգանը կարդացին այս տարվա նոր արտիստ անվանակարգում հաղթողի անունը։ Հաղթողն էր 7 անվանակարգում Գրեմմիի առաջադրված երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն, որն արցունքն աչքերին ասաց. «Սա երբևէ իրականացած իմ ամենամեծ երազանքն է»։
Օլիվիան հաղթեց նաև լավագույն փոփ սոլո կատարում և լավագույն փոփ վոկալ ալբոմ անվանակարգերում։ Ռեպ կատարում անվանակարգում էլ հաղթեց Քեդրիկ Լամարը՝ Family ties երգով։
Երեկոն այն չէր լինի, եթե ելույթ չունենար աղջիկների սիրելին՝ 8 անվանակարգերում առաջադրված Ջասթին Բիբերը։ Նա կատարեց «Peaches» երգը՝ նախ սկսեց դաշնամուր նվագելով, ապա շարունակեց ռիթմիկ կատարմամբ։ Հանդիսատեսի մեջ նկատելի էր Ջասթինի կինը՝ Հեյլի Բիբերը, որն ամուսնու հետ հավասար երգեց և դահլիճից աջակցեց նրան։
Լավագույն դուետ/խմբային կատարում անվանակարգում հաղթեց Դոջա Քեթը՝ իր և SZA-ի «Kiss me more» երգով։
Այս անվանակարգում առաջադրված էր նաև կորեական BTS խումբը «Butter» երգով։ Նախորդ տարի կրկին առաջադրված լինելով այս անվանակարգում՝ BTS-ը չհաղթեց, ինչը նրանց երկրպագուների շրջանում դժգոհությունների տեղիք տվեց։
Տարվա ձայնագրություն անվանակարգում կրկին հաղթեց Silk Sonic-ը՝ «Leave the door open» երգով։ Վերջում Լենի Քրավիցը հայտարարեց տարվա ալբոմ անվանակարգում հաղթողին։ Հաղթեց Ջոն Բատիստը՝ We are ալբոմով։ Նա զարմանքով ընդունեց իր հաղթանակը, որը շատ անսպասելի էր շատերի համար։ Ջոն Բատիստը Գրեմմիի առաջադրված էր 11 անվանակարգում։
Երգիչ Ջասթին Բիբերը առաջադրված լինելով 8 անվանակարգում՝ չհաղթեց ոչ մեկում։ 8 անվանակարգում առաջադրված Դոջա Քեթն էլ հաղթեց միայն մեկում։ Ջոն Բատիստը հաղթեց 5 անվանակարգում, Օլիվիա Ռոդրիգոն՝ 3։ Սելենա Գոմեսը առաջին անգամ Գրեմմիի առաջադրված լինելով չհաղթեց։ Նա առաջադրվել էր փոփ լատին ալբոմ անվանակարգում։
Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ