Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները կուրորեն ենթարկվում են այդ հայ-թուրքական խաբեությանը. Սեյրան Օհանյան

Ապրիլ 03,2022 21:21

Այսօրվա իրավիճակը չափազանց բարդ է եւ այսօրվա իշխանությունների պարագայում Արցախն ու Հայաստանը տանում են գահավիժման, կորստի:

Այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանը: Նա մասնակցում էր իրազեկման երթին, որն ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքին ընդառաջ անցկացնում էին խմբակցության պատգամավորները:

«Մեզ նոր ցեղասպանություն է սպասվում, եւ մենք պարտավոր ենք ներկա լինել հանրահավաքին, որպեսզի առաջ քաշենք մեր պայմանները: Այսօր մենք տեղեկացման գործընթաց ենք իրականացնելու, որը կշարունակվի նաեւ վաղը եւ վաղը չէ մյուս օրը, որպեսզի ամսի 5-ին 18:30-ին մեր ժողովուրդը մեզ հետ լինի. ոչ միայն մեր կողմնակիցները, այլեւ մեր ժողովրդի մեծ մասը, որն այս մեկ տարի երեք ամսում համոզվել է, որ ներկայիս իրավիճակը լուրջ է, եւ ներկայիս իշխանությունների առկայության պարագայում մենք Հայաստանն ու Արցախն անկման ենք տանում»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ցավ է, որ բանակցային գործընթացը կանգնեցվեց եւ տեղի ունեցավ պատերազմ. «Ցավ է, որ պատերազմում մենք չկարողացանք հասնել հաջողության, որովհետեւ մեր երկրի ե՛ւ մարդկային, ե՛ւ նյութական ներուժը չմոբիլիզացվեց՝ Արցախն ու Հայաստանը պաշտպանելու: Ցավ է, որ այդ պարտությունների շարունակականությունը գոյություն ունի: Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Արցախի սահմաններում դուք ինքներդ էլ տեսնում եք՝ ինչպես է հակառակորդն ամեն օր շարունակում իր ճնշումները եւ սադրանքներ է իրականացնում սահմանին, իսկ այժմ նաեւ Արցախում, եւ այդ պատճառով է, որ 6-7 ամիս առաջ շարժում սկսեցինք, որն անվանեցինք «Դիմակայության շարժում»․ ո՛չ Հայաստանի թրքացմանը, ո՛չ Արցախում հայերի բնաջնջմանը: Եվ ամենակարեւորը՝ ցավ է պատճառում այն, որ այս պայմաններում, երբ չկան համապատասխան նախադրյալներ, Ադրբեջանը չի ցանկանում հայ ժողովրդի հետ ապրել խաղաղությամբ, այլ միակողմանի կարգով փորձում է պարտադրել Հայաստանի իշխանություններին, իսկ Հայաստանի իշխանությունները կուրորեն ենթարկվում են այդ հայ-թուրքական խաբեությանը:

Մեր հանրահավաքն իրականացվում է ի պաշտպանություն Արցախի: Այսինքն՝ պաշտպանելով Արցախը, մենք պաշտպանում ենք Հայաստանը»:

Ըստ նրա՝ պետք չէ կուրորեն ենթարկվել այդ խաբեությանը. «Պետք է ամուր կանգնել ոտքերի վրա, դուրս գալ այս հոգեբանական ճգնաժամից, քանի որ մեր ողջ պատմությունը ցույց է տվել, որ մեզ հարվածներ են հասցնում, սակայն մենք միշտ պատվով ենք հաղթահարում: Եվ մենք ցանկանում ենք հիմա էլ պատվով դուրս գալ այս իրավիճակից եւ հաջողության հասնել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930