Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր երկրաբանի օրն է (հիշողություն)

Ապրիլ 03,2022 19:44

Այսօր՝  ապրիլի առաջին կիրակին նշվում է որպես երկրաբանի օր։ Այն իմ առաջին և սիրելի մասնագիտական տոնն է։ Մասնագիտություն, որին դեպքերի բերումով ես դավաճանեցի։

Ինչևէ, օրվա առիթով, որոշեցի մի հիշողություն ներկայացնել։

Պատանի տարիներից, բացի հայ պատմիչներին և գրողների պատմական վեպերը կարդալուց, կարդում էի նաև հակախորհրդային, արգելված գրականություն։ Այդ տարիներից երազել եմ Հայաստանի անկախության մասին։ Պատկերացնում էի ապագա անկախ Հայաստանը՝ որպես ուժեղ, ազատ, զարգացած պետություն։ Բնականաբար, որպես խոչընդոտ այդ ճանապարհին տեսնում էի ԽՍՀՄ-ը, արդարացիորեն այն նույնացնելով Ռուսաստանի հետ։ Այո՛, ինչ-որ իմաստով դառել էի հակառուս։ Հետագայում ընդունվեցի Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Ա․ Պ․ Կարպինսկու անվան Համամիութենական երկրաբանական գիտա-հետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա (ВСЕГЕИ) և շուրջ չորս տարի բնակվեցի այնտեղ և 1987թ․ պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն։ Բացի գիտությամբ զբաղվելուց, շփվում էի նաև լենինգրադյան այլախոհ, մշակույթի գործիչների, ինչպես նաև այլազգիների հետ։ Այդ տարիների ընթացքում, ինչպես ինստիտուտում, այնպես էլ այլ շրջապատում, իմ հանդեպ եղել է միայն ջերմ, հոգատար վերաբերմունք, ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ տարբեր ազգերի ներկայացուցիչներից։

Անկեղծորեն ասեմ, որ լենինգրադյան տարիները ինձ դուրս բերեցին նեղ ազգայնական մտածողությունից և դարձրեցին ավելի լայնախոհ։ Մնալով նույն՝ Հայաստանի անկախության ջատագով, հասկացա, որ դրա համար պարտադիր չէ լինել հակառուս։ Այո՛, Հայաստանի անկախության ճանապարհին, բնականաբար խոչընդոտ էր հանդիսանում ԽՍՀՄ-ը, կամ Ռուսական կայսրությունը, բայց հասնելով Հայաստանի անկախությանը, բոլորովին չէր նշանակում շարունակել հակադրվել Ռուսաստանին։

Երբ 1988թ․ սկսվեց արցախյան շարժումը, փետրվարի վերջերին մեկնեցի Լենինգրադ գործուղման։ Ինստիտուտի ղեկավարությունը, տեղեկանալով իմ այցի մասին, առաջարկեց Հայաստանում կատարվող իրադարձությունների շուրջ  գիտխորհրդի հատուկ ընդլայնված նիստ հրավիրել, որտեղ ես կներկայացնեմ իրավիճակը։ Հաջորդ օրը, ինստիտուտի լեփ-լեցուն  դահլիճում  հանդես եկա մոտ 40 րոպեանոց ելույթով՝ ներկայացնելով Արցախի հիմնախնդիրը, սկսած 1918-21թթ․, հետագայում սկսած 1954թ․ հայ մտավորականների պարբերական դիմումները ԽՍՀՄ ղեկավարությանը և վերջապես այն, ինչ կատարվում էր այդ օրերին Հայաստանում, այն է՝ ոգևորվելով Միխայիլ Գորբաչովի հռչակած վերակառացումից, մեր հույսերը պատմական սխալն ուղղելու։ Վերջում ընթերցեցի լենինգրադցի ազգագրագետ Գալինա Ստարավոյտովայի աղմուկ հանած նամակը։ Ելույթիցս հետո սկսվեց հարցերի տարափը։ Իմ ատենախոսության ընդդիմախոս պրոֆեսոր Ա․Ա․ Պրիյատկինը հետևյալ հարցն ուղղեց․

-Ավետիք, իսկ հնարավո՞ր է, որ այդ շարժումն ինչ-որ պահի վերածվի Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից ելնելու պահանջի։

Պատասխանեցի․

-Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, այո՛ Հայաստանում կան անկախական ուժեր, բայց նրանք քիչ են և նրանց ազդեցությունը չնչին է։ Ավելին, հայ հասարակությունը նրանց համարում է վտանգավոր՝ կարծելով, որ նրանք խանգարում են Ղարաբաղի և Հայաստանի միավորմանը։

Հետևեց հաջորդ հարցը․

-Ավետիք, իսկ դուք այդ մասին, ի՞նչ կարծիքի եք։

Պատասխանեցի․

-․․․Ես պետք է անկեղծ լինեմ։ Պատանեկության տարիներից իմ երազանքն է եղել տեսնել անկախ Հայաստան և ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին։

-Այսինքն, դուք ցանկանում եք դուրս գալ ԽՍՀՄ-ից և թշնամանա՞լ Ռուսաստանի հետ։

-Այդ ի՞նչ եք ասում։ Ես ինչպե՞ս կարող եմ թշնամանալ Ռուսաստանի հետ, երբ իմ լավագույն տարիներն անցկացրել եմ Լենինգրադում՝ մշտապես  արժանանալով լավ վերաբերմունքի, ձեռք եմ բերել հիանալի գործընկերներ և մտերիմ ընկերներ։ Ինձ համար ռուսական մշակույթը շատ հոգեհարազատ է։ Բայց նաև ես կարծում եմ,  որ ամեն ժողովուրդ իրավունք ունի ունենալ սեփական անկախ պետությունը։ Դառնալով անկախ՝  ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կլինեն բարեկամ երկրներ և  դաշնակիցներ։

Եվ․․․ Դահլիճը թնդաց ծափահարություններից։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930