Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ արհամարհեք սեփական մշակույթի գործիչներին․ դիմում նախկին, ներկա ու գալիք իշխանավորներին

Ապրիլ 03,2022 16:25

«Շուշի» հիմնադրամի դիմումը նախկին, ներկա ու գալիք իշխանավորներին

Թվում էր, թե 1988-ի հեղափոխությունից հետո շատ բան կփոխվեր հանրության մտածելակերպում, այդ թվում՝ մշակույթի նկատմամբ պետական քաղաքականությունում: Սակայն անցյալ 34 տարիներին երկրի ոչ մի առաջնորդ լուրջ չվերաբերվեց մշակույթին, հազարամյակներից եկող նրա հարուստ ժառանգության պահպանմանն ու զարգացմանը, հանրության հետ նրա կապի ամրապնդմանը:

Մշակույթը հանրության կյանքի անքակտելի մասն է: Այն ընդգրկում է արվեստները, գիտությունը, գրականությունը, լեզուն, ազգագրությունը, արհեստները: Քաղաքակրթության պատմությունը ցույց է տալիս, որ սեփական մշակույթից կտրվածության արդյունքում այդ երկիրը հայտնվում է կործանման եզրին:

Կարո՞ղ ենք պատկերացնել Հայոց գոյությունը, պետականության վերականգնումն առանց մեր պատմիչների ստեղծած ժառանգության: Այս իմաստով մեր պատմիչները, փիլիսոփաները, գրականության գործիչները մեր ռազմավարներն են: Առանց Մաշտոցի, Խորենացու, Ագաթանգեղոսի, Բուզանդի, Կաղանկատվացու, Գանձակեցու, Գոշի, մեր գրականության ռահվիրաներ Նարեկացու, Աբովյանի, Րաֆֆու, Թումանյանի, Չարենցի դժվար է պատկերացնել ազգի գոյության շարունակականությունը: Այս մասին գրում եմ, որպեսզի հիշեցնեմ, որ հասարակության կյանքում արվեստի գործիչների, գրողների, գիտնականների  անտեսումը բերում է բարոյահոգևոր ճգնաժամի՝ կոռուպցիայի, անարդարության, իշխանավորների անպատասխանատվության, տնտեսական անկման, երկրի անվտանգության թուլացման:

60-80-ականներին մեր գրողները, հրապարակախոսները, լրագրողները, արվեստի գործիչները շատ բան արեցին հանրությանը նախապատրաստելու դիմակայելու ԽՍՀՄ փլուզման հետևանքներին, որ հանրությունը ժամանակին  ճանաչի իր թշնամուն և թոթափի օտարի լուծը: Հանրությունը միակամ դարձավ, հավատաց իր ուժին և դաժան ու անզիջում պայքարում հաղթեց մի քանի անգամ իր ռեսուրսներով գերազանցող թշնամուն: Իսկ ահա նախկին և ներկա իշխանությունների կողմից սեփական մշակույթի, գրականության, գիտության, նրա գործիչների նկատմամբ վարվող քաղաքականությունը հիմք հանդիսացավ բարոյական աննախընթաց ճգնաժամի՝ իր բոլոր բացասական հետևանքներով, որի արդյունքն էլ համընդհանուր բարոյալքումն էր ու անբացատրելի պարտությունը 44-օրյա պատերազմում:

Անշուշտ, հանրության կյանքում բնական ընթացք է նոր ուժերի իշխանության գալը: Ուստի և նախապես դիմում եմ գալիք իշխանավորներին. մի՛ արհամարհեք սեփական մշակույթի գործիչներին՝ արվեստագետներին, գրողներին, հրապարակախոսներին, գիտնականներին, պայմաններ ստեղծեք, որ նրանց ստեղծագործությունները հասնեն հանրությանը: Քաղաքակիրթ աշխարհը նրա մշակույթով, գրականությամբ է ճանաչում ու գնահատում տվյալ ժողովրդին, պետությանը: Այս տեսանկյունից չի կարելի արհամարհել միջազգային հանրության կարծիքի վրա ներազդման գործը: Սիրելով սեփական մշակույթը, գրականությունը, նրա գործիչներին, գնահատելով նրանց ներդրումը հանրության մտածելակերպի փոփոխության գործում, մարդիկ մերժում են անարդարությունը, կոռուպցիան, հաղթահարում են ճգնաժամը, դառնում են միակամ, երկիրը դարձնում են հզոր և անպարտելի:

Բակուր  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   

ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԳԵՂԱՆԿԱՐԻՉ

«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՆԱԽԱԳԱՀ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930