Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական. ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

Ապրիլ 03,2022 15:15

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Իտալիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

Բարև Ձեզ հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ Հայաստանում ողջունել իմ գործընկեր Լուիջի Դի Մայոյին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին: Հատկանշական է, որ այս այցը տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում, ինչը նոր լիցք կհաղորդի մեր երկրների փոխշահավետ համագործակցությանը։

Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը` հիմնված հարուստ ավանդույթների, պատմական շփումների, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա:

Այսօրվա քննարկումների ընթացքում մենք երկուստեք գոհունակություն ենք հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և բարձրաստիճան փոխայցերի դրական դինամիկայի առնչությամբ։

Արձանագրել ենք, որ տարեցտարի աճում է երկկողմ առևտրաշրջանառության և իտալական ներդրումների ծավալը Հայաստանում, և երկուստեք հավաստիացրել ենք, որ հետաքրքրված ենք այս ներդրումների և ապրանքաշրջանառության ծավալներն էլ ավելի ավելացնելու մեջ: Հարկ եմ համարում նշել, որ այնուամենայնիվ, թեև կա պատրաստակամություն և առկա կապեր, տնտեսական ոլորտում առկա է նաև չօգտագործված հսկայական ներուժ, և ինչպես ասացի, այդ ներուժի իրացման գործում կարևորում ենք նաև հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը։ Ի դեպ, պարո՛ն նախարար, վերջին անգամ 2017թ․-ին է հանձնաժողովը հավաքվել։ Կարծում եմ՝ կարող ենք քայլեր ձեռնարկել նաև այս ուղղությամբ։

Իտալիայի իմ գործընկերոջ հետ այսօր անդրադարձել ենք նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին, Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։

Ողջունելի է Իտալիայի համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունեությունն ու դրա ընդլայնումը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր հանգամանալից անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցրերի։ Ես ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքներով ստեղծված իրավիճակը։

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին: Եվ այս առումով ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ և հասցեական արձագանքել են Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Ես կրկին վերահաստատել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու խաղաղ բանակցությունները և արդյունքում՝ խաղաղության պայմանագիր կնքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո և շրջանակներում։ Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական, և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմից հետո առաջացած և դեռ չլուծված հումանիտար խնդիրներին, և առաջին հերթին, բնականաբար, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը, և բարձր ենք գնահատում այս առումով Իտալիայի խորհրդարանի կողմից անցած տարի մարտին ընդունված բանաձևը։

Անշուշտ, շարունակում է մտահոգիչ մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների ճակատագիրը: Պետք է ընդգծեմ, որ ինչպես և նախկինում, այժմ ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային այցը այս առաքելությամբ շարունակում է խիստ պահանջված մնալ։

Ողջունում ենք նաև Արցախի և նրա ժողովրդի պաշտպանությանն ուղղված Իտալիայի մոտ 50 շրջանային և քաղաքային խորհուրդների կողմից ընդունված փաստաթղթերը։

Հարգելի՛ պարոն Դի Մայո,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բովանդակային քննարկման համար և խոսքը փոխանցում եմ Ձեզ։

Շնորհակալություն։

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930