Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մենք հակառակ ճամբարում ենք, դրա համար ստացանք այն, ինչ ստացանք, Ուկրաինան ստանում է այն, ինչ ստանում է»․ «Առերեսում»

Ապրիլ 02,2022 22:00

«Ուկրաինան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, եւ իհարկե՝ շատ ավելի լավ կլիներ Ուկրաինայի համար, որ ՌԴ-ն Գրենլանդիայում կամ, չգիտեմ, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նույնպես պատերազմեր, որպեսզի ռուսական ուժերն ավելի քիչ ներգրավված լինեին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Ուկրաինացու տեսակետից է հարկավոր նայել այդ գրառմանը»,– իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այսպես մեկնաբանեց Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի ասածը, թե այլ երկրների տարածքում ռուսական շահերի գոտում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, նոր ճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային պայքարել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ։

Անդրադառնալով այն հարցադրումներին, թե ինչպե՞ս պատահեց, որ Արևմուտքը միաբանված պաշտպանում և օգնում է Ուկրաինային՝ պատժամիջոցներով, զենքով, քաղաքական և բարոյական աջակցությամբ, Ռուսաստանի մեկուսացմամբ, բայց այդպես չեղավ Հայաստանի պարագայում, Վարդան Հարությունյանը մասնավորապես ասաց․ «Եթե ցանկանում ես, որ քեզ ազատ աշխարհը աջակցի՝ ուրեմն, պետք է լինես այդ ազատ աշխարհի մաս, պետք է լինես նրանց նման։ Երբ քո պատերազմից մի քանի օր առաջ շնորհավորում ես Լուկաշենկոյին՝ կեղծված ընտրությունների կապակցությամբ, երբ դու կցվում ես պուտինյան Ռուսաստանին, որը պայքարում է ազատ աշխարհի դեմ, երբ միջազգային կառույցներում քվեարկում ես ազատ աշխարհի դեմ, եւ եթե քո երկրում պատերազմ լինի՝ այդ ազատ աշխարհը կարող է եւ չաջակցել քեզ»։ Ըստ նրա՝ «Այսօր մենք հակառակ ճամբարում ենք, դրա համար ստացանք այն, ինչ ստացանք, Ուկրաինան ստանում է այն, ինչ ստանում է, քանի որ ինքն ազատ աշխարհի մաս է»։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել էր․ «Ովքեր համոզում են Բաքվին երկրորդ ճակատ բացել Արցախում՝ հայ ազգի թշնամիներն են։ Դրանց անունները պետք է գրանցել, որ հետո որպես հայ ազգի թշնամի հրապարակվի ամբողջ աշխարհով մեկ՝ անկախ դրանց քաղաքացիությունից ու այլ պատկանելություններից»։ «Առերեսում» հաղորդաշարի մյուս հյուրը՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այս առնչությամբ ասաց, թե այդ պարագայում կարելի է ողջ աշխարհը գրանցել որպես հայ ազգի թշնամի․ «Պատերազմն ամենամեծ անբարոյականությունն է։ Եվ պատերազմի ժամանակ պահանջել բարոյական մոտեցումներ՝ պարզապես միամտություն է, քանի որ երկիրն օգտագործում է բոլոր լծակները՝ այդ թվում եւ սուտը, սադրանքները, որ հասնի Ուկրաինայի պետական պաշտպանությանը»։

Ռուբեն Բաբայանը նշեց, թե ներկայումս հնչող մեղադրանքների փոխարեն՝ կուզենար, որ քննարկում լիներ, թե ինչու ենք մենք մեկուսացած, ինչ չենք արել։ Բացի այդ՝ «Երբ խոսում ենք ուկրաինացիների վերաբերմունքի մասին՝ չմոռանանք, որ սա հիմնականում պետության վերաբերմունքն է, որը, կարծում եմ, արդարացված է Հայաստանի պահվածքով վերջին 8 տարվա ընթացքում։ Այո, բոլոր միջազգային ատյաններում Հայաստանը քվեարկում էր Ուկրաինայի դեմ, եւ ցավոք՝ մեր այսօրվա թշնամին անում էր հակառակը»։

Խտրական վերաբերմունքի եւ երկակի չափանիշների վերաբերյալ մեղադրանքներ են ուղղվում միջազգային կառույցներին, թե ինչու էին անդեմ ու երկու կողմերի միջեւ հավասարության նշան դնող հայտարարություններ անում 44-օրյա պատերազմի ժամանակ՝ եթե արյունահեղությունն իրենց համար իրոք մերժելի երևույթ է։ Դարձյալ տարանջատելով պետությունների եւ հասարակությունների դիրքորոշումը՝ պրն Բաբայանն ասաց․ «Հարցը լուծվում է ճամբարներով՝ եկեք չփորձենք պետական, քաղաքական գործիչներին վերագրել մեծ մարդասերների կարգավիճակ»։ Նրա կարծիքով՝ «Մենք արեցինք ամեն ինչ, որ որեւէ տեղ չգրավենք որեւէ պետության պետական շահերի շրջանակում։ Մենք ինքներս մեզ համար, շատ ռոմանտիկ ձեւով՝ ընտրեցինք, որ մեր տեղն այս դաշտում է գտնվում, որը պարտավոր է մեզ պաշտպանել․․․»։ Հարցադրմանը՝ մի՞թե 2018–ից հետո տեսանելի չէին այլընտրանք որոնելու հուսահատ ճիգերը՝ արձագանքեց Վարդան Հարությունյանը․ «Նրանք իշխանության գալուց 1 վայրկյան հետո արդեն Կրեմլում էին։ Ես հուսահատ ճիգ չեմ տեսել»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կանխատեսել էր, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայում բացարձակ հաղթանակ ունեցավ, Հայաստանն ամեն ինչ կորցնելու է։ «Թուրքիան ու Ռուսաստանն այստեղ գործողություններ են տանելու, որ Հայաստանն այլևս գլխացավանք չառաջացնի»: Վարդան Հարությունյանի կարծիքով՝ նա երեւի մտահոգված է, որ եթե Ռուսաստանին հանկարծ հաջողվի  լուրջ հաղթանակ, հաջողություն գրանցել, ապա պետք է իր ծավալապաշտական քաղաքականությունը շարունակի․ «Կարծում եմ, նա ավելի շահեկան է համարում մեզ համար, որ այս պատերազմից Ռուսաստանը դուրս գա քիթը լավ տրորված, բայց եւ վերջնականապես չջախջախված․․․ Ես այն երջանիկներից եմ, որն իր կյանքում երկու անգամ է տեսնելու ռուսական կայսրության քայքայումը։ Պուտինը նպաստում է այդ քայքայմանը»։

Մինչդեռ իրականացող կանխատեսում է, թե Ադրբեջանն օգտվում է իրավիճակից, որ Ռուսաստանի «գլուխը խառն» է՝ Արցախում նոր դիրքեր նվաճելու համար։ Համաձայնելով այդ կանխատեսմանը՝ Ռուբեն Բաբայանը հավելեց․ «Եվ դա բացատրվում է նրանով, որ մեր ամբողջ հույսը, համենայն դեպս՝ Արցախի հարցով, Ռուսաստանն է։ Կարծում եմ, դա բացարձակապես արդարացված չէ, քանի որ ՌԴ–ն այնտեղ զուտ իր ծավալապաշտական շահերն է լուծում։ Ադրբեջանում չկար ռուսական զորք՝ հիմա կա․․․»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930