Բրյուսելյան այցի նախօրեին ակտիվություն է ցուցաբերում նաեւ Թուրքիան: Այդ երկրի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն առաջարկել է Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպում ունենալ։ Հնարավոր համարելով այդ նպատակով նույնիսկ իր այցը Երեւան՝ Չավուշօղլուն ասել է. «Կարեւորն այս ընթացքում Ադրբեջանի հետ մեր կապն է ու նրա դիրքորոշումը»։
«Թարգմանենք» Չավուշօղլուի այս հայտարարությունը՝ ասվածի էությունն առանձնացնելով թուրքական դիվանագիտության շղարշող վարագույրից: Թուրքիայի ԱԳ նախարարը, ըստ էության, ասում է, որ առաջնայինն Ադրբեջանի դիրքորոշումն է, բայց վերջինս, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, հայտնում է բացառապես այն, ինչ իրեն ասում է Անկարան: Այսինքն՝ պաշտոնական Բաքվի ապակառուցողական եւ առավելապաշտական մոտեցումները լիովին կառավարվում են Անկարայից, դա են փաստում նաեւ Արցախի հարցում այդ երկու պետությունների նույնանման հայտարարություններն ու տառացի կրկնվող ձեւակերպումները: Ուզբեկստան կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Էրդողանը կրկնեց Ալիեւի այն բոլոր ձեւակերպումներն ու որակումները, որոնց հեղինակը նույն ինքը՝ էրդողանն է:
Մասնավորապես՝ նա իր խոսքում գնաց իրականության աղճատման՝ ասելով, թե Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից դրանք խախտելու վերաբերյալ որեւէ հայտարարություն քննարկելի չէ։ «Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետեւել է պաշտպանություն»,- հայտարարեց Էրդողանը։
Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն պետք է ապահովվեր «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»: Նկատենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված է 7 շրջաններից զինված ուժերի դուրսբերման եւ հիշատակված չէ 1991 թ. հանրաքվեով անկախացած Արցախի Հանրապետության տարածքների մասին:
Բացի այդ, Էրդողանն էլ Ալիեւի նման փորձում է ներկայացնել, թե Ադրբեջանում Արցախի Հանրապետություն միավորում չկա, ինչն առնվազն տարակուսելի է ցանկացած քիչ թե շատ տրամաբանող մարդու համար՝ օրինաչափ հարց առաջացնելով, թե այդ դեպքում 30-ամյա հակամարտության պատճառը ո՞րն է եղել, եւ ինչո՞ւ է այսօր Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կանգնած ՌԴ խաղաղապահ զորակազմը:
Տարածաշրջանում խաղաղություն ու համագործակցություն հաստատելու համար պետք է դիտարկել բոլոր հարցերը եւ առաջին հերթին հիմնականը՝ արցախցիների ինքնորոշման իրավունքի խնդիրը: Դրա համար թյուրքական պետությունները պետք է ընկալեն հին արեւելյան իմաստուն խոսքը. «Շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանա»: Այսինքն՝ հայտարարելով, թե Արցախի խնդիր այլեւս չկա, ամենեւին չի նշանակում, թե այն չկա: Բրյուսելյան հերթական հանդիպումից առաջ տարածաշրջանային իրողություններն աղճատելու նման փորձերը թուրքական կողմի կառուցողական կեցվածքի մասին չեն խոսում: Տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու գործընթացում շոշափելի արդյունքների հասնելու համար պետք է հաշվի նստել ստեղծված իրավիճակի հետ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում