Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2023 թ.-ի համար արտաքին հատկացումների բյուջեի իր նախագիծը. Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբն իր հայտարարության մեջ հիասթափություն է հայտնել. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 02,2022 10:30

Օրերս ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2023 թվականի համար արտաքին հատկացումների բյուջեի իր նախագիծը, ուր Հայաստանին տրամադրվող ամերիկյան տնտեսական օգնությունը կազմում է 23,405,000, իսկ ռազմականը՝ 600 հազար դոլար: Ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության՝ վարչակազմը որևէ միջոց չի նախատեսել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի համար:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբն իր հայտարարության մեջ հիասթափություն է հայտնել վարչակազմի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված 2022 թվականի արտաքին հատկացումների գծով բյուջեն զգալիորեն մեծ է վարչակազմի այս տարվա առաջարկած ամերիկյան օգնության չափից: Հիշեցնենք, որ 2022թ.-ի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանի համար նախատեսել է 45 միլիոն դոլարի օգնություն և 2 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի է ու չի ներառել որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», – նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և ամերիկահայ համայնքային ակտիվիստները կաշխատեն հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ամերիկյան օգնության չափը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին կտրուկ ավելացնելու համար։

«Ամերիկայի ձայն»-ը դիմել է ամերիկահայ մեկ այլ կազմակերպության ՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանին՝ խնդրելով ներկայացնել Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրման և ընդհանրապես ԱՄՆ-ում բյուջեի ընդունման ընթացակարգը: Ըստ Մարիամ Խալոյանի՝ վարչակազմի առաջարկած նախագիծը վերջնական չէ և պետք է անցնի երկար ընթացակարգ՝ վերջնական գումարի ձևավորման և բյուջեի հաստատման համար: Այս հարցում նա ևս կարևորում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականների ու ամերիկահայ համայնքի ներգրավվածությունը, որոնց ջանքերի շնորհիվ, սովորաբար, հնարավոր է դառնում ազդել Հայաստանին տրամադրվող օգնության չափաբաժնի որոշման վրա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930