Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումները 5,3 %-ի փոխարեն իջեցրել է 1,6 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներին անդրադարձել են նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները: Օրինակ՝ Moody’s-ի կանխատեսումներով, Հայաստանում 2022-ին տնտեսական աճը կնվազի և կկազմի մոտ 1,8 %, իսկ 2023-ին` մոտ 3 %: Այլ են իշխանական շրջանակների կանխատեսումները, որոնք անգամ երկնիշ տնտեսական աճի սպասումներ ունեն:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախ անդրադարձավ ԿԲ-ի ցուցանիշին և միջազգային՝ տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումներին. «Պետք է մի հանգամանք հաշվի առնենք. նվազեցումը շատ ավելի մեծ չի եղել, քանի որ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվություն կար: Մարտին ևս կար որոշակի ակտիվություն՝ կապված Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքի, նաև տնտեսական շարժի ու ակտիվության հետ: Այս հանգամանքն է, որ, այսպես ասենք, մեզ փրկել է էլ ավելի ցածր տնտեսական կանխատեսվող ակտիվությունից: Թե՛ արտաքին, թե՛ ներքին ռիսկերը, մեծ հաշվով, շարունակում են մնալ: Եթե այսպիսի իրավիճակում դրական իմաստով որևէ հարվածային փոփոխություն, մասնավորապես՝ տնտեսության պետական աջակցության ծրագրեր, պետական կարգավորմամբ հարկային ու բյուջետային փոփոխություններ չլինեն, ապա նվազեցվելու են տնտեսական աճի անգամ եղած չնչին կանխատեսվող ցուցանիշները»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը տնտեսությունն ապախթանում է:
«Այս քայլն իրականացվում է պահպանվող, նաև լրացուցիչ գնաճային ֆոնին: Ինչպես գիտենք, ապրիլի 1-ից նաև գազի սակագինն է միջինը մոտ 4,7 դրամով բարձրացել: Այս ֆոնին ԿԲ-ն նորից ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա իրականում հանգեցնելու է տնտեսական ակտիվության ապախթանմանը: Ու եթե հակաճգնաժամային իրական ու համարժեք կանխարգելիչ միջոցառումներ չլինեն ու համալիր կերպով չգործադրվեն, մենք այս տարի ընդհուպ մինչև տնտեսական անկում կարող ենք արձանագրել»,-ընդգծեց նա:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում