ԱՄՆ Սարատոգա քաղաքում կա մի հուշարձան, որը երկարաճիտ կոշիկի տեսք ունի: Այդ արձանի մակագրությունը հետեւյալն է. «Նվիրվում է նրան, ով իր խիզախությամբ վաստակել է գեներալի կոչումը»: Չկա այդ «վաստակավոր գեներալի» դեմքը, չկա անգամ նրա անունը: Բայց մենք գիտենք, թե ում մասին է խոսքը:
Բենեդիկտ Առնոլդն իսկապես խիզախորեն կռվում էր ամերիկյան հեղափոխական բանակում՝ անկախության համար պատերազմի ժամանակ: Նա Ջորջ Վաշինգթոնի մոտիկ զինակիցներից մեկն էր: Սակայն մի քանի փայլուն հաղթանակ տանելուց հետո՝ Առնոլդը նեղացավ իր հրամանատարից, որը, նրա կարծիքով, բավականաչափ չէր գնահատում իր վաստակը, եւ որոշ ժամանակից անցավ հակառակորդի, այսինքն՝ անգլիացիների կողմը:
Մարտերից մեկի ժամանակ նա գերեվարում է իր նախկին՝ ամերիկյան բանակի մի սպայի եւ հարցնում. «Ի՞նչ կանեք դուք ինձ հետ, եթե ես հանկարծ ձեզ գերի ընկնեմ»: Սպան պատասխանում է. «Մենք խոնարհվելու ենք այն ոտքի առաջ, որն ազատագրել է մեր հողն անգլիացիներից, իսկ քո մնացած մարմինը կկախենք առաջին իսկ ծառից»: Ահա թե ինչու է կանգնեցվել Բենեդիկտ Առնոլդի ոտքի արձանը եւ պաշտոնապես չի հիշատակվում նրա անունը:
Այս պատմությունը ես հիշեցի ազգային հերոս, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ պատերազմի մասնակից, Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի հետ կապված: Նրանք, բարեբախտաբար, դավաճաններ չեն: Առաջինն, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, ի թիվս այլ իրավախախտումների, մեղադրվում է կաշառքի դիմաց մարդկանց աշխատանքի տեղավորելու մեջ, իսկ երկրորդի մոտ, ըստ ոստիկանության, հայտնաբերվել է քիչ քանակությամբ հաշիշ: Փիլոյանին, կարծես թե, ոչ ոք հակված չէ պաշտպանելու, նա քաղաքական թիմի անդամ չէ, եւ հենց դա է, հավանաբար, հնարավորություն տվել նրա դեմ քրեական գործ հարուցելու:
Կարդացեք նաև
Պողոսյանը, ինչպես երեւում է, շատ ավելի քաղաքականացված անձնավորություն է, եւ նրան արդարացնելու ձեւը բավականին հատկանշական է. «Հաշիշը հայտնաբերվել է նրա զինվորական համազգեստում»: Այսինքն, եթե այն հայտնաբերվեր սմոքինգում, դա կլիներ դատապարտելի արարք, իսկ այս դեպքում թմրանյութ պահելը, թերեւս, միանգամայն արդարացված է:
Ինձ համար ակնհայտ է, որ պատերազմին մասնակցելը եւ, հնարավոր է, խիզախություն ցուցաբերելը չի կարող արդարացնել որեւէ հակաիրավական արարք: Հանուն հայրենիքի կռվածները պետք է նույնպիսի պատասխանատվություն կրեն օրենքի առաջ, ինչպիսին կրում են մնացած քաղաքացիները: Ուրիշ հարց, որ այս՝ վերջին պատերազմի հանգամանքները լայն հասարակությանը հայտնի չեն: Մասնավորապես, պարզ չէ, թե ո՞ր մարտերի, ո՞ր գործողությունների համար է Անդրանիկ Փիլոյանը ստացել Ազգային հերոսի կոչում: Եթե նա հետախույզ չէր ու չէր գործում ուրիշի անվան տակ՝ թշնամու թիկունքում, ապա իր կատարած հերոսական գործողությունները պետք է հանրությանը հայտնի դառնան:
Մյուս կողմից՝ խաղաղ ժամանակ կատարած հնարավոր հանցագործությունները չպիտի ստվեր գցեն մարդկանց՝ պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների վրա: Նույնիսկ այն պարագայում, երբ մենք այդ պատերազմում պարտվել ենք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Շնորհակալություն Պ-ն ․Աբրահամյան , որքան ճիշտ եք մեկնաբանում։
Ստորև տեղադրեցի Ձեր կողմից նկարագրված հիշարժան հուշարձանի լինքը։
Շատ հետաքրքիր վերլուծություն արեցիք։
https://www.atlasobscura.com/places/boot-monument
Շնորհակալ եմ, հետաքրքիր էր
Stillwater, New York, in Saratoga County
Փորձում եմ հասկանալ գլոբալ հակառուսականութան, հակահայկականության, հակահրեականության եւ ընդհանրապես հակա- գաղափարախոսության արմատները, որոնք իմ պատկերացմամբ այլասերվածներն են իրականացնում’ այլասերված նստակյացներն ու այլասերված քոչվորները, որոնք էլ անընդմեջ պատերազմում են նորմալների’ նորմալ նստակյացների եւ նորմալ քոչվորների դեմ, սա որպես օրինակ. https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A5%D5%B6%D5%BB%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6_%D4%B4%D5%AB%D5%A6%D6%80%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC%D5%AB
Իմացողներ, հայերեն ավելի մասնագիտական աղբյուրների հղումներ տվեք այդ խնդրի վերաբերյալ: