Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում, պատգամավորի թեկնածուները չեն զրկվել պասիվ ընտրական իրավունքից. ՍԴ որոշումից

Ապրիլ 02,2022 14:00

Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դիմումը ՍԴ-ում գրավոր ընթացակարգով լսվել է օրեր առաջ

Մարդու իրավունքների պաշտպանը (նախկին Պաշտպան Արման Թաթոյան) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դիմել էր Սահմանադրական դատարան, հայտնելով, որ Պաշտպանին ներկայացված բողոքներում, քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց վերաբերյալ ներկայացվել է միջնորդություն, նրանց պաշտպանները ԿԸՀ վարույթի եւ քննարկվող հարցի մասին տեղեկանում են տեղում, երբ լսում են միջնորդությունը, կամ ժամանակ են խնդրում ծանոթանալու համար գործի նյութերին, կամ քննարկվող հարցի վերաբերյալ մոտավոր պատկերացում են կազմած լինում մամուլի կամ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչը, դիմողի գնահատմամբ, սկզբունքորեն անթույլատրելի վիճակ է, որով զրոյացվում են արդար դատաքննության հիմնարար բաղադրիչները: Ըստ նրա. «…հենց այս փուլում պետք էր դրանք հատկապես ապահովել, քանի որ խոսքը գնում է մարդու կողմից իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու մտադրության ու հիմքերի մասին տեղեկացվելուն»: ՄԻՊ-ի գնահատմամբ՝ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով թեեւ սահմանված է, որ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորություններ ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ անձանց ազատությունից զրկելը կարող էր իրականացվել միայն ԿԸՀ համաձայնությամբ, սակայն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի եւ ընթացակարգերի գործարկման բացակայությունը խնդիրներ է առաջացնում արդար դատաքննության, անձնական ազատության, որոշակիության եւ սահմանադրական այլ իրավունքների իրացման եւ սկզբունքների պահպանման տեսանկյունից:

Նշեմ, որ Սահմանադրական օրենքի՝ «Պատգամավորի թեկնածուների իրավունքները, պարտականությունները եւ գործունեության երաշխիքները» վերտառությամբ վիճարկվող 90-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչեւ թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաեւ ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:

Պաշտպանը նշել էր, որ 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ինչպես նախորդող, այնպես էլ հաջորդող ժամանակահատվածում հարուցվել են մի շարք քրեական գործեր, նախաձեռնվել են քրեական հետապնդումներ խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ որպես պատգամավորության թեկնածու մասնակցող անձանց նկատմամբ: Դիմողի գնահատմամբ՝ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի վիճարկվող 5-րդ մասը կիրառվում է խիստ ձեւական մոտեցումներով, որից օգտվում է քրեական հետապնդման մարմինը եւ կատարում է մարդու սահմանադրական իրավունքները խախտող գործողություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու համար, միեւնույն է, չկա որեւէ ընթացակարգ, անձի համար սահմանված չեն համապատասխան իրավունքներ ու այդ իրավունքներն ապահովելու անհրաժեշտ մեխանիզմներ: Դիմողի եզրահանգմամբ՝ գործող կառուցակարգերի պարագայում օրենքով նախատեսված երաշխիքը կրում է ձեւական բնույթ, իսկ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնության հարցի քննարկման գործընթացը քրեական հետապնդման մարմնի օգտին նախապես կանխորոշված ելքով մեխանիկական աշխատանք է՝ առանց որեւէ բովանդակային քննարկման: Վիճարկվող նորմը, դիմողի կարծիքով, առաջին հերթին խնդիրներ է առաջացնում Սահմանադրության 75-րդ հոդվածի տեսանկյունից: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ՝ դիմողը փաստում է, որ կառուցակարգերի բացակայությունը խնդիրներ է առաջացնում ոչ միայն անձանց համար՝ իրենց նկատմամբ կիրառման ենթակա նորմերի կանխատեսելիության առումով, այլեւ համապատասխան կարգավորումները կիրառող մարմնի համար, եւ որ ամենակարեւորն է՝ վերջինս, անկասկած, կարող է հանգեցնել մարդու մի շարք հիմնարար իրավունքների իրացման անհնարինության եւ խախտումների:

Դիմողը նշում է նաեւ, որ քրեական հետապնդում հարուցելու կամ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը ստանալու կառուցակարգերի բացակայության պայմաններում անձը որեւէ հնարավորություն չունի կողմնորոշվելու, թե, (…) իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում իրավական ի՞նչ նորմեր են կիրառվելու, ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ երաշխիքների գործադրմամբ: Այս համատեքստում դիմողը նաեւ նկատում է, որ գոյություն չունի որեւէ ատյան, որտեղ անձը կարող է ներկայացնել իր իրավունքների խախտումների մասին պնդումները, հասնել դրանց արդյունավետ քննարկման ու այդ կերպ պաշտպանվել քրեական հետապնդման մարմինների` իր իրավունքներին միջամտող արարքներից:

Մինչդեռ, ըստ պատասխանողի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի. «Անգամ ԿԸՀ-ի կողմից պատգամավորի թեկնածուին ազատությունից զրկելու համաձայնություն տալը, (…) ինքնին անմիջականորեն չի հանգեցնում վերջինիս անձնական ազատության սահմանափակմանը (…)», ուստիեւ պատասխանողը եզրակացնում է, որ Սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարց Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասելու համատեքստում չի կարող քննարկվել: Սակայն եզրահանգում է, որ թեեւ պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգում առկա է օրենսդրական բաց, սակայն դա չի խոչընդոտում անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությանը։

2022 թվականի մարտի 22-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1644 որոշմամբ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է  Սահմանադրությանը Սահմանադրական դատարանի հետեւյալ մեկնաբանությամբ, որ՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համաձայնություն տալու հարցի քննության եւ լուծման գործընթացում այդ անձանց ընտրվելու իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման առումով անհրաժեշտ է, որ՝ ա) երաշխավորվի տվյալ գործընթացին անձի մասնակցությունը, բ) ապահովվի անձի լսված լինելու իրավունքը, գ) անձին ընձեռվի ընտրվելու իր իրավունքի սահմանափակումը հիմնավորող փաստաթղթերին եւ նյութերին ծանոթանալու, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու եւ միջնորդություններ ներկայացնելու հնարավորություն:

Այս գործով եղել է դատավորի Հատուկ կարծիք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930