Արթուր Հարությունյանի հայցը բավարարվել էր, եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը վերաքննիչ բողոք էր բերել վարչական դատարան:
Վարչական դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանի որոշմամբ, անվավեր էր ճանաչվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 11.10.2019 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 1910-Ա հրամանը: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունից հօգուտ Արթուր Հարությունյանի կբռնագանձվի 30 000 ՀՀ դրամ` որպես խախտված իրավունքների վերականգնման համար իր ներկայացուցչին վճարվելիք դատական ծախս:
Արթուր Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 11.10.2019 թվականի «Զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ կադրերի տրամադրության տակ թողնելու մասին» թիվ 1910-Ա հրամանն ամբողջությամբ անվավեր ճանաչելու եւ վերացնելու, հայցվորին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության` լուծարված (վերակազմավորված) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի իրավաբանական բաժնի սպայի հաստիքին համապատասխան պաշտոնին նշանակելուն, իսկ դրա անհնարինության դեպքում` օրենքվ սահմանված կարգով դրամական փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու, ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար պատասխանողից տուժանք բռնագանձելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին միջնորդություն` ծառայողական քննություն անցկացնելու եւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին ներկայացնելու պահանջների մասին։ Հայցվորը խնդրել էր` 1. ամբողջությամբ անվավեր ճանաչել եւ վերացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 11.10.2019 թվականի վերոհիշյալ թիվ 1910-Ա հրամանը, պարտավորեցնել պատասխանողին` հայցվորին նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության` լուծարված (վերակազմավորված) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի իրավաբանական բաժնի սպայի հաստիքին համապատասխան պաշտոնին, իսկ դրա անհնարինության դեպքում` օրենքով սահմանված կարգով տրամադրել դրամական փոխհատուցում, պատասխանողից բռնագանձել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, եւ միջնորդություն ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարին` անցկացնելու ծառայողական քննություն` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 11.10.2019 թվականի թիվ 1910-Ա հրամանի պատրաստման հանգամանքները պարզելու եւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Թիվ 1910-Ա հրամանն ամբողջությամբ անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան: Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության` լուծարված (վերակազմավորված) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի իրավաբանական բաժնի սպայի հաստիքին համապատասխան պաշտոնին նշանակելուն, իսկ դրա անհնարինության դեպքում` օրենքով սահմանված կարգով դրամական փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու, ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար պատասխանողից տուժանք բռնագանձելու, պաշտպանության նախարարին միջնորդություն` ծառայողական քննություն անցկացնելու եւ մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին ներկայացնելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը դատարանը մերժել էր:
Կարդացեք նաև
Դատարանը նախարարությունից պահանջել էր թիվ 1910-Ա հրամանն արձակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները, սույն որոշումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում: Նախնական դատական անդրանիկ նիստը նշանակվել էր 2020 թվականի փետրվարի 25-ին: Անցյալ տարվա օգոստոսի 25-ից վերաքննիչի վարույթում այս գործով բողոք է բերվել: Ապրիլի 15-ին որոշումը կհրապարակվի վերաքննիչ վարչականում (դատավորներ Լիանա Հակոբյան, Կարեն Գեւորգյան, Էդվարդ Նահապետյան կազմով):
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2022