Հարցազրույց արվեստագետ Իշխան Սեդրակյանի հետ
– Պարոն Սեդրակյան, դուք ղեկավարում եք Մուլտի Վելնես մարզաառողջարարական կենտրոնը, բայց ձեզ մտաբերում ենք դեռեւս 2000-ականների սկզբից, երբ գունանկարի ու գծանկարի ժանրում հանդես էիք գալիս խմբակային ցուցադրություններում, միառժամանակ անց դասավանդեցիք Երեւանի պետական հումանիտար քոլեջում, իսկ հետո ձեր անունը սկսեց շրջանառվել արծաթագործության ոլորտում։ Արվեստի ոլորտի մասնագետները հիացմունքով էին արտահայտվում ձեր աշխատանքների մասին, կանխատեսելով մասնագիտական լուրջ գործունեություն։ Բայց ըստ էության շուրջ հինգ տարի է՝ հեռացել եք արվեստից։
– Առհասարակ ամեն ինչում կարելի է մշակույթ տեսնել։ Մուլտի Վելնեսում իմ աշխատանքները սկսելիս ես ուղղորդվել եմ հենց այդ տեսանկյունից, որովհետեւ ի սկզբանե խնդիր եմ դրել իմ առաջ մարդկանց մոտ տարածել առողջ ապրելակերպի մշակույթը, որը չի սահմանափակվում միայն մարզմամբ կամ առողջ սնունդով։ Դա մտածելակերպ է, ապրելակերպ է։ Իմ երկրորդ մասնագիտությամբ դիզայներ եմ՝ գծանկար-գունանկար մասնագիտացմամբ, սա ինձ շատ է օգնում իմ այսօրվա աշխատանքում։ Եթե մեկի համար լողավազանից օգտվելը զուտ լողի մարզում է, ինձ համար դա նաեւ ինքնամաքրման, վերածնման խորհուրդ ունի։ Իմ կյանքում ես միշտ եղել եմ սպորտի եւ մշակույթի ճամփաբաժնում։
– Ստացվում է, որ արվեստից, այնուամենայնիվ, անցել եք սպորտի ոլորտ, հնարավո՞ր է վերադառնաք արվեստ։
– Ժամանակին, երբ սպորտում էի, հասկացա, որ ինձ շատ բաներ չեն բավականացնում, նոր հետաքրքրություններ էի փնտրում։ Որոշեցի փոխել բնագավառս։ Ինձ գտա գեղարվեստի ոլորտում։ Ինչպես նշեցիք՝ ժամանակին նաեւ դասավանդել եմ այդ ոլորտում։ Ինքս էլ չէի պատկերացնի, որ ձեռքիս մարզասարքը կարող եմ փոխարինել վրձնով։ Այս մասնագիտությունն իմ աշխարհայացքում շատ բաներ փոխեց։ Հետո, երբ կրկին վերադարձա սպորտ՝ որպես մարզիչ, հասկացա, որ լավագույն լուծումն այս ամենի միախառնումն է…
– Միախառնելով երկու ոլորտները, հակիրճ կներկայացնե՞ք ձեր ղեկավարած կենտրոնի հաջողությունները։
– Արդեն երկրորդ տարին անընդմեջ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախաձեռնած մրցանակաբաշխությանը մենք ճանաչվում ենք լավագույնը։ Իսկ դա որոշվում է հանրության շրջանում անցկացված հարցումների հիման վրա։ Մեզ համար ամենամեծ հաջողությունը մեր հաճախորդների սերն ու հավատարմությունն է մեր կենտրոնի նկատմամբ։ Երբ ամեն օր տեսնում եմ հաճախորդների այն մեծ հոսքը, որ գալիս է Մուլտի Վելնես կենտրոն, այ դա է մեր հաջողությունն ու ամենամեծ հաղթանակը։ Մենք ոչ մի վայրկյան չենք դադարում կատարելագործել մեր ծառայությունների որակը, որպեսզի մարդիկ իրենց լավ զգան մեզ մոտ։ Չէ՞ որ մարդկանց օգտակար լինելու եւ հաճախորդին ճիշտ ու որակյալ ծառայություն մատուցելու կարողությունը եւս մշակույթ է։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2022