Շուշաննա Հարությունյանը միշտ երազել է փոքրիկ բիզնես ունենալ, բացել իր սեփական գեղեցկության սրահը, եւ ահա նա երազանքի իրականացման շեմին է: «Արդեն տասը տարի է՝ ես գումար եմ խնայում, որպեսզի կարողանամ իմ բիզնեսը սկսել»,-ասում է նա։
Մեր զրուցակիցը իրեն համառ մարդ է համարում եւ կարծում է, որ համառությունը արդարացված զենք է, որը մարդուն օգնում է առաջ գնալ՝ արհամարհելով բոլոր խոչընդոտները, որոնց հանդիպում ենք դեպի նպատակ տանող ճանապարհին։
«Միշտ երազել եմ սեփական բիզնես ունենալ եւ այս տասը տարիների ընթացքում իմ առաջ նպատակ էի դրել ֆինանսապես պատրաստ լինել։ Անընդհատ գումար խնայելով՝ իմ սեփական աշխատանքով այսօր ես պատրաստ եմ ստեղծել իմ բիզնեսը»,- ասում է մեր զրուցակիցը։ Շուշաննայի համոզմամբ, վարսահարդարումը նախ եւ առաջ արվեստ է, հետո՝ արհեստ։ «Ինչպես նկարիչն է իր արվեստանոցում վրձնով կտավներ ստեղծում, այնպես էլ վարսահարդարն է ստեղծում արվեստի գործեր»,-ասում է նա։ Մեր զրուցակիցը պատմում է, որ նպատակին հասնելու ճանապարհին իրեն օգտակար են եղել մոտիվացիոն գրքերը, դրանք օգնել են բացահայտել սեփական ուժերը եւ հաղթահարել թուլությունները։ «Սիրում եմ հատկապես ամերիկացի գրող, լրագրող եւ հոգեբան Նապոլեոն Հիլի «Մտածիր եւ հարստացիր» գիրքը, այն ինձ շատ է օգնել, որ իմ բիզնեսի տեսլականը հստակ պատկերացնեմ»։
Բոլոր նրանց, ովքեր նույնպես ունեն բիզնես սկսելու ցանկություն, Շուշաննան խորհուրդ է տալիս չընկերկել, ասում է, որ ինքը դասական օրինակ է, հանգստացնում է, իհարկե՝ կլինեն մտավախություններ, բայց կարեւոր է այդ մտավախություններին հաղթել եւ համառորեն շարժվել դեպի նպատակ։
Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2022