Օրերս Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթսբերթ եկեղեցում կայացավ «Բարոկ օպերային արիաների եւ երաժշտության» բացառիկ համերգ: Համավարակից հետո այս համերգը Լոնդոնի Բարոկ ոճի հազվագյուտ համերգներից էր հայ եւ միջազգային երաժիշտների կողմից:
Միջոցառումը կազմակերպել էր բրիտանահայկական «Քլինգեն երգչախումբ եւ մշակութային ասոցիացիան»՝ գլխավորությամբ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի:
Համերգին ներկա էին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի քաղաքապետ Գերալդ Հարգրիվզը, Անգլիական, Հռոմեական կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւոր հովիվներ Փոլ Բեգոտը, Ջիմ Քարին եւ Շնորք Բաղդասարյանը, Լոնդոնի Իտալական Մշակութային Ինստիտուտի նախագահ Դր. Կատիա Պիցցին, Լորդերի պալատի անդամները, հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամյանը, ՄԹ-ում հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, երաժիշտներ Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայից եւ Թագավորական երաժշտական քոլեջի կոլեկտիվներից։
Կարդացեք նաև
Երեկոյի ընթացքում համերգավար Վանուհի Պետրոսյանը ներկայացրել է Վիվալդիի, Մոնտեվերդիի, Բոնոնցինիի, Սկարլատիի, Ջիորդանիի, Կալդարայի, Գլյուկի, Կարիսսիմիի բարդագույն օպերային իտալական բարոկ արիաները՝ որոնք վարպետորեն կատարվել են տենոր Սիփան Օլահի, կլավեսինահար Մարիա Փալազյանի, հոբոյահար Հակոբ Ջեք Մուրադյանի, Քլինգեն լարային քառյակի կողմից:
Երաժշտացանկում ընդգրկվել էր նաեւ Մարչելլոյի աշխարհահռչակ Հոբոjի երեք մասանոց կոնցերտը, որը կատարել են հոբոյահար Հակոբ Ջեք Մուրադյանը, ողջ երաժշտական կազմը եւ այս անգամ դիրիժոր Սիփան Օլահի ղեկaվարությամբ:
Նշենք, որ համերգի ստեղծագործությունների մշակումները եւ փոխադրումները գործիքային այս կազմի համար կատարել էր Սիփան Օլահը: Համերգին ներկա երաժիշտները այս բացառիկ փոխադրումները շատ բարձր գնահատեցին:
Համերգի ավարտին երախտագիտության խոսքով ելույթ ունեցավ քաղաքապետ Գերալդ Հարգրիվզը՝ ընդգծելով այս համերգի բացառիկությունը լոնդոնյան երաժշտասեր հասարակության այսօրվա կյանքում: Նա բարձր գնահատականի արժանացրեց գեղարվեստական ղեկավար մաեստրո Սիփան Օլահին ու «Քլինգեն երգչախումբ եւ մշակութային ասոցիացիային»՝ հայկական եւ միջազգային երաժշտարվեստը Լոնդոնում եւ Միացյալ Թագավորությունում ներկայացնելու համար:
«Առավոտ» օրաթերթ
01.04.2022