«Ընդդիմության կախվածությունը Կրեմլից էլ ավելին է, քան գործող կառավարությանը։ Մյուս կողմից, Ռուսաստանի անվերապահ հաղթանակը հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության փաստացի «կամավոր-պարտադիր» վերացմանը, ինչը նույնպես, հուսով եմ, այնքան էլ միանշանակ չի ընկալվում»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Հովհաննիսյանը։
– Արցախի Հանրապետության Խրամորթում գյուղում եւ Քարագլխի լեռնաշղթայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բավական ուշագրավ շերտեր ի ցույց դրեցին. մասնավորաբար, ՌԴ ՊՆ-ն բավական կոշտ արձագանքեց, ապա ՌԴ ԱԳՆ-ն փորձեց հավասարակշռել եւ կրկին կողմերի միջեւ հավասարության նշան դրեց: Ապա հայտարարվեց, որ ադրբեջանական զորքերը վերադարձել են ելման դիրքեր: Սրանց հետեւեց Ադրբեջանից կոշտ արձագանքը եւ հաստատումն այն մասին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն չի վերադարձել ելման դիրքեր: Հետո պարզվեց, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն ամրապնդում են այդ տարածքներում: Ի՞նչ է կատարվում ՌԴ-Ադրբեջան՝ ոչ վաղ անցյալում ռազմավարական գործակցության պայմանագիր կնքած երկրների հարաբերություններում, որտե՞ղ են այդ հարաբերություններում Հայաստանն ու Արցախը:
– Ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկել երկու ենթատեքստերում՝ 2020 թվականին ամբողջական ձեւ ստացած ռուս-թուրքական մերձեցման եւ ռուս-ուկրաինական պատերազմի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագիրը, ինչպես նաեւ, համոզված եմ, չհրապարակված պայմանավորվածությունները, այժմ վտանգված են Ադրբեջանի «անհամբերությամբ», որն ուղղակի բխում է Պուտինի վարչակարգի ապագայի հանդեպ հիմնավորված հոռետեսությամբ։ Պուտինի անկումը կարող է հարցականի տակ դնել հռչակագիրը եւ առավել եւս դրա չհրապարակված մասը, քանի որ նոր կառավարությունն, անկախ իր կազմից եւ ուղղվածությունից, ազատ կլինի այդ պարտավորություններից։ Այստեղից էլ Ադրբեջանի որոշակի ջղաձգումները, գործընթացները մինչ հնարավոր «իքս» ժամը ավարտելու, հարցն իր օգտին լուծելու ճիգերը։ Ըստ որում, ակնհայտ է, որ Ադրբեջանը տեսնում է իր համար ապահով տարբերակը՝ միմիայն առանց հայերի Արցախով։ Այսինքն, էթնիկ զտումը դարձել է հիմնական օրակարգ։ Ռուսների պարագան այլ է. չմերժելով բուն գործընթացը, Ռուսաստանը բացարձակապես չի կարող իրեն թույլ տալ արագացնել այն, ինչը միանշանակորեն աշխարհում ընկալվելու է որպես պարտություն եւ նահանջ, եւ էլ ավելի է սաստկացնելու ուկրաինական դիմադրությունը։
Պետք է նաեւ ուշադիր լինենք պոտենցիաների գնահատման հարցում։ Ակնհայտ է, որ ռուսական զինուժի գործերը Ուկրաինայում, մեղմ ասած, փայլուն չեն, արդեն կա ռեզերվի եւ հարձակողական ներուժի պակաս։ Այս հանգամանքը շատ հմուտ կերպով շահագործում է Ալիեւը՝ փաստորեն, երկրորդ ճակատի սպառնալիքով ստիպելով զիջել։
Կարդացեք նաև
– Տեսակետ կա, որ այսպիսով Կիեւը փորձում է զիջումներ կորզել ՌԴ-ից՝ Ուկրաինայում, եթե նկատի ունենանք նաեւ այն, որ Ուկրաինայի Անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ողջունեց Արցախում ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսեւորումները Փառուխում, ասելով, որ այլ երկրների տարածքում ռուսական շահերի գոտում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, նոր ճակատների բացումը շատ կօգներ Ուկրաինային պայքարել Ռուսաստանի լայնածավալ ներխուժման դեմ: Որքանո՞վ են փոխկապակցված այս իրադարձությունները, մանավանդ որ, Ուկրաինան մշտապես էլ պրոադրբեջանական կեցվածք է ունեցել:
– Այն, որ մենք հայտնվել ենք աշխարհաքաղաքական տարբեր ճամբարներում՝ դա ակնհայտ փաստ է։ Եվ այդ գործընթացը առաջացել եւ ամբողջացել է դեռ մայդաններից եւ Զելենսկուց առաջ։ ՎՈՒԱՄ-ի (Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի համագործակցությունն ընդդեմ ռուսական հավակնությունների՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո) գործոնը տակավին արդիական է, եթե չասենք, որ առավել եւս արդիական է։ Այլ խնդիր է, թե ինչպես մենք մեր անվտանգությունն ամբողջովին հանձնեցինք Ռուսաստանին, բացարձակապես անիրատես պահվածքով հայտնվեցինք այս վիճակում։ Բայց, ավաղ, փաստը մնում է փաստ։ Եթե նույնիսկ այդ գործոնը չլիներ՝ Ռուսաստանի համար նոր ճակատների բացումը օբյեկտիվորեն բխում է մարտնչող Ուկրաինայի շահերից։ Պատկերացնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ սրվեր, ասենք, քուրդ-թուրքական հակամարտությունը։ Ակնհայտ է, որ դա կընկալվեր մեր կողմից որպես հաղթելու, վերապրելու հավելյալ գործոն։ Չնայած մեծ քանակությամբ համակրելի մարդկանց, կանանց, երեխաների համար դա ողբերգություն կլիներ։ Ծայրահեղ իրավիճակներում սառը, անողոք հաշվարկը գերակշռում է։
– Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային ներկայիս զարգացումների ֆոնին բավական ուշագրավ էր Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի այցը Բաքու: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
– Բրիտանիան հակառուսական դաշինքի ավանգարդն է ու գլխավոր լոկոմոտիվը։ Այն ունի, թերեւս, չհաշված Լեհաստանը եւ Մերձբալթիկան, առավել հեռու գնացող եւ ծայրահեղ մոտեցումն այս բախման մեջ։ Իսկ հնարավորությունների մասով՝ բազմակիորեն գերազանցում է այդ չորս երկրներին միասին վերցրած։ Բրիտանիայի նպատակն է ոչ միայն Ռուսաստանն Ուկրաինայից հեռացնելը, այլեւ՝ Ռուսաստանի լիակատար աշխարհաքաղաքական ֆիասկոն, առնվազն Ուրալից այս կողմ՝ ողջ արտաքին պարագծով, Ռուսաստանի դուրսբերումը գերտերությունների շարքից եւ ապամիջուկայնացումը։ Բնականաբար, բրիտանական ակտիվությունն այս տարածաշրջանում մտահոգիչ է նախ մեր՝ հակառակ ճամբարում տեղակայված լինելու, ինչպես նաեւ Արցախում էթնիկ զտում իրականացնելու Բաքվի ակնհայտ մտադրության պատճառով։ Արդյո՞ք Ադրբեջանը քարտ բլանշ կստանա, առնվազն Բրիտանիայից, հակառուսական գործողությունների դիմաց։ Կամ՝ արդյո՞ք չի օգտվի իրավիճակից եւ «ձեռքի հետ» չի իրականացնի այդ զտումը։ Սրանք շատ մեծ ռիսկեր են, բայց ռուսամետ մանտրաներ արտասանելով, խորտակվող ռուսական նավից կախվելով՝ այդ ռիսկերը չեզոքացնել անհնար է։ Պետք է դիվանագիտություն եւ ուղղակի երկխոսություն միջազգային ակտորների հետ, ներառյալ Բրիտանիան։ Այլ ելք չկա եւ չի կարող լինել։
– Ուշագրավ է, որ աշխարհում եւ հատկապես հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին, ՀՀ իշխանությունները շարունակում են «առաջ մղել» իրենց խաղաղության օրակարգը: Եվ բավական զավեշտալի էր Ադրբեջանի պառլամենտի նախագահ Սահիբա Գաֆառովայի ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին շփումը. Ադրբեջանի պառլամենտի ղեկավարը Հայաստանի ԱԺ նախագահի ներկայությամբ պնդեց, որ «Լեռնային Ղարաբաղ» տարածքային հասկացություն չկա, կա Ղարաբաղի շրջան, որի մաս է կազմում լեռնային հատվածը: Հայաստանի ԱԺ նախագահի պատասխան խոսքում որեւէ առարկում, ավելին, պնդեց, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ Ադրբեջանի ներկայացրած 5 պայմաններն ընդունելի են: Ի՞նչի մասին է սա խոսում:
– Սեփական անճարակությունն ու անիրազեկությունը, մի քանի պարզունակ բանաձեւ-մանտրաներ անվերջ կրկնելով, քողարկելու հմտությունը ներկայիս կառավարիչները հասցրել են կատարելության։ Երեւի դա միակ ոլորտն է, որտեղ իրենց առաջընթացն ակնհայտ է։ «Խաղաղության դարաշրջանի» մասին խոսելը, երբ աշխարհը տաքացող ու ծխացող վառոդի տակառի վրա է նստած՝ տրագիկոմիկ տպավորությունից բացի, ունի նաեւ հստակ ուղերձներ, որ պարտավոր ենք կարդալ, քանզի դա ուղղակի առնչվում է մեր գոյության հետ։ Որո՞նք են այդ ուղերձները.
ա. ՀՀ կառավարությունը հստակ կողմնորոշված է 2020 թ. կապիտուլյացիայից բխող արտաքին քաղաքական կուրսին,
բ. այն ոչ մի փորձ կամ ջանք չի իրականացնում, որպեսզի հասկանա ընթացող գործընթացները,
գ. առավել եւս ոչինչ չի արվում արտաքին քաղաքականությունը նվազագույն շտկումների եւ համապատասխանեցման համար,
դ. համաշխարհային պատերազմի հնարավորությունը, աշխարհի քաղաքական քարտեզի վերաձեւումը իրենց հետաքրքրում է զուտ համեմատաբար օրինական ձեւերով հայ հարկատուների հաշվին ապրելու հեռանկարից,
ե. եթե այդ հեռանկարը պահպանելը պահանջի հայ ազգից եւ Հանրապետությունից ծայրահեղ կորուստներ եւ զիջումներ՝ դա լիովին ընդունելի գին է։
Համեմատենք այդ պահվածքը Ադրբեջանի ակտիվության եւ ռեակցիաների արագության հետ եւ, մոտավորապես, պատկերացում կունենաք մեր, արդեն մեր, հեռանկարների վերաբերյալ։
– Իսկ ընդդիմության լռությունն այս իրադարձություններին ինչպե՞ս կմեկնաբանեք: Այդ լռությունն ավելի խոսուն է կարծես:
– Ընդդիմության կախվածությունը Կրեմլից էլ ավելին է, քան գործող կառավարությանը։ Ռուսաստանի պարտության հեռանկարը, կարծում եմ, այս թեւում առավել ցավոտ է ընկալվում։ Դա բխում է նաեւ ռուսական կապիտալի, ռուսական տնտեսության եւ շուկայի հետ սերտ կապերից, որ ունեն այդ տիպի ընդդիմության խոշոր բաժնետերերը։ Մյուս կողմից, Ռուսաստանի անվերապահ հաղթանակը հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության փաստացի «կամավոր-պարտադիր» վերացմանը, ինչը նույնպես, հուսով եմ, այնքան էլ միանշանակ չի ընկալվում։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2022