Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայումս ՀՀ-ում բացակայում են առկա և սպասվելիք խնդիրների հակազդման արդյունավետ մեխանիզմներ

Ապրիլ 01,2022 23:44
energia

ՌԴ նախագահը մարտի 23-ին հայտարարեց, որ «ոչ բարեկամ» երկրները գազի մատակարարումների դիմաց պետք է վճարեն ռուսական ռուբլով։ Ի պատասխան ԵՄ անդամ մի շարք երկրներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն պատրաստվում ռուբլով վճարել մատակարարված գազի դիմաց, քանի որ այդ քայլով Ռուսաստանը առաջին հերթին փորձում է շրջանցել պատժամիջոցները, ինչն անթույլատրելի է: Նման հայտարարությամբ հանդես եկան նաև G7-ի երկրները:

Այնուամենայնիվ այսօրվանից ուժի մեջ է մտել «ոչ բարեկամ» երկրներին բնական գազի վաճառքի հաշվարկման նոր կարգը: Այդ կարգի համաձայն «ոչ բարեկամ» երկրները պետք է ռուբլու հաշիվներ բացեն ռուսական բանկերում, հակառակ պարագայում գործող պայմանագրերը կդադարեցվեն: Արդյունքում եվրոպական բորսայում 1000 խորանարդ մետր բնական գազի արժեքը գերազանցեց 1470 դոլարը:

Արևմտյան երկրները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի ոսկու տարադրամային պահուստների (FX reserves) գրեթե կեսը։ Խոսքը շուրջ 300 միլիարդ դոլարի մասին է: Ինչը լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Ռուսաստանին: Դա է նաև ՌԴ նախագահի նման որոշման պատճառը: Իսկ որպես միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակ, նման քայլը փորձ է նվազեցնել դոլարի համաշխարհային գերիշխանությունը: Ուշադրության է արժանի նաև ԱՄՀ ներկայացուցչի մարտի 31-ին կատարված հայտարարությունը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում դոլարի համաշխարհային գերիշխանությունը կարող է թուլանալ:

Բնականաբար տեխնիկապես հնարավոր չէ արագ ապահովել մատակարարվող բնական գազի համար վճարման սխեմայի փոփոխություն, իսկ հաշվի առնելով արևմտյան երկրների կոշտ հակազդեցությունը՝ դրա իրականացումն ավելի է բարդանում: Սակայն Ռուսաստանը այս հարցում կարծես վճռական է տրամադրված:

Բազմիցս նշվել է, որ ԵՄ երկրների համար ռազմավարական նպատակ է ՌԴ-ից մատակարարվող էներգառեսուրսներից կախվածության նվազեցումը: Բազմիցս նշվել է նաև, որ դա դժվար իրագործելի է, իսկ կարճաժամկետ կտրվածքում՝ գրեթե անհնար: Այդ նպատակի իրականացման համար Եվրահանձնաժողովը մարտի սկզբին ընդունել է REPowerEU ծրագիրը, որի համաձայն, մինչև 2030 թվականը պետք է նվազեցվի կախվածությունը ռուսական գազից։ REPowerEU ծրագրով նախատեսվում է նաև ռուսական գազի ներմուծման ավելի քան 70%-ը փոխարինել արդեն այս տարի՝ հեղուկացված գազի, «կանաչ» էներգիայի զարգացման և գազի պահեստավորման ծավալների մեծացման հաշվին: Թե որքան իրատեսական է ծրագրում նշված թիրախների ապահովումը, պարզ կլինի գալիք ջեռուցման սեզոնի սկզբին: Այն ավելի նման է յուրօրինակ էներգետիկ ճանապարհային քարտեզի:

Բացի նրանից, որ Ռուսաստանից դեպի ԵՄ երկրներ նախորդ տարի մատակարարվել է վերջիններիս բնական գազի պահանջարկի ավելի քան 40%-ը, պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանից մատակարարվում է ԵՄ նավթի պահանջարկի 25%-ը և ածուխի 45%-ը: Ի դեպ, ռուս-ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր Ռուսաստանից ԵՄ ներկրվող գազի, ածուխի և նավթի գումարային արժեքը կազմել է շուրջ 17 միլիարդ եվրո: Ռուսաստանն այդպիսով ստանում է բնական գազի և նավթի վաճառքից իր արտահանման եկամուտների մոտ մեկ երրորդը։ Հետևաբար առկա է ՌԴ-ԵՄ էներգատնտեսական խորը փոխկախվածություն:

Այդ համատեքստում հետաքրքրական է 2020 թվականին Գերմանիայի կառավարության կողմից ընդունված էկոլոգիապես մաքուր ջրածնային տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը, որը հիմնվում է կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ԵՄ պարտավորությունների վրա: Գերմանիայի իշխանությունները մտադիր են 9 մլրդ եվրո ներդնել ազգային ջրածնային ռազմավարության իրականացման համար: Այդ ծրագիրը ներառում է էլեկտրաէներգետիկայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, սև մետալուրգիայի, նավթաքիմիայի ու ավիացիայի ոլորտները և ենթադրում է անցում «կանաչ ջրածնի» լայնածավալ օգտագործմանը, այդ թվում` ջերմաէլեկտրակայաններում: Տվյալ ծրագրում նշվում է, որ այդ անցումը հնարավոր չէ իրականացնել 2035 թվականից շուտ:

Հաշվի առնելով Գերմանիայի էներգապահանջարկի աճող տեմպերը՝ ծրագրով նախատեսված թիրախների հասնելու պարագայում անգամ, ամբողջապես հնարավոր չի լինելու ապահովել 2035 թվականից հետո կանխատեսվող էներգապահանջարկի ցուցանիշները:

Ռուսաստանի ջրածնային ռազմավարությամբ նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը ՌԴ-ն ջրածնի արտադրության և արտահանման ոլորտում պետք է դառնա համաշխարհային առաջատարը և զբաղեցնի համաշխարհային շուկայի 20%-ը, ուստի ջրածնի արտադրության և մատակարարման ոլորտում ռուս-գերմանական համագործակցությունը մշտապես դիտարկվել է տրամաբանական, քանի որ առկա է մեծ ներուժ համատեղ նախագծերի իրականացման համար: Թե ինչ ճակատագիր կունենա այդ ոլորտում համագործակցությունը, ներկայումս շատ դժվար է կանխատեսել:

Այդ ամենին զուգահեռ ՌԴ-ն փորձում է ընդլայնվել դեպի ասիական շուկա: Ներկայումս Ռուսաստանը Չինաստանին կապում է իր թողունակությամբ ավելի քան 30%-ով «Հյուսիսային հոսք-1» գազատարին զիջող «Սիբիրի ուժը» գազատարը: Նախատեսվում է նաև «Սիբիրի ուժը-2» գազատարի կառուցումը, սակայն հաշվի առնելով ՌԴ-ի ներկայիս տնտեսական վիճակը, այդ նախագծի իրականացումը զգալիորեն դանդաղում է: Այնուամենայնիվ ՌԴ-ն չի հրաժարվում չինական շուկայում ընդլայվելու ծրագրերից և նախատեսվում է նաև լրացուցիչ նոր գազատարի կառուցում՝ տարեկան շուրջ 10 մլրդ խորանարդ մետր թողունակությամբ, ինչի հետ կապված պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՌԴ նախագահի Չինաստան վերջին այցի ժամանակ: Այդ աշխատանքները հնարավոր է ավելի շուտ իրականացնել, քան «Սիբիրի ուժը-2» ծրագիրը: Ի դեպ, Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք հնարավոր են համարում Ռուսաստանի հետ էներգակիրների առևտրում ռուբլու կամ յուանին անցնելու հավանականությունը, իսկ Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ անկախ առկա լարվածությունից, իրենք չեն պատրաստվում դուրս գալ «Սախալին-2» նավթագազային նախագծից:

Ինչպես տեսնում ենք, ստեղծված համաշխարհային նոր էներգատնտեսական խճանկարն ավելի է բարդանում, ինչն արդեն իր բացասական ազդեցությունն ունի նաև Հայաստանի վրա: Իհարկե այս իրավիճակում մենք կարող ենք մեզ «արդարացնել», որ խնդիրը համաշխարհային մասշտաբի է և բացասական ազդեցությունների մեղմմանն ուղղված որևէ լուրջ քայլ չձեռնարկենք: Սակայն երկրի պատասխանատու կառավարման նվազագույն կանոնները թելադրում են այդ ուղղությամբ գործուն և թիրախային քայլերի իրականացում, քանի որ խնդիրները շեշտակի խորանալու միտում ունեն:

Ներկայումս ՀՀ-ում բացակայում են ինչպես առկա, այնպես էլ սպասվելիք խնդիրների հակազդման արդյուվետ մեխանիզմներ:

 

Էներգետիկ անվտանգության փորձագետ,

տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930