Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամներն ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ու ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին` գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՄԹ խորհրդարանի Մեծ Բրիտանիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը նշել է. «Մենք երբեք չպետք է մոռանանք պատմության դասերը: Այսպիսի վայրերը մեզ հիշեցնում են, որ պետք է աչալուրջ լինենք մեր շուրջը կատարվող իրադարձությունների նկատմամբ: Մեծապես գնահատում եմ մեր այցը: Սա շատ յուրահատուկ վայր է»:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայերենով ողջունել է բոլորին եւ նշել. «Շատ ուրախ եմ, որ նորից այստեղ եմ, որ այս պատմական երկրում հանդիպում եմ հրաշալի մարդկանց: Ուրախ եմ Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների ներկայացուցիչների հետ այստեղ լինել: Մենք կփորձենք լինել ձեր ձայնը: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությամբ աջակից լինել ձեր իրավիճակին: Ես խորապես ցավում եմ, որ ձեր ժողովուրդը տառապում է` հատկապես Արցախում: Մենք հարգում ենք ձեզ: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում ձեզ` ազատության սահմանագիծը պահելու համար»:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով