Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որի համաձայն նախատեսվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Նախագծով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ:
Այս պահին նման խնդրի առաջ է կանգնած Վանաձոր քաղաքը. «Սա այսինքն արհամարհում են վանաձորցիների տված քվեն: Վանաձորցիների մեծամասնությունն իշխող ուժին չի ընտրել եւ ընդամենը քսան ու մի քանի տոկոս ձայն հավաքած ուժն այսօր բիրտ ուժ կիրառելով դնելու է ժամանակավոր պաշտոնակատար: Ես գալիս եմ նույն իմ եզրահանգմանը, որ անտեսված է ժողովրդավարությունը, թքած ունեն մարդկանց կարծիքի վրա, իրենց ուզած մարդը չի անցնում, ուրեմն պետք է օրենք ընդունեն, որ իրենց ուզած մարդն անցնի: Եթե առաջիկայում այլ երեւույթներ էլ ի հայտ գան, իրենք կարող են ԱԺ-ում ընդունեն, որ քաղաքապետերն այսուհետ նշանակովի են: Մի խոսքով իրենց ձեռքին է, ինչ ուզում են, այն էլ անում են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանը:
Ավագանու անդամի կարծիքով՝ այս քայլով իշխանությունը փորձում է այնպես անել, որպեսզի Վանաձորում անցկացվեն նոր ընտրություններ: Միեւնույն ժամանակ նաեւ վստահ է՝ նոր ընտրության դեպքում իշխանության ձայները լինելու են շատ ավելի քիչ . «Վանաձորում խնդրի լուծումն իրենց համար դարձել էր գրեթե անհնար, դրա համար այսպես արեցին: Հիմա միակ պայքարը մնալու է՝ նոր ընտրությամբ տանել այնքան քվե, որ էլ ոչ մի բան չկարողանան անել: Այսինքն 50+1 տոկս տանեն ու վերջ»,- ասաց Դոխոյանն ու շարունակեց. «Այս ընթացքում մեր քաղաքացիների համար ակնհայտ դարձավ, թե ո՞ր ուժերն են ՔՊ-ահեն ուժեր: Այսինքն` այլ քաղաքական միավորներին, երբ որ դու ձայն ես տալիս, ՔՊ-ին բացառելով, հիմա պարզ է դառնում, որ այդ նույն մարդիկ հիմա ՔՊ-ն են: Նոր ընտրությունների ժամանակ միանշանակ ավելի շատ ձայներ կհավաքենք եւ հաղթանակը կլինի անքննելի»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ