Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնում առանց նախաքննություն իրականացնելու՝ ծանր վիրավորանք հասցնելու փաստով քրգործ են հարուցել քաղաքագետ Գագիկ Համբարյանի ներգրավմամբ։ Եվ սա այն դեպքում, երբ նույն փաստով Արաբկիրի ոստիկանությունը մերժել էր քրեական գործի հարուցումը։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Համբարյանը։
Նա պատմեց հետևյալը․ «Երեկ Շիրակի մարզային քննչական կոմիտեից քննիչ Միքայել Ավետիսյանից զանգ եմ ստանում, որ ինչ-որ քրեական գործ կա հարուցված և ես պիտի գնամ բացատրություն ներկայացնելու։ Զավեշտալին այն է, որ գնալուց հետո ես պարզում եմ՝ Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ոմն քաղաքացի Արման Թումասյանի բողոքով, որը ցուցմունք է տվել, թե ես իբր նրան վիրավորել եմ։
Ասեմ, որ վերը նշված անձը փետրվարին բողոք էր ներկայացրել իմ դեմ Երևանի Արաբկիրի շրջանի ոստիկանության բաժին և քրգործի հարուցումը մերժվել էր։ Ըստ օրենքի, ոստիկանության այլ բաժնում մերժված նյութերի վերաբերյալ ոչ մի քրեական գործ չեն կարող հարուցել։ Այսինքն այստեղ զավեշտալի դեպք է տեղի ունենում, երբ Արաբկիր բաժնում մերժվում է, քանի որ հանցակազմ չկա, իսկ Գյումրի քաղաքի Կումայրի բաժնում քրգործ է հարուցվում։ Սա կազուս է։
Կարդացեք նաև
Սա մեկ, երկրորդն այն է, որ ինձ ոստիկանության Կումայրի բաժնից որևիցե մեկը տեղյակ չի պահել, որ կա հարուցված ինչ-որ քրեական գործ, որտեղ ես ներգրավված եմ․ ո’չ ծանուցում եմ ստացել, ո՛չ հրավիրվել եմ բացատրություն տալու։
Գնում եմ քննչական և տեսնում եմ ինչ-որ մեկի ցուցմունքով հետաքննիչը գործ է հարուցում և այստեղ հարց է առաջանում, իսկ ո՞վ է այս ամենի պատվիրատուն։
Իմ ունեցած տեղեկություններով, հաստատ չեմ կարող պնդել, բայց, ըստ Գյումրիում տարածված լուրերի, այս ամենի հեղինակը Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանն է։
Այս լուրերի իսկությանը ես հավատում եմ, քանի որ որևէ ոստիկան դժվար թե ինքնագլուխ այսպիսի հում, անպատրաստ և բացարձակ ոչ մի հիմք չունեցող բողոքի հիման վրա քրգործ հարուցեր և ուղարկեր քննչական կոմիտե։
Ես շատ կուզենամ իմանալ դատախազից, թե իր անվան շուրջ պտտվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։ Ես չեմ լռելու, սա իմ իրավունքների կոպտագույն խախտում է»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Գագիկ Համբարյանը նշում է, որ քննչական կոմիտեի քննիչ Միքայել Ավետիսյանը, ըստ օրենքի, պարտավոր է դիմել Արաբկիրի ոստիկանության բաժին և ստանալ փաստաթղթերը, որ Գագիկ Համբարյանի նկատմամբ քրգործ հարուցելը մերժված է։
«Ես այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում իմ անձի նկատմամբ այս իշխանություններին արջի ծառայություններ մատուցող իրավապահ համակարգի կողմից։ Սա ցինիզմ է, ինչպե՞ս կարել է քրգործ հարուցել՝ չլսելով դիմացինին, ինչպե՞ս կարելի է քրգործ հարուցել մի դրվագով՝ տեղեկացված չլինելով, որ այդ նույն դրվագով այլ վայրում քրգործի հարուցումը մերժված է։
Հետաքրքիր է՝ եթե ինչ-որ մեկը գնա, ցուցմունք տա, որ Համբարյան Գագիկը տեղում մարդ է սպանել, ուրեմն ոստիկան-հետաքննիչը և Շիրակի մարզի դատախազները պետք է քրեական գործ հարուցե՞ն։ Սա ինչ նոր բեզպրեդել է։
Ես, էլի եմ կրկնում, հաստատ տեղեկատվություն չունեմ, բայց, ըստ Գյումրիում ակտիվորեն տարածվող լուրերի, այս ամեն ինչի հետևում Գուրգեն Գրիգորյանն է կանգնած։ Թող ձեզ պատասխան տա՝ ինչպե՞ս է դատախազության կողմից թույլ տրվել քրգործ հարուցել ինչ-որ դրվագով, այն դեպքում, երբ որևէ ապացույց չկա, ընդամենը մեկ անձի բողոք է՝ առանց որևէ ապացույցի։
Ավելին, այդ անձի բողոքի հիման վրա ինձ ոչ մի հետաքննիչ չի հրավիրել, ոչ մի հարցադրում չի արվել։ Զավեշտալի է ուղղակի, երբ որ Արաբկիր բաժնից, որը Գյումրիից գտնվում է 120 կիլոմետր հեռավորության վրա, ինձ հրավիրում են, բացատրություն են պահանջում, վերցնում են բոլոր ապացույցները և գործի հարուցման միջնորդությունը մերժում են, իսկ իմ տնից ընդամենը 500 մետր հեռավորության վրա գտնվող Կումայրի բաժնից ինձ նույնիսկ չեն են կանչում։
Ինչի՞ հիման վրա է այդ գործը հարուցվում, հետաքննիչն ու գործ հարուցելու թույլտվություն տված անձը ինչպե՞ս են այս ամենը բացատրելու, սա իրավաբանական անգրագիտության և բեզպրեդելի ամենակարկառուն դրսևորումներից է։
Եթե Շիրակի գլխավոր դատախազն այս ամենի հետ կապ չունի, խորհուրդ կտամ ուշիուշիով հետևել ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատաոճին»,-ասում է Գագիկ Համբարյանը։
Գագիկ Համբարյանը նաև տեղեկացրեց, որ Newsmedia.am կայքի գլխավոր խմբագիր Գայանե Զարգարյանը բացահայտումներ է կատարել և պարզել է, որ իր դեմ բողոք ներկայացնող անձը ղեկավարել է մի կայք, որտեղ վարկաբեկիչ, վիրավորական և կեղծ մատնության դրվագներով տեղեկատվություն է հրապարակվել նաև իր մասին, որի վերաբերյալ քաղաքագետը դիմել է ԱԱԾ։
Այս կառույցից պատասխանել են, որ բողոք-դիմումը փոխանցվել է ոստիկանություն։
Սակայն, ըստ քաղաքագետի, ոստիկանության նույն «Կումայրի» բաժնում ոչ մի հետաքննություն չի անցկացվել և իր դիմում-բողոքն՝ առանց հետաքննության, միանգամից ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանում՝ նույն քննիչի մոտ։
Մենք այս թեմայի շուրջ կլսենք թե՛ ոստիկանության և թե՛ դատախազության պարզաբանումները, արդեն իսկ դիմել ենք նրանց լրատվական ծառայություններ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ