Aravot.am-ի տեղեկություններով, 2021թ. հուլիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Գեղի համայնքի իրավասու պաշտոնատար մարմինների կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաեւ շենքերի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չեն ձեռնարկվում։ Օպերատիվ աշխատանքների ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վասիլ Գրիգորյանը, լինելով՝ Գեղի խոշորացված համայնքի ղեկավար, պաշտոնական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով վատնում կատարելու միասնական դիտավորությամբ, որպես գյուղապետարանի օժանդակ բանվորներ՝ 2012թ-ից մինչեւ 2016թ-ը աշխատանքի է ընդունել Է․Պ.-ին, Ն․Հ.-ին, Ս․Ա․-ին։ Նրանց հետ Վասիլ Գրիգորյանը ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերել՝ աշխատանքի չհաճախելու մասին։ Ու չնայած վերջիններիս չեն ներկայացել աշխատանքի, գյուղապետարանի բյուջեից նրանց յուրաքանչյուր ամիս փոխանցել է աշխատավարձ եւ հավելավճար, ընդհանուր առմամբ վատնել է 1.042 600 դրամ:
Պարզվել է նաեւ, որ Վասիլ Գրիգորյանը վարչական ղեկավարի պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական դիտավորությամբ, գյուղի բյուջեից համայնքի բնակիչների անուններով որպես սոցիալական օգնություն դուրս է գրել 1.195.000 դրամ եւ յուրացրել։ Ցանկապատի կառուցման աշխատանքների կատարման համար նույնպես բյուջեից դուրս գրած 990.000 դրամը Գրիգորյանի կողմից յուրացվել է։
«Գարիկ Մինասյան» Ա/Ձ-ից շինանյութ ձեռք բերելու պատրվակով, Գեղի գյուղապետարանի բյուջեից նախկին համայնքի ղեկավարը հատկացրել է համապատասխանաբար՝ 998.000 եւ 987.000 դրամ գումար, սակայն նշված շինանյութը ձեռք չի բերել։ Ընդհանուր առմամբ Գեղի համայնքի նախկին ղեկավար Վասիլ Գրիգորյանը յուրացրել է 4 միլիոն 170.000 դրամ: Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում վերոնշյալ փաստերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Միաժամանակ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Արքայիկ Մովսիսյանը (մեր տեղեկություններով Մովսիսյանը մահացել է-Ա․Դ․) օժանդակել է Վասիլ Գրիգորյանին՝ գյուղապետարանի բյուջետային ֆոնդից դուրս բերված ֆինանսական միջոցները յուրացնելու համար։
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում վերոնշյալ փաստերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ քրեական օրենսգրքի» 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ