Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԲԳ-ն և ընկերները»

Ապրիլ 01,2022 19:33

Ապրիլի 1-ին Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվեց «ԱԲԳ-ն և ընկերները» խորագրով ցուցահանդես՝  նվիրված երգիծանկարիչ Սամվել Աբգարյանին:  Արվեստագետի՝ տարբեր տարիների արված նկարներն ու քանդակները ուրույն պատկերացում են տալիս նրա մտածողության և ոճի մասին։ Ներկայացված են նաև  Սուքիաս Թորոսյանի (TOTO), Արայիկ Օհանյանի (Արզօ), Արսեն Գևորգյանի (DIZO),  Դավիթ Ղազանչյանի և այլոց երգիծանկարները, ինչպես նաև Երևանի մանկապատանեկան  ստեղծագործական քաղաքային կենտրոնի սաների աշխատանքները։ Վերջիններս «Երգիծանկար» մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն են։

Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանն անկեղծանում է՝ սիրով է արձագանքում վարպետաց դասեր անցկացնելու հրավերներին, որ մարզում էլ լինի։ Հումորային գրաֆիկա ստեղծելու հարցում երեխաները մեծերից ավելի առաջադեմ են․  նրանց աշխատանքներում կա գաղափար, անկեղծություն, «կրակ», որը պակասում է ավագ սերնդին։

«Պետք է նրանց տեղ տալ, չխանգարել։  1936 թվականին, երբ Ամերիկայում երգիծանկարչությունը զարգանում էր որպես կոմիքսային արվեստ, դառնում հոլիվուդյան անիմացիա կամ մուլտիպլիկացիոն ֆիլմ, հնարավոր եղավ կայսրություններ կառուցել։ Նույն «Մարվելի» կոմիքսները՝ American hero, Superhero և այլն, տպագրում էին բանակի համար, որ զինվորները տեսնեն ու ոգևորվեն։  Դա հետո դարձավ ոճ, մտածելակերպ»․- մանրամասնում է Սուքիաս Թորոսյանը՝ հավելելով, որ հայերն ավելի խոր արմատներ ունեն և իրենց մշակույթով կարող են թելադրող լինել։ Այս համատեքստում երեխաները նոր «լոկոմոտիվ» են թե՛ մշակույթի, թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

11 –ամյա Ինեսա Մանուկյանը ներկայացնում է  իր «Ակնոցավոր կատվին»։ Առաջին անգամ ցուցադրվել է հինգ տարեկանում Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Ասում է՝ երգիծանկարչության վարպետաց դասերն օգնեցին կողմնորոշվել ճիշտ գույներ ընտրելու հարցում, ուշադրություն դարձնել մանրանկարչությանը։ Սիրում է կենդանիներ ու մարդկանց նկարել։ Իր մայրիկի, քրոջ և ուսուցչուհիների  հաջողված դիմանկարներ ունի։

Ցուցադրությունը կտևի մինչև ապրիլի 7-ը։

 

Անի Անտոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930