Լրահոս
Օրվա լրահոսը

«COVID-19»-ի պատվաստման կեղծ հավաստագրեր ՀՀ-ից բացակայող քաղաքացիներին

Ապրիլ 01,2022 19:44

Գեղարքունիքի մարզի մի շարք բժշկական ամբուլատորիաներ պատվաստումների կեղծ հավաստագրեր են տրամադրել եւ տվյալները ներբեռնել «Արմեդ» համակարգ:

«Սարուխանի» բժշկական ամբուլատորիա ՊՈԱԿ-ի աշխատակիցները նյութական շահագրգռվածությունից ելնելով՝ Ա. Հարությունյանի,  Ա. Կարապետյանի, Կ. Հակոբյանի, Պ. Չ.-ի, Էլմիրա Կ.-ի, Դավիթ  Շ.-ի հետ ձեռք բերելով նախնական համաձայնություն, վերջիններիս տրամադրել են «COVID-19» համավարակի դեմ պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր եւ նրանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները մուտքագրել «Արմեդ» համակարգ, սակայն պատվաստումների չափաբաժինները ստանալու ժամանակահատվածում նշյալ քաղաքացիները բացակայել են ՀՀ-ից:

Ինչպես հայտնում են Aravot.am-ի աղբյուրները այս մասին մարտի 25-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը՝ ՔՈԳՎ-ն, ստացել է գրություն ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից: Վերջիններս հայտնել են, որ օպերատիվ տեղեկությունները ստացվել են ԱԱԾ-ից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատվաստումը թույլատրել է Մ. Գեւորգյանը, իսկ այն իրականացրել է Ա. Հովհաննիսյանը, իսկ «Արմեդ» համակարգում տվյալները մուտքագրել է Ու. Նազեյանը:

Նույն օրը ՔՈԳՎ-ն Գեղարքունիքի մարզային վարչությունից մեկ այլ գրություն էլ է ստացել: Այս դեպքում պատվաստման կեղծ հավաստագրերը տրամադրել են «Գանձակի» Առողջության առաջնային պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ կրկին նյութական շահագրգռվածությունից ելնելով: Պարզվել է պատվաստումների չափաբաժինները ստանալու ժամանակահատվածում Հայաստանում չեն եղել ԻԻՀ քաղաքացիներ՝ Հ. Խաչատրյանը եւ Վ. Բաղրամյանը, սակայն նրանց տրամադրվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր եւ նրանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները մուտքագրվել «Արմեդ» համակարգ: Aravot.am-ին հայտնի դարձավ, որ պատվաստումները թույլատրել եւ իրականացրել է Վ. Մինասյանը, իսկ «Արմեդ» համակարգում տվյալները մուտքագրել է Ա. Մարգարյանը:

Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից ՔՈԳՎ-ն եւս մեկ գրություն է ստացել պատվաստումների կեղծ հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ: Խոսքն այս անգամ  «Գավառ» ԲԿ-ի մասին է, որի աշխատակիցները նյութական շահագրգռվածությունից ելնելով՝ Վիգեն Չ.-ի, Ստեփան Ե.-ի հետ ձեռք բերելով նախնական համաձայնություն, նրանց տրամադրել են «COVID-19» համավարակի դեմ պատվաստման վերաբերյալ կեղծ հավաստագրեր եւ նրանց կողմից պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները մուտքագրել «Արմեդ» համակարգ, սակայն պատվաստումների չափաբաժինները ստանալու ժամանակահատվածում այդ քաղաքացիները նույնպես բացակայել են ՀՀ-ից: Պարզվել է, որ այս դեպքում էլ պատվաստումն իրականացրել է Ն. Մնացականյանը, իսկ «Արմեդ» համակարգում տվյալները մուտքագրել է Ա. Հովակիմյանը:
Բոլոր այս դեպքերի առիթով էլ նախապատրաստվում են նյութեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930