ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է ԵՊՀ և հանդիպել գիտխորհրդի անդամների հետ:
Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն՝ երկրի առաջին դեմքերն այցելում են ԵՊՀ և պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողների հետ քննարկում տարբեր հարցեր, փոխանակում մտքեր՝ ի շահ պետության առաջընթացի և զարգացման:
Հ. Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն եղել, մնում է և լինելու է մեր երկրի գիտության ու կրթության ոլորտի շարժիչ ուժը: Նա ներկայացրեց բուհում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներն ու նախաձեռնությունները, որոնց նպատակը կրթության որակի բարելավմանը, հետազոտությունների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև նորարար ու ստեղծագործ միջավայրի ապահովմանը նպաստելն է:
ԵՊՀ ռեկտորը վստահեցրեց, որ սպասվում են բազմաթիվ փոփոխություններ, որոնք կապված են նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հետ, ապա ներկայացրեց առաջիկայում ԵՊՀ-ում սպասվող կարևոր իրադարձություններն ու միջոցառումները:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասաց՝ իր համար մեծ պատիվ է Մայր բուհում գտնվելը, քանի որ դեռևս ուսանողական տարիներին այն համոզմանն է եղել, որ ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ կրթական համակարգի դրոշակակիրն է:
Վ. Խաչատուրյանը նշեց, որ մեր երկրի զարգացման ներուժը կրթությունն է, գիտությունը և մարդը, ապա հավելեց, որ այս տեսանկյունից ԵՊՀ-ից սպասելիքները շատ են: ՀՀ նախագահը վստահեցրեց, որ պատրաստ է նախագահական ինստիտուտը ծառայեցնել կրթության և գիտության զարգացմանը:
Նախագահը անդրադարձավ բարձրագույն կրթության կարևորությանը, ապա խոսեց խնդիրների ու մարտահրավերների մասին. «Եթե համախմբված չգործենք, առաջ գնալ չենք կարողանա»:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ հանդիպման ժամանակ անդրադարձավ կրթական, մասնավորապես բուհական համակարգի խնդիրներին՝ շեշտելով, որ կրթությունն ու գիտությունը շաղկապված են միմյանց և առանձին գործել չեն կարող:
Նա նույնպես կարևորեց ԵՊՀ-ի դերն ու նշանակությունը՝ պատահական չհամարելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվող Մայր բուհի հատուկ կարգավիճակը:
Հանդիպման վերջում տեղի ունեցավ մտքերի փոխանակում, և ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց՝ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
ԵՊՀ մամուլի խոսնակ,Հանրային կապերի և մարքեթինգի վարչություն