Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են Կումայրի արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները

Ապրիլ 01,2022 18:09

Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրիում իրականացված Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները: Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ներգրավմամբ Գյումրիում ուսումնասիրություններ են կատարել՝ արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մեթոդաբանության մշակելու համար: Կոմիտեի կազմակերպած տասնօրյա աշխատաժողովի ընթացքում կատարված համատեղ աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցչի, բուհի պրոռեկտորի և դասախոսների մասնակցությամբ: Տեսակապի միջոցով միջոցառմանը հետևել են նաև Գյումրիի ակադեմիայից:

Իտալացի փորձագետների մշակած հարցաշարի հիման վրա ուսանողները տվյալներ են հավաքագրել արգելոց-թանգարանի քիչ հետազոտված հատվածների վերաբերյալ, հստակեցրել լուծում պահանջող խնդիրները։ Հաջորդիվ մշակվելու են առաջարկներ՝ ինչպես վերականգնել, վերաօգտագործել արգելոց-թանգարանի ճարտարապետական միջավայրը՝ պահպանելով պատմամշակութային արժեքը։ Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ներգրավված փորձագետները նշել են, որ առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև բնակչության հետ աշխատանքներին՝ բարձրացնելու համար նրանց գիտակցությունը՝ պատմական արժեք ներկայացնող շենքերում ապրելու կարևորության և դրանից բխող պատասխանատվության վերաբերյալ։

Միջոցառման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն ընդգծել է, որ ծրագրի շնորհիվ ձևավորվել է յուրահատուկ՝ պետական մարմին-բուհ-միջազգային փորձագետ համագործակցություն՝ ուղղված մեկ ընդհանուր գաղափարի իրագործմանը։ Իսկ իրենց ուսումնասիրությունները ներկայացնող ուսանողները կարևորել են փորձագետների փոխանցած՝ ճարտարապետական հետազոտություն կատարելու մոտեցումները։

Արդյունքների ամփոփումից հետո աշխատաժողովի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930