«Ոչ մի լավ բան չեմ ակնկալում, այդքան նվաստացած, այդքան գետնատարած եւ անձնական վիրավորանքներ կուլ տված մարդը չի կարող հավասարը հավասարի արժանապատիվ կերպով՝ թեկուզ թշնամական երկրի ղեկավարի հետ նստել, հարցեր քննարկել եւ դրա արդյունքում էլ դեռ հօգուտ իր երկրի ձեռքբերումներ ունենալ»,- «Հայելի» ակումբում խոսելով ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Շառլ Միշելի հետ համատեղ` Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Սա պատրանքների ժանրից է… Ճիշտ է, իրենք դեմ առ դեմ հանդիպելու են, բայց ինքը վաղուց է ասել, որ միշտ օպերատիվ կապով շփվում են: Ես սա համարում եմ եղբայրական հանդիպում: Փաշինյանը հերթական նվաստացնող, ազգակործան, հայակործան հանդիպումն է ունենալու Ալիեւի հետ:
Աշխարհում այսօր թոհուբոհ է, Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ ծանրագույն առճակատման է գնում, փաստորեն քաղաքակրթական մեծագույն բախման ներկան ենք մենք, ուստի այս պարագայում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Փաշինյանի աստեղային ժամն է: Իրենք ուզում են հայ ու Հայաստանի, այսինքն` ողջ Հայաստանի ու Արցախի հարցը վերջնականապես լուծել: Ու հանկարծ Հայաստանի որեւէ մարզ, ասենք, Վեդին, թող չմտածի, որ այս աղետը իրեն չի վերաբերվում»,-ընդգծեց հոգեբանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ