Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դու ՌԴ-ի գործընկերն ես, եթե ունես ինքնաթիռներ, ուրեմն պետք է տաս, կապ չունի, որ այդ ինքնաթիռները կանգնած են, փչացած են…Սրանք փորձեր են՝ ՀՀ-ին ներքաշելու». Բեջանյան

Ապրիլ 01,2022 17:44

Այսօր «Հոդված 3» ակումբը քննարկում էր կազմակերպել «Տեղեկատվական պատերազմ․ ճգնաժամային իրավիճակներում կեղծ լուրերի տարածման թիրախները եւ նպատակները» թեմայով:

Հարցին՝ պատերազմի ժամանակ զգացինք, որ կա ռազմավարական կոմունիկացիայի խնդիր, մոտ 10 աղբյուր պաշտոնական տեղեկատվություն էր տալիս՝ մեկը մյուսին կրկնելով, մի բան ավելի կամ պակաս ասելով, հիմա էլ պարբերաբար ճգնաժամային իրավիճակում ենք, ինչպե՞ս եք ճիշտ արձագանքելու, կա՞ ռազմավարություն՝ որ դեպքում է պետք տեղեկատվական արշավ սկսել, ասենք, ֆեյսբուքը փակել եւ այլն՝ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը (լուսանկարում) պատասխանեց, որ առաջին երկու օրերին գուցե տարբեր մարմիններից էին տեղեկատվություն ստանում, բայց հետո միասնական շտաբն էր տեղեկատվության աղբյուրը. «Պատերազմին մեր հակազդեցությունը գուցե ոչ համարժեք էր, բայց ինչ-որ մի բան արվում էր: Թերեւս շատ ավելի հզոր էր աշխատանքը մեր դեմ: 90-ականներին տպագիր մամուլի, տպագիր գրականության միջոցով էր դա արվում, 2000-ականներին տեխնոլոգիաների միջոցով սկսեցին անել՝ լուրջ PR գործընկերներ վարձելով: Դրան Հայաստանը փորձել է հակազդել, ինչ-որ տեղ հաջողություններ է գրանցել նաեւ, բայց անհավասար պայքար է եղել դա ռեսուրսների: Անընդհատ նույնիսկ տեղեկատվական պատերազմը զուգորդվել է տնտեսական բաղադրիչով, տնտեսական բաղադրիչից ստացվել են քաղաքական դիվիդենտներ: Կառավարական մակարդակում ՀՀ-ում կան քննարկումներ, կա աշխատանք, արվում է Անվտանգության խորհրդի մակարդակով»:

Անդրադառնալով ՍՈՒ-երի մասին ապատեղեկատվությանը, BBC-ի հրապարակմանը՝ Բեջանյանն ասաց, որ ՀՀ-ի մասին ընկալումներ կան ու բնականաբար ելնում են տրամաբանական շղթայից. «Դու ՌԴ-ի հետ գործընկեր ես: Եթե գործընկեր ես, ուրեմն պետք է օգնես: Եթե ունես ինքնաթիռներ, ուրեմն պետք է տաս, կապ չունի, որ այդ ինքնաթիռները կանգնած են, փչացած են, չեն աշխատում, կամ քիչ են, ՌԴ-ն երբեւիցե դրա կարիքը չի ունենա, այդ մեր ինքնաթիռները կարող է մի քանի րոպեում արտադրի: Իմ անձնական կարծիքով, սրանք ֆրոնտներ բացելու գործիքներն են, սկսում են տեղեկատվական նախապատրաստումից, որ ՀՀ-ն խառնվում է: Սրանք փորձեր են՝ Հայաստանին որեւէ կերպ ներքաշելու»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ ասաց, որ ապատեղեկատվությունը չի կարող սփռվել, եթե չկա պարարտ հող դրա համար: Այս պարագայում աշխարհում ընկալում են, որ ՀՀ-ն Ռուսաստանի գործընկերն է ու կարող է օգնել, ուստի հայաստանյան դաշտը պետք է ճիշտ աշխատի ու հիմնավորումներ բերի. «Հստակ տարանջատում պետք է լինի ռուսական բազա եւ ՀՀ: Պետք է ներկայացվի, որ իմացեք, ՀՀ-ում կա ռուսական բազա ու բազայի ներսում կարող են որոշակի գործողություններ իրականացվել, որին մենք մասնակցություն չունենք ու տեղեկացված չենք: Պետք է ներկայացնել, թե ինչ պայմանագիր ունի ռուսական բազայի հետ կապված, ինչ կետեր կան: Մենք ունե՞նք գործիքներ՝ վերահսկողություն իրականացնելու, պայմանագրով նայելու ու ասելու՝ այս կետը խախտում եք, նման բան չպետք է անեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930