Այսօր «Հոդված 3» ակումբը քննարկում էր կազմակերպել Տեղեկատվական պատերազմ․ ճգնաժամային իրավիճակներում կեղծ լուրերի տարածման թիրախները եւ նպատակները» թեմայով:
Հայաստանին վերաբերող ապատեղեկատվությունը արդեն միջազգային հարթակում է շոշափվում եւ երկրի ղեկավարի մակարդակով հերքում են այդ լուրերը, մարդկանց են հրավիրում ՊՆ-ի միջոցով, որ ցույց տան՝ ՍՈՒ-երը Հայաստանում են, ահաբեկիչներ չեն տեղափոխվել այստեղով ու այլն:
Այս առնչությամբ հարցին՝ հնարավո՞ր է կանխել կամ նախականխել նման լուրերը՝ «media.am» կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը պատասխանեց. «Ոնց որ երկիրն է, այդպես էլ այս ոլորտն է, այդ ո՞ր ոլորտում ենք նախականխում ու իրավիճակին այդպես լավ տիրապետում, որ այս ոլորտում միջազգային մեդիայի հորձանուտներում մենք կարողանանք օրակարգ ստեղծել ու առաջ տանել այդ օրակարգը: Աշխարհը հիմա այնպիսի վիճակում է, որ Հայաստանը որպես երկիր ընկալումներ ունի աշխարհի համար՝ ուզի, թե չուզի: Մեր պետական ինստիտուտները փորձում են կառավարել իրավիճակը՝ ինչքանով հնարավոր է՝ հայտարարություն անելով, դիրքորոշում հայտնելով: Մեր վիճակը մեդիայի ոլորտում լավը չի, որովհետեւ այսպես թե այնպես՝ ՀՀ-ն աշխարհի համար ընկալվում է որպես ՌԴ-ի հետ դաշնակից երկիր: Մենք երեւի պետք է փորձենք ավելի շատ ուղիներ փնտրենք միջազգային մեդիայում մեր ձայնն ունենալու ու սոցիալական հարթակում ավելի շատ աշխատենք: Մենք ՍՈՒ-երը ցույց տվեցինք, բայց չգիտենք չէ՞՝ այդ ՍՈՒ-երը թռել են, հետ են եկել…եթե մանրացնենք այդ հարցը, չգիտենք ուր կհասնենք: Փաստն այն է, որ այդ ինքնաթիռը թռել է Սիրիայից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան, թե մեջը ինչ է եղել՝ մենք չգիտենք: Մենք կարող ենք BBC-ին ասել, որ օգտվել եք թուրքական աղբյուրից, որը վստահելի չի ու անկողմնակալ աղբյուր չէ ՀՀ-ի համար:
Փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանն էլ ասաց. «Հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանում ապրող լրագրողները երկընտրանքի առաջ են կանգնած՝ լինել լավ քաղաքացի՞, թե՞ լինել լավ լրագրող: Ինչքան էլ մենք մեր պատկերացումներով ուզում ենք Հայաստանին պաշտպանենք ապատեղեկատվական հոսքերից, մենք պետք է գործածենք ամեն դեպքում փաստերի ստուգման գործիքները: BBC-ի մանիպուլյատիվ նյութը թեմա է, որին մեր թիմն էլ էր ուզում անդրադառնալ, բայց մեր հապաղման պատճառն այն էր, որ կոնկրետ փաստեր չունեինք հերքելու այն, ինչ ասվում էր: Մեր սահմանները շատ փոքր են, մեր աշխատելու դաշտը շատ փոքր է, էթիկական նորմերը կաշկանդում են: Պետք է տարանջատել ապատեղեկատվությունը քարոզչությունից: Երբեմն բարձրորակ քարոզիչները կարողանում են այնպես կառուցել իրենց ապատեղեկատվությունը, որ փաստեր ստուգողների աշխատանքը բարդանում է: Օրինակ, BBC-ին հերքելը շատ ավելի դժվար է, քան ինչ-որ տելեգրամյան ալիքին, որը հեշտ է բռնվում, բայց որակի փոխարեն աշխատում է քանակի վրա ու կարողանում է տարածել սուտը ավելի լայն լսարանի համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ