Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-ուկրաինական հակամարտությունը, եթե չսրվեր՝ կունենայինք ավելի ցածր գնաճ եւ բարձր տնտեսական աճ. ԿԲ-ի պայմանական սցենարը

Ապրիլ 01,2022 17:09

Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը էական ազդեցություն է թողնում ինչպես համաշխարհային տնտեսության, միջազգային ապրանքահումքային եւ ֆինանսական շուկաների, այնպես էլ ՀՀ տնտեսության վրա։ Այդ ազդեցությունները գնահատելու նպատակով Հայաստանի կենտրոնական բանկն իրականացրել է վերլուծություն, ինչի արդյունքում հրապարակել է պայմանական սցենար:

ԿԲ-ն գտնում է՝ հակամարտության սրման եւ դրա հետեւանքով կոշտ պատժամիջոցների սահմանման բացակայության պարագայում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում եւ ապրանքահումքային շուկաներում, հետեւաբար նաեւ դրանց ազդեցությամբ զարգացումները ՀՀ տնտեսությունում կլինեին էականորեն ավելի դրական։

«Մինչեւ հակամարտության ակտիվ փուլի մեկնարկը, տնտեսական զարգացումները եւ կանխատեսումները կընթանային հետեւյալ սցենարով: Առաջատար տնտեսություններում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստումների բարձր ցուցանիշների եւ հատկապես «Օմիկրոն» տեսակի՝ համեմատաբար ավելի թույլ վնասաբերության մասին դատողությունների հաստատումով պայմանավորված՝ ձեւավորվել էր համաշխարհային տնտեսության աճի տեմպերի արագացման վերաբերյալ որոշակի զգուշավոր լավատեսություն: Իհարկե, դեռեւս նախորդ տարեվերջից ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ անորոշությունների աճը որոշակի թույլ զսպող ազդեցություն էր ունենում: Հարկ է նաեւ նշել, որ գործընկեր բոլոր տնտեսություններում բավականին բարձր տեմպերով բարելավվում էին աշխատանքի շուկաների պայմանները, իսկ, օրինակ, ՌԴ-ի եւ ԵՄ-ի պարագայում, գործազրկությունը պատմականորեն ցածր մակարդակներում էր»,-նշում են Կենտրոնական բանկի վերլուծաբանները։

Ըստ նրանց, հակամարտության սրումից եւ պատժամիջոցներից զերծ սցենարի դեպքում ՀՀ հիմնական գործընկեր տնտեսություններից Ռուսաստանում համախառն թողարկման կուտակային աճը կանխատեսվող հորիզոնի ընթացքում կկազմեր ավելի քան 11%, որի մոտ 8 տոկոսային կետը՝ միայն ընթացիկ տարում։

ԿԲ մասնագետների ներկայացմամբ, հակամարտության ազդեցությունը էական է նաեւ Ռուսաստանի կարեւոր առեւտրային գործընկեր Եվրոմիությունում, որտեղ տնտեսական աճը, հակամարտության բացակայության դեպքում, ընթացիկ տարում կլիներ մոտ 1 տոկոսային կետով ավելի բարձր։ ԱՄՆ-ի տնտեսության վրա հետեւանքներն ավելի թույլ կդրսեւորվեին:

«Համավարակի տարածումից ի վեր աշխարհում դիտվող արտադրական եւ մատակարարման շղթաների խաթարումները թեեւ ավելի դանդաղ տեմպերով, սակայն աստիճանաբար կչեզոքանային ընթացիկ տարում: Ուստի դրանից բխող գնաճային ազդեցությունները կպահպանվեին 2022 թ. ամբողջ ընթացքում: Բնականաբար, հակամարտության սրումը առավել խորացրեց նշված խնդիրները հատկապես միջազգային այն ապրանքների մասով, որոնց արտադրության եւ արտահանման մեջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի կշիռը բավական մեծ է։ Սա, մասնավորապես, ակնառու է էներգակիրների եւ մի շարք պարենային ապրանքների՝ ցորենի, եգիպտացորենի, արեւածաղկի եւ այլ շուկաներում»,-նշում են բանկի մասնագետները:

Նրանք համոզված են, որ պահանջարկի եւ առաջարկի վերոնշյալ գործոնների պարագայում գործընկեր երկրներում գնաճային միջավայրը կշարունակեր ընդլայնվել, իսկ դրամավարկային քաղաքականությունները կընթանային աստիճանական զսպման ճանապարհով. «Բնականաբար, ընթացիկ սցենարում առկա լրացուցիչ գնաճային ճնշումների, իսկ Ռուսաստանում նաև գնաճային սպասումների ցնցումների բացակայությամբ, գնաճը գործընկեր երկրներում կավելանար, բայց կլիներ որոշակիորեն ավելի թույլ»։

Այդպիսով, ըստ ԿԲ-ի, նախադրյալներ էին ստեղծվում միջնաժամկետ հատվածում տնտեսության արտադրական հնարավորությունների ընդլայնման համար. «Մյուս կողմից՝ դիտվում էին նաեւ արդյունաբերական արտադրանքի արտահանման արագացում եւ միջազգային զբոսաշրջության աստիճանական վերականգնում։ Նման պայմաններում ակնկալվում էր, որ տնտեսական աճը միջնաժամկետում դեռեւս բարձր կլիներ երկարաժամկետ ներուժային մակարդակից եւ կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կկայունանար վերջինիս շուրջ։ Արդյունքում, արտաքին աշխարհի զարգացումներով եւ անորոշության որոշակի թուլացմամբ պայմանավորված, տնտեսական աճը ՀՀ-ում զգալիորեն բարձր կլիներ ընթացիկ կանխատեսման համեմատությամբ։ Մինչ հակամարտության ակտիվ փուլի բռնկումը, ՀՀ-ում գնաճային միջավայրը դեռևս բնութագրվում էր որոշակիորեն բարձր ցուցանիշներով՝ հիմնականում կրելով միջազգային ապրանքահումքային շուկաներից ՀՀ փոխանցվող գնաճային ճնշումների ազդեցությունները։ Գնահատվում է, որ նախորդ տարվա ընթացքում ԿԲ-ի կողմից քաղաքականության տոկոսադրույքի հետեւողական բարձրացման եւ դրա վերաբերյալ հստակ հաղորդակցման արդյունքում հաջողվել էր կայունացնել գնաճային սպասումները»:

Ամփոփելով ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության բացակայության պայմաններում հիպոթետիկ սցենարի նկարագրությունը, ԿԲ մասնագետները արձանագրում են, որ դրամավարկային քաղաքականության ընթացիկ որոշումը, ինչպես նաեւ կանխատեսումների եւ դրանց շուրջ առաջացած ռիսկերի վերանայումը առավելապես պայմանավորված են հենց հակամարտության սրման հետեւանքով առաջացած ցնցումներով։ Այլ կերպ ասած՝ եթե հակամարտությունը չսրվեր, տնտեսության մակրոիրավիճակը կլիներ զգալիորեն բարենպաստ. կձեւավորվեին ավելի ցածր գնաճ եւ ավելի բարձր տնտեսական աճ, իսկ տնտեսական հեռանկարների վերաբերյալ անորոշությունների աստիճանը կլիներ անհամեմատ ցածր։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930