Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած խնդիրներին, համամասնական ընտրակարգն աստիճանաբար կարող է փոխել անձնակենտրոն ընտրական մշակույթը. «Անկախ դիտորդ»

Ապրիլ 01,2022 17:14

2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի են ունեցել համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Համայնքում ձևավորվել է 28 տեղամաս։ «Անկախ դիտորդ» դաշինքը դիտարկել է բոլոր տեղամասերը 8 դիտորդների կազմով, ներգրավելով մեկ տեղեկատվության մուտքագրողի և իրավաբանի:

Վեդի համայնքում 2021 թ․ դեկտեմբերի 5-ին անցկացված ընտրություններին մասնակցում էին Իմ հզոր համայնքը (ԻՀՀ), Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) և Հանրապետություն կուսակցությունները։ Այս ընտրությունների արդյունքում առավելագույն քվե ստացավ ԻՀՀ կուսակցությունը, սակայն ոչ ձայների կեսից ավելին։ Քաղաքական կոալիցիա ձևավորելու շուրջ համաձայնության չգալով՝ ՔՊ և Հանրապետություն կուսակցությունների բոլոր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին, ինչի արդյունքում ընտրությունները ճանաչվեցին չկայացած և նոր արտահերթ ընտրություններ նշանակվեցին։

Մարտի 27-ին կայացած ընտրություններին մասնակցեցին ՔՊ և ԻՀՀ կուսակցությունները։ ԻՀՀ կուսակցությունը ներկայացավ 80 թեկնածուներից կազմված ընտրական ցուցակով, որը գլխավորում էր կուսակցության հիմնադիր՝ Սիսավան համայնքի նախկին ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։ ՔՊ կուսակցությունը ընտրություններին մասնակցեց թույլատրելի առավելագույն 81 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակով, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ և մինչև ընտրությունները Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը։

ԻՀՀ կուսակցության ընտրական ցուցակում ներկայացված էին Վեդի խոշորացված համայնքի 19 բնակավայրերից 18-ը, իսկ ՔՊ կուսակցության ցուցակում բոլոր 19-ը բնակավայրերը։

Քվեարկության մասնակիցների թիվը նախորդից 3254-ով ավել էր։ Ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ կուսակցությունը ստացավ վավեր քվեաթերթիկների 57․5%-ը, իսկ ԻՀՀ կուսակցությունը 42․5%-ը։

Մեթոդաբանություն

«Անկախ դիտորդ» դաշինքը 2022 թ․ մարտի 27-ի ընտրությունները դիտարկել է միայն քվեարկության օրը՝ շրջիկ դիտորդների ուժերով, պարբերաբար դիտարկելով բոլոր տեղամասերը և չունենալով քվեարկության ամբողջ օրվա ընթացքում տեղամասում տեղակայված դիտորդներ:

Կարճաժամկետ դիտարկումներն իրականացվել են Հանձնաժողովի նիստի, քվեարկության ընթացքի և ձայների ամփոփման վերաբերյալ ընտրական օրենսդրության կարգավորումների կիրառումը գնահատող հարցաշարերի հիման վրա։ Միաժամանակ գնահատվել է տեղամասային կենտրոնների մատչելիությունը և քվեարկության օրվա ընդհանուր իրավիճակն ու հնարավոր ռիսկերը։

Նախընտրական քարոզչության փուլում ԶԼՄ-ներում հրապարակված հիմնական խախտումները

2022 թ․ հունվարի 5-ին ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար և կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Փետրվարի 7-ին Վեդիի համայնքապետարանը հրապարակել է տեղեկատվություն, որ գործարկվում է համայնքի բնակավայրերն իրար կապող անվճար երթուղի։ Այս մասին հրապարակում է կատարել նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Ըստ շրջանառված տեղեկատվության երթուղայինի վարորդը համայնքի ղեկավարի վարորդն է։ Թեև նախաձեռնությունը մեկնարկել է նախընտրական քարոզչության փուլից առաջ, այն այնուամենայնիվ կարող է մեկնաբանվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրակաշառք։ Այսպես կարելի է մեկնաբանել նաև նույն փուլում տարբեր բնակավայրերում տրամադրված սոցիալական աջակցությունը։

Մարտի 25-ին ստացվել է տեղեկատվություն, որ ՔՊ կուսակցության հանրահավաքի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տուժել է կուսակցության թեկնածու Նշան Հովհաննիսյանը։ Միջադեպի վերաբերյալ հրապարակում կատարած civic.am-ը մեջբերել է ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, որը միջադեպը սադրանք է որակել, մինչդեռ ոստիկանությունն այն ներկայացրել է, որպես կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն, որի ընթացքում բերման է ենթարկվել հինգ անձ։

Քվեարկության օրն արձանագրված հիմնական խախտումները

Հանձնաժողովի առավոտվա նիստը դիտարկվել է 28 ՏԸՀ-ներից 5-ում, որոնցից 2-ում նիստը սկսվել է ուշ՝ հանձնաժողովի անդամների ուշացման պատճառով: Դիտարկվող տեղամասերից միայն մեկում էր ներկա գտնվելու իրավունք չունեցող անձ՝ ոստիկան, որը սակայն որևէ կերպ չէր միջամտում: Մեկ տեղամասում հանձնաժողովի անդամների գործառույթները մասամբ էին վիճակահանությամբ բաժանվել և որոշվել էր հետագա վիճակահանությունն իրականացնել բացակա անդամների ժամանումից հետո: Տեղամասերից 3-ում նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա էին վերցնում հանձնաժողովի մյուս անդամները՝ հիմնականում հիմնավորելով իրենց փորձառությամբ։ Նիստի ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել:

Հարկ է նշել, որ ընթացակարգը այնուամենայնիվ խախտվել է բոլոր դիտարկված, ինչպես և, վստահաբար, չդիտարկված տեղամասերում: Ընտրական օրենսգիրքը և հանձնաժողովի անդամների ուղեցույցը պահանջում են նախագահից վիճակահանության արդյունքները գրանցելուց անմիջապես հետո ստուգել տեխնիկական սարքավորման աշխատանքը, տպել և գրանցամատյանում փակցնել ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը: Այդուհանդերձ, տեխնիկական սարքավորումների ծրագիրը թույլ չի տալիս տպել այդ տեղեկանքը մինչև 8:00, ինչի պատճառով բոլոր հանձնաժողովները շեղվել են ընթացակարգով նախանշված հերթականությունից: Քվեարկության պարագաները առկա են եղել բոլոր տեղամասերում, սակայն, կրկին, թե առավոտյան դիտարկված, թե օրվա ընթացքում դիտարկված բոլոր տեղամասերում առկա չեն եղել տեղեկատվական պաստառները՝ քվեաթերթիկի նմուշը, քվեարկության կարգը և կուսակցությունների ամբողջական ցուցակը պարունակող պաստառները: Այդ նյութերը, ինչպես և թույլ տեսողություն ունեցող անձանց ինքնուրույն քվեարկության համար նախատեսված խոշորացույցները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին չեն տրամադրվել ԿԸՀ-ի կողմից:

Դիտարկված տեղամասերում նիստը, բացառությամբ Լանջանիստ բնակավայրի տեղամասի, վերահսկվել է երկու թեկնածու կուսակցությունների վստահված անձանց կողմից, իսկ երկու տեղամասերում նաև «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» ՀԿ-ի դիտորդների կողմից:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ 2022 թ․ հունվարի մեկից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացրած տեղամասային կենտրոնները՝ Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգի պահանջներին համապատասխանության հիման վրա։ ԿԸՀ կարգը հաստատվել է 2022 թ․ մարտի 24-ին և Վեդի համայնքի տեղամասային կենտրոնների սահմանման ժամանակ չի կիրառվել։ Մարտի 27-ին ընտրությունները կազմակերպվել են միևնույն տեղամասային կենտրոններում, որտեղ կազմակերպվել էին դեկտեմբերի 5-ին։

Ուշագրավ է Այգավան բնակավայրի 13/22 տեղամասում ՔՊ վստահված անձի և հանձնաժողովի նախագահի համագործակցությունը. առանց վկայական ներկայացած վստահված անձին ընդառաջ գալով նրան վկայականը տրամադրել է հանձնաժողովի նախագահը, ով ներկայացված է եղել ՔՊ-ի կողմից: Մինչդեռ իրավիճակը բացատրվում է լոգիստիկ նկատառումներով, նման փոխկապակցվածությունը խաթարում է հանձնաժողովի նախագահի քաղաքական անկողմնակալության հանրային ընկալումը և օրենսդրական պարտավորությունը, որն ստանձնում է ի պաշտոնե:

Քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից քվեախցիկների դիրքը հիմնականում բավարար է գնահատվել, իսկ որոշակի մտահոգություն առաջացրած խցիկների դիրքը փոխվել է:

Դիտարկված բոլոր 5 տեղամասերը քվեարկության համար բացվել են 8:00-ին՝ առանց ուշացման:

Տեղամասային կենտրոնների մատչելիությունը

Մատչելիության գնահատումը իրականացվել է 28 տեղամասերից 26-ում: Տեղամասային կենտրոններից որևէ մեկը մատչելի չի գնահատվել։

Բացառությամբ մեկ տեղամասային կենտրոնի բոլոր տեղամասային կենտրոնների մուտքը հասնելու ճանապարհին եղել են խոչընդոտներ:

Նույնիսկ այն տեղամասային կենտրոնը, որի մուտքի մոտ խոչընդոտներ են եղել, թույլ չի տվել հենաշարժական խնդիրներով անձանց ազատ տեղաշարժը ներսում, իսկ 6-7 ընտրողների միաժամանակյա ներկայության դեպքում առաջանում էր կուտակում:

Բացառությամբ մեկ տեղամասի, մյուս գնահատված տեղամասային կենտրոնների մուտքերը ունեցել են աստիճաններ և այդ 25 տեղամասերից միայն երկուսն են ունեցել մատչելի, ոչ ավել քան 8° թեքություն և բռնաձող ունեցող թեքահարթակ: Տեղամասերից 19 ընդհանրապես չեն ունեցել թեքահարթակ կամ այն գնահատվել է որպես ոչ մատչելի (անկիրառելի հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար): Աստիճաններ են եղել նաև 15 տեղամասերի տեղամասային կենտրոնի մուտքից մինչև քվեարկության խցիկ և քվեարկության արկղ հասնելու երթուղու վրա։ Հինգում դրանք գնահատվել են որպես շատ կամ ծայրահեղ շատ խոչընդոտող: Երեք տեղամասում ընտրողի երթուղու վրա նկատվել են նաև այլ առարկաներ, որոնք գնահատվել են, որպես շատ խոչընդոտող, ընդ որում, դրանցից երկուսը աստիճաններ են ունեցել նաև քվեասենյակի ներսում: 8 տեղամասային կենտրոնում մուտքից մինչև քվեարկության սենյակ եղել են չլուսավորվող հատվածներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ թույլ տեսողություն ունեցող ընտրողների համար:

Լանջանիստ գյուղում քվեասենյակը գտնվել է համայնքի վարչական ղեկավարի նստավայրում, որը համատեղության կարգով բնակավայրի մշակույթի տունն է։ Տեղամասային կենտրոնի մուտքի և ընդհանուր տարածքի անմատչելիությանը գումարվել է այն, որ քվեասենյակի տարածքը բավարար չէր նույնիսկ հանձնաժողովի բոլոր անդամների միաժամանակյա ներկայության համար։

Հարկ է նշել, որ տեղամասերում չեն եղել ոչ միայն մատչելիության ապահովման համար նախատեսված հատուկ միջոցներ կամ մեկ քվեաթերթիկով քվեարկելու համար նախատեսված բրայլյան կաղապարը, այլև խոշորացույց ոսպնյակը, որը օգտագործվում է տարիներ ի վեր: Ինչպես դաշինքին պարզաբանել էին ԸԸՀ-ում, խոշորացույցը չէր ուղարկվել ԿԸՀ-ից։ Չէին ուղարկվել նաև քվեաթերթիկի նմուշը, քվեարկության կարգը և կուսակցությունների ընտրական ցուցակների պաստառները:

Դիտորդների գնահատմամբ քվեարկության սենյակներից միայն 7-ն էին թույլ տալիս հենաշարժական կամ այլ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող հանձնաժողովի անդամների տևական ներկայությունը: Հարկ է նշել, որ այս «տևական ներկայությունը» պետք է ընդունել վերապահումով, քանի որ թե այս, թե մյուս տեղամասային կենտրոններում խիստ մտահոգիչ էր սանհանգույցների վիճակը։ Տեղամասային կենտրոններում սանհանգույցների առկայությունը քվեարկության հետ ուղղակիորեն կապ չունեցող, սակայն ընտրական վարչարարությունն իրականացնող առաջնային օղակի աշխատանքի վրա ազդող և իր հանդեպ վերաբերմունքը արտացոլող հարց է: Տեղամասերի ⅓-ը չունեին սանհանգույց, իսկ ունեցածների զգալի մասի սանհանգույցը չէր գործում: Հարկ է նշել, որ բոլոր տեղամասային կենտրոնները տեղակայված էին հանրային նշանակության շինություններում։ Դրանցից 10-ը գտնվում էին դպրոցում, 14-ը մշակույթի տներում, 1-ը գրադարանում և 3-ը մանկապարտեզում։ Խիստ անընդունելի է այս շինությունների անմատչելիությունը, սանհանգույցների բացակայությունը կամ անմխիթար վիճակը և ընդհանուր ջեռուցման բացակայությունը։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներից միայն 8-ն են նշել, որ վերապատրաստված են՝ հաշմանդամություն ունեցող ընտրողների աջակցելու տեսանկյունից:

Խնդրահարույց է եղել նաև որոշ քվեարկության սենյակների լուսավորությունը։

Քվեարկության ընթացքում դիտարկվող տեղամասերում և տեղամասային կենտրոնների շրջանակներում դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումներն են եղել կուտակումները, ընտրողների տեղափոխությունը, քվեախցիկում մեկից ավել անձանց միաժամանակյա գտնվելը:

Հարկ է նշել, որ առանձին տեղամասերի շրջակայքում (50 և 100 մ շառավղով) կուտակումները բաղկացած են եղել երկու ուժերի ներկայացուցիչներից կամ բաժանված են եղել երկու ճամբարների և կրել ոչ միայն տևական, այլև շուրջօրյա բնույթ՝ շարունակվելով մինչև ձայների հաշվարկի ավարտը և վերափոխվելով տոնախմբության «իրենց» թեկնածուի հաղթանակի դեպքում: Ի տարբերություն հաճախ հանդիպող 5-10 հոգանոց կուտակումների, այս ընտրություններին առաքելությունը ականատես էր դարձել որոշ դեպքերում մի քանի տասնյակ մեքենաների և մարդկանց հավաքների: Միաժամանակ հարկ է նշել, որ միայն 4 դեպքում են նկատվել կուտակման հետ զուգորդվող ընտրողների տեղափոխության դեպքեր: Այս իրադրության վրա կանգ առնելով անհրաժեշտ է պարզաբանել. 3 բնակավայրերում ընտրողների տեղափոխությունը իրականացվում էր թեթև մարդատար ավտոմոբիլներով՝ բազմաթիվ անձանց կողմից, սակայն դիտարկվող ժամանակահատվածներում 1-2 անգամ մեկական անձ, իսկ Վանաշեն բնակավայրում՝ Երևան-Վեդի երթուղային ավտոբուսի միջոցով: Չնայած դիտորդները ավտոբուսը տեսել են դատարկ երթևեկելիս, ԻՀՀ կուսակցության վստահված անձի խոստովանությամբ տեղափոխությունը կազմակերպված է եղել հենց իր կուսակցության կողմից՝ երևանաբնակ համագյուղացիների համար:

Վիճաբանության երեք դեպքերից երկուսը կապված են եղել ՔՊ կուսակցության հետ: Եթե դեպքերից մեկը իրենից ներկայացնում էր հաճախ հանդիպող՝ հանձնաժողովի նախագահի և վստահված անձի միջև բուռն անհամաձայնություն, ապա մյուսը՝ տվյալ ընտրություններում որևէ կարգավիճակ չունեցող ԱԺ ՔՊ խմբակցության երկու պատգամավորների վեճն էր ԻՀՀ վստահված անձի, 168.am լրատվական կայքի ներկայացուցչի և տեղամասում հերթապահություն իրականացող ոստիկանի հետ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Աղազարյանն և Ասլանյանը տեղամասերով շրջագայելով նկատել էին տեղամասային կենտրոններից մեկում (սակայն ոչ քվեարկության սենյակում) ԻՀՀ 2-րդ վստահված անձի և ինքնուրույն դուրս հրավիրել նրան: Վեճը բավականին տևական բնույթ էր կրում քանի որ պատգամավորները ոչ միայն չէին հեռանում ՏԿ տարածքից, պնդելով իրենց ներկայության «սահմանադրական իրավունքը», այլև մտել էին քվեարկության սենյակ և հեռացել միայն հանձնաժողովի նախագահի հորդորից հետո: Դիտարկման ընթացքում ակնհայտ է դարձել, որ պատգամավորներն իրենց հերթին չեն ունեցել տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք նախատեսող որևէ կարգավիճակ և վստահեցրել են, որ իրենց պատգամավորական մանդատն իրավունք է տալիս գտնվել տեղամասային կենտրոնում։

Մինչդեռ դիտորդների կողմից արձանագրած երեք վիճաբանություններից որևէ մեկի դեպքում բռնություն չի կիրառվել և բուն վեճի խոսույթը չէր պարունակում ճնշման կամ մասնագիտական գործառույթները իրականացնելու խոչընդոտ, առաքելությանը հայտնի է դարձել Ուրցաձոր բնակավայրում ծեծի մեկ դեպք: Այս դեպքն էլ, երկու կողմի ներկայացուցիչների պնդմամբ, կրում էր կենցաղային շարժառիթներ, որոնք սրվել էին քաղաքական պայքարի ֆոնին: Այնուամենայնիվ, դեպքի վերաբերյալ գործ է հարուցվել ոստիկանության կողմից Քր. օր.-ի 149.2 հոդվածի հիմքով:

Լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպք է արձանագրվել, Լուսառատ բնակավայրում, որտեղ կուտակման մասնակիցներից մի քանիսը վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում News.am լրատվականի թղթակցի հասցեին: Այնուամենայնիվ, իրավիճակը հանգուցալուծվեց ոստիկանների օգնությամբ, որոնք տարածքից հեռացրեցին մեկ անձի:

Ընտրողների կողմից քվեարկությունից առաջ կամ հետո կուսակցության շտաբ մտնելը նկատվել է Եղեգնուտ և Լուսառատ համայնքներում՝ երկու դեպքում էլ խոսքը գնում է ՔՊ կուսակցության շտաբների մասին:

Քվեարկության գաղտնիության բացահայտման արձանագրված մեկ դեպքը վերաբերում էր միայն քվեարկությունից հետո որպես օգնող գրանցված քաղաքացու կողմից այլ անձի հետ քվեարկության խցիկ մուտք գործելուն: Միաժամանակ առաքելությանը հայտնի են դարձել Վեդի քաղաքի 13/5 տեղամասում քվեարկած քվեաթերթիկի լուսանկարման երկու դեպք՝ յուրաքանչյուր կուսակցության օգտին մեկական քվեաթերթիկի: Երկու դեպքում էլ ոստիկանությունը բացատրություն է վերցրել ընտրողներից և հանգամանքները ուսումնասիրվում են:

Քարոզչության ակներև դեպք է արձանագրվել Սիսավան համայնքում, որտեղ հանձնաժողովի 2 անդամները (Հայաստան խմբակցության և ԸԸՀ-ի կողմից նշանակված) ԻՀՀ առաջին համարի թեկնածու, միևնույն համայնքի նախկին ղեկավարի քվեարկության ժամանակ հոտնկայս ծափահարություններով դիմում էին մյուս անդամներին և Թարթիկյանի հետ տեղամաս ժամանած լրագրողներին. «Ողջունենք մեր հաղթանակած թեկնածուին» կոչերով: Դաշինքի դիտորդները ծանոթացել են իրավիճակին տեղամասի գրանցամատյանում արված արձանագրությունից, ինչից հետո առանձնազրույցներ են ունեցել հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և միջադեպում ներգրավված երկու անդամների հետ՝ կողմերից ոչ մեկը չի վիճարկել արձանագրության ճշմարտացիությունը: Զրույցների բովանդակությունից պարզ է դառնում, որ խնդրահարույց է եղել նաև ԶԼՄ-ների վարքագիծը. Հ2 հեռուստատեսության թիմը տեղամասի մոտ իրականացրել է կարճ հարցումներ ընտրողների հետ, հարցադրելով, արդյո՞ք «դուք ուզու՞մ եք ունենալ հզոր համայնք», թեկնածուի հետ ՏԿ մտած ԶԼՄ-ների ներկայացուցիչները չէին գրանցվել գրանցամատյանում, նկարահանել են միայն ծափողջույնների հատվածը և դադարեցրել նկարահանումը, երբ հանձնաժողովի նախագահը նկատողություն է արել հանձնաժողովի անդամներին: Այնուհետև, խնդրահարույց է նաև հանձնաժողովի նախագահի վարքագիծը, ով հեռացրել է տեղամասային կենտրոնից լրագրողներին՝ առանց ընթացակարգերը հարգելու:

Ընդհանուր առմամբ տարբեր ժամերին համայնքում խնդիրների ռիսկայնությունը տարբերվել է, ինչպես դա երևում է դիտորդների կողմից յուրաքանչյուր երեք ժամը ներկայացվող ամփոփ զեկույցներից։ Ռիսկայնությունը գնահատվել է 1-4 սանդղակով, որտեղ 4-ն առավելագույն ռիսկայնությունն է։ Գնահատականի հիմքում դիտորդները հաշվի են առել ոչ միայն իրենց դիտարկած միջադեպերը, այլև երկու կողմերի վստահված անձանց, տարբեր խմբակցություններից ներկայացված հանձնաժողովի անդամների և այլ աղբյուրներից ձեռք բերված տեղեկությունները: Ստորև բերված գծապատկերում ներկայացված են դիտորդների միջինացված գնահատականները։

Այսպիսով օրվա ընթացքում հիմնական խնդիր են եղել կուտակումները, ապա կողմնակի անձանց ներկայությունը և հանձնաժողովների ոչ կոմպետենտությունը։

Ձայների հաշվարկ

Ձայների հաշվարկը դիտարկվել է 5 տեղամասերում, որոնցից 3-ում դիտարկվել է ամբողջությամբ։

Բոլոր դիտարկված տեղամասերում ներկա են եղել երկու կողմերի վստահված անձինք և թեկնածուները, ինչը որոշակի իմաստով երաշխավորում է հաշվարկի գործընթացի անաչառությունը: Հարկ է նշել, որ 13/22 տեղամասում միաժամանակ ներկա էին մեկից ավել վստահված անձ երկու կողմերից էլ, իսկ ԺԻՄԿ դիտորդների ելումուտը չէր արտացոլվում գրանցամատյանում: Ուշագրավ է նաև ընտրություններին հավատարմագրած դիտորդական առաքելություն իրականացնող «Ժողովրդավարության իրավունքի միջազգային կենտրոն» ՀԿ-ի դիտորդների վարքագիծը, որը նկատվել է ողջ օրվա ընթացքում, բայց առավել ցցուն է դարձել ձայների հաշվարկին: Կազմակերպության դիտորդները բոլոր տեղամասերում հանդես էին գալիս ԻՀՀ վստահված անձանց հետ միասին՝ համանման նկարագրություններ և արձագանք էին տալիս իրավիճակների։ Նրանք որոշ տեղերում ուղղակի ներկայանում էին որպես ԻՀՀ կուսակցության դիտորդ և չէին ընդդիմանում, երբ հանձնաժողովների անդամներին իրենց այդ կերպ բնութագրում: Ձայների հաշվարկի ընթացքում կազմակերպության դիտորդները դիտարկված տեղամասերից 3-ում զուգահեռ հաշվարկ էին իրականացնում ԻՀՀ վստահված անձանց և թեկնածուների հետ: Ըստ էության, կազմակերպության դիտորդները ամբողջությամբ նույնականանում էին ԻՀՀ կուսակցության հետ և հանդես գալիս որպես լրացուցիչ վստահված անձ:

Դիտարկված տեղամասերից միայն մեկում են փորձել խոչընդոտել առաքելության դիտորդի մուտքը և գրանցամատյանին ծանոթանալու իրավունքը, սակայն խնդիրը լուծվել է հանձնաժողովի նախագահի հետ երկխոսության միջոցով:

Նիստի ընթացակարգը պահպանվել է բոլոր տեղամասերում, բացառությամբ նույն 13/22 տեղամասի, որտեղ հանձնաժողովը արձանագրել էր ելակետային տվյալները, հիմնվելով քվեարկության ժամանակ հընթացս իրականացվող հաշվարկի վրա և չիրականացնելով այն նիստի ընթացքում: Այս նույն տեղամասը միակն էր, որտեղ արձանագրվել է հաշվարկի ընթացքին միջամտության փորձ թեկնածուի կողմից: ԻՀՀ 2-րդ համարի թեկնածուն բացահայտ հորդորում և պահանջում էր Պատիվ ունեմ խմբակցության կողմից նշանակված հանձնաժողովի անդամից՝ քվեաթերթիկների անվավերության վերաբերյալ քվեարկության ժամանակ «պահել մեր ձեները» և անվավեր ճանաչել ՔՊ-ի օգտին խնդրահարույց քվեաթերթիկները:

Այնուամենայնիվ, դիտորդների գնահատմամբ դիտարկված բոլոր տեղամասերում անվավերության հարցում հանձնաժողովների մոտեցումները եղել են միատեսակ:

Եզրահանգումներ

  • 2021 թ․ դեկտեմբերի 5-ի և 2022 թ․ մարտի 27-ին Վեդի համայնքում տեղի ունեցած ընտրություններն ուղեկցվել են քաղաքական խիստ բևեռացվածությամբ և փոխադարձ մեղադրանքներով, որոնց արդյունքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են ստացվել մասնակից ուժերի ներկայացուցիչների միջև վիճաբանությունների մասին։ Հատկապես անընդունելի է քվեարկության օրը Ուրցաձոր համայնքի 13/24 տեղամասի դիմաց ոստիկանության ծառայողների ներկայությամբ ընդդիմության համակրի նկատմամբ բռնության կիրառումը ՔՊ կուսակցության համակիրների կողմից։
  • Երկու ուժերի խիստ մրցակցությունը տեսանելի է եղել քարոզարշավի և առավել տեսանելի քվեարկության օրը, ինչը արտացոլվել է նաև դեկտեմբերի 5-ի համեմատ 16%-ով բարձր մասնակցությամբ։
  • Մինչդեռ ցուցակը գլխավորող թեկնածուները փաստացի ընկալվում են որպես անձ-թեկնածուներ և առաջնային գործոն են, բնակավայրերում նկատելի էր իրենց բնակավայրը «ներկայացնող» թեկնածուի վերաբերյալ սրտացավությունը և մասնակցության կարևորումը: Այս հանգամանքը թեև կարող է լարվածության առիթ հանդիսանալ, մյուս կողմից կարող է բարձրացնել կուսակցությունների շահագրգռվածությունը ընտրական ցուցակում համայնքի բնակավայրերի առավելագույն ներկայացվածության համար։
  • Չնայած բազմաթիվ խնդիրներին, համամասնական ընտրակարգն աստիճանաբար կարող է փոխել անձնակենտրոն ընտրական մշակույթը և քաղաքականացնել գործընթացը։
  • Ընտրական օրենսգրքի մի շարք փոփոխություններ ուժի մեջ են մտել հունվարի 1-ին և փաստացի առաջին անգամ կիրառվել այս ընտրությունների ընթացքում, այդ թվում առաջին անգամ և հաջողությամբ կիրառվել է ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների հավատարմագրման առցանց համակարգը։
  • ՏԻՄ ընտրությունների այս փուլից հետո էական է Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների ամբողջական գնահատումն ու փոփոխությունների վերանայումը՝ հատկապես ուշադրություն դարձնելով վարչական ռեսուրսների չարաշահման արգելքի, քարոզչության վերահսկման, քվեարկության կարգի և ընտրական վարչարարության առավել արդյունավետ իրականացմանը։
  • Կասկածելի են 13/27 և 13/28 տեղամասերում արձանագրված քվեարկության արդյունքները, որտեղ երկու կուսակցությունները ստացել են համապատասխանաբար 27/27 և 141/141 ձայն։ Ցավոք դիտորդական առաքելությունները չունեն հնարավորություն պահանջելու քվեների վերահաշվարկ, միաժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կարող էին սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ անցկացնել այս տեղամասերում՝ համոզվելու, որ այս համընկնումը պատահականություն է և ոչ արդյունքների կեղծում։
  • Չնայած երկու մասնակցող ուժերի կողմից ընտրողների մասնակցությունն ապահովելու և քվեարկությունը ուղղորդելուն ուղղված քայլերին, քվեարկության արդյունքները արտացոլում են ընտրողների կամքը և չեն վիճարկվել ուժերից ոչ մեկի կողմից:

«Անկախ դիտորդ» առաքելություն, ի դեմս՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

«Իրազեկ քաղաքացիների միավորման»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930