Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՄ-երը զավթելու մասին խոսք չկա․ ձեր ողջ խոսույթի մեջ ընկած է ձեր անցյալի փորձը»

Ապրիլ 01,2022 16:50

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագիծը, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։ Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ խնդիրն այս պահին վերաբերում է կոնկրետ Վանաձորին։

Վահագն Հովակիմյան

«Դատարանն արգելել է նիստը գումարել, մինչեւ վերջնական դատական ակտը լինի՝ մինչեւ հուլիս։ Համայնքի ղեկավար ընտրվելու հարցով ավագանու նիստը չի կայանում։ Նորընտիր ավագանին իր կամքից անկախ՝ չի կարող նիստ գումարել, որովհետեւ դա պայմանավորված է դատական ակտով։ Համայնքի բնականոն գործունեությունը խաթարված է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Վանաձորում առավելագույն քվեներ ստացած թեկնածու Մամիկոն Ասլանյանը կալանավորված է։

Նախագծի հեղինակներից ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ ասաց, որ քաղաքի կառավարման խնդիր կա, եւ նախագիծը մի բան էլ դեռ ուշացած է․ «Արամ Վարդեւանյանը շահարկում է, թե մենք ուզում ենք ՏԻՄ-երը զավթել։ Հասկանում եմ, որ ձեր ողջ խոսույթի մեջ ընկած է ձեր անցյալի փորձը։ Այստեղ ոչ Մամիկոն Ասլանյանի հարցն է շոշափվել, ոչ էլ․․․Վանաձոր քաղաքի հարցն է քննարկվում, որը հետո էլ կարող է ծագել խոշորացման արդյունքում»։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ վստահեցրեց, որ որեւէ մեկը մյուսից իշխանություն չի զավթում․ «Սա լուծում է, որն ապահովելու է սահուն անցում մեծամասնականից դեպի համամասնական։ Սա չի լինի այն դեպքում, երբ կունենանք խոշորացված եւ համամասնական կարգով ձեւավորված համայնքներ։ Իշխանական վակուումը հանդուրժել մեծությամբ երրորդ քաղաքում չի կարելի։ Սա կարող է վերաբերել այն դեպքերին, երբ նոր ՏԻՄ մարմինները չեն հասցրել ձեւավորվել։ Եվ խոսքը միայն ժամանակավոր պաշտոնակատարի մասին է»։

Հավելենք, որ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը՝ գտնելով, որ սա ՏԻՄ կառավարումն իշխանության կողմից զավթելու նպատակ ունի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930