Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ: 2020թ. ընթացքում 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Այսինքն` նախորդող տարվա համեմատ 2021թ. վարույթում շուրջ 8.8%-ով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25.2%-ով ավելի շատ անձ:
Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Նրանց թվում են, մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 4 նախարար, 1 փոխնախարար, 3 դատավոր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ տեղակալ` ՆՏԱԴ պետ, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ, ինչպես նաև ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի, քրեակատարողական հիմնարկների, ՊԵԿ-ի, հարկադիր ծառայության տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնող 51 աշխատակից:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև՝
առողջապահության ոլորտի 62 ներկայացուցիչ, այդ թվում պոլիկլինիկայի 2 տնօրեն, բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի 1 նախագահ, կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն, բուժամբուլատորիայի վարիչ, 26 բժիշկ և այլք,
Կարդացեք նաև
կրթության ոլորտի 70 ներկայացուցիչ, այդ թվում՝ ԲՈՒՀ-ի 2 ռեկտոր, 1 պրոռեկտոր, դպրոցի, մանկապարտեզի, ուսումնարանների և այլ ուսումնական հաստատությունների 45 տնօրեն և այլք,
սոցիալական ապահովության ոլորտի 40 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարի նախկին խորհրդական, նախարարության փորձաքննության բաժնի ղեկավար, նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն, սոցիալական ծառայության նախկին պետ, տուն-ինտերնատի տնօրեն, փոխտնօրեն և այլք,
էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 5 ներկայացուցիչ, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական և այլն,
տեղական ինքնակառավարման ոլորտի 172 ներկայացուցիչ, այդ թվում՝ համայնքի 134 ներկա և նախկին ղեկավար, համայնքի ղեկավարի 1 տեղակալ, վարչական շրջանի 2 ղեկավար, գերեզմանատան վարիչ և այլք,
զինված ուժերի 107 ներկայացուցիչ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ ԳՇ ՌԵՊ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, ՊԲ ԿՇ և ԶԲ գծով տեղակալ, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, ՀՀ ՊՆ-ում բարձրագույն սպայական խորհրդատվական խորհրդի անդամ, զինկոմի տեղակալ, հանձնաժողովի նախագահ և այլք,
այլ ոլորտների 45 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին դեսպան, «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» ՀԿ գործադիր տնօրեն, մշակույթի տան տնօրեն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն, մետրոպոլիտենի նախկին տնօրեն, Երևանի քաղաքապետի նախկին օգնական, թատրոնի տնօրեն, բանկի մասնաճյուղի կառավարիչ, անտառտնտեսության 2 տնօրեն, ՋՕԸ նախկին գործադիր տնօրեն, պատկերասրահի տնօրեն և այլն:
Կոռուպցիոն քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացման հրամայականով պայմանավորված՝ դատախազների կողմից վարույթ իրականացնող մարմիններին 2021թ. ընթացքում տրվել է 481 ցուցում, որը 2020թ. (406) համեմատ ավելի է 18.5%-ով: Գործերի քննության ընթացքում օրենքի խախտում թույլ տալու կապակցությամբ կայացվել է հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին 30 որոշում:
Տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրսևորումների, դրանց կատարման նոր՝ կատարելագործված եղանակների հայտնաբերման վերաբերյալ ուսումնասիրությունները և ստացված տեղեկատվության հիման վրա առավել արդյունավետ քննության պլանավորման և իրականցման հիմնական չափորոշիչների սահմանումը։
Շեշտադրում է կատարվել կոռուպցիոն պարբերականություն ունեցող, տարբեր սխեմաների կիրառմամբ, կատարման բարդեցված եղանակով աչքի ընկնող տարբեր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման վրա: Նման դրսևորումներ են բացահայտվել, մասնավորապես քաղաքաշինական, ճարտարապետական և նախագծային աշխատանքների կատարման, հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմաններում հողահատկացումների, մաքսային և հարկային հսկողության ոլորտներում:
Կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը բացարձակ առաջնահերթություն է նաև 2022թ.-ին:
ՀՀ գլխավոր դատախազություն